Շինարարների համար 8 շենքի բնակիչների նախանձով են նայում դիմացի շենքի նորոգված տանիքին

Spread the love
Շինարարների համար 8 շենքի բնակիչների նախանձով են նայում դիմացի շենքի նորոգված տանիքին

Կապանի քաղաքապետարանը օրերս հայտարարությամբ է հանդես եկել․ մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով կառավարության կողմից Կապանին հատկացվելիք գումարներն ուղղված են տանիքների նորոգմանը, սակայն կնորոգվեն այն շենքերի տանիքները, որոնց բնակիչները համաներդրում կանեն և շինաշխատանքների համար կվճարեն անհրաժեշտ գումարի 10-ը տոկոսը։ Հարցը մեկ նպատակով են փորձում նման կերպ լուծել, որ նորոգումից հետո բնակիչները սրտացավ վերաբերմունք ունենան։

«Բանն այն է, որ տանիքների նորոգման գործում վարպետներ,մասնագետներ պետք է աշխատեն և բնակիչները ոչնչով բացի գումարային համաներդրումից օգնել չեն կարող։ Սա թույլ կտա հավատացած լինել, որ մեր աշխատանքը երկար կծառայի իր նպատակին,որովհետև այսօր կան շենքեր, որոնց տանիքները պահեստների են վերածվել, շինարարական աղբ են այնտեղ կուտակում, հարթ տանիքներում խորոված են պատրաստում,ինչն էլ բերում է այն խնդիրներին,որ այսօր ունենք»,-ասում է քաղաքապետի խորհրդական Տիգրան Թադևոսյանը ։

Շինարարների համար 8 շենքի բնակիչները վաղուց են իրենց տանիքի նորոգմանը սպասում, բայց լսելով հայտարարությունը հասկացել են, որ այս ծրագրում փաստորեն իրենց շենքը կրկին չի ընդգրկվի։ Շենքի բնակիչների մեծ մասը թոշակառուներ են։ «Ռմբակոծությունից ամենավնասված շենքերից մեկը մերն է, այսքան ժամանակ ոչ մի օգնություն չենք ստացել, հիմա էլ նոր պայման է առաջադրվել, մենք ի վիճակի չենք»,- շենքի բնակիչներն են բողոքում։

«Ես թոշակառու եմ, և այդ տասը տոկոսը չեմ կարող մուծել, ի վիճակի չեմ, և հինգերորդ հարկի բոլոր բնակիչներն էլ թոշակառու են»։
«Կառավարությունը տանիքը սարքելու համար ամենապակասը 10մլն փող պիտի հատկացնի, դրա 10-ը տոկոսը 1մլն է, մեր շենքի 5րդ հարկում 10 բնակարան կա, այսինքն ստացվում ա ամենքս 100 հազար փող պետք է վճարենք։ Ես չեմ աշխատում , ոնց պետք է տա՞մ։ Եթե ի վիճակի լինեմ էդ 100 հազարը տալու, հենց ինքս էլ կսարքեմ էլի»։

Տարիներ շարունակ դռներ են ծեծել, արդյունքնում միայն հիասթափությունն է շատացել և անպատասխան նամակների կույտը մեծացել։ Իսկ շենքն այս իսկապես տուժել էր և 1993թ․ օգոստոսի 18-ին մուտքերից մեկն ամբողջ 5 հարկով փլվել էր ինքնաթիռի ռումբից։ Բնակիչները միաբերան ասում են, շինարարական աշխատանքներում պատրաստ են օգնել, բայց գումարային ներդրումներ անել չեն կարող։ Սակայն տվյալ ծրագրի պայմաններից այնպես է ստացվում, որ կնորոգվեն այն շենքերը, որոնց բնակիչները քիչ թե շատ ֆինանսական հնարավորություն ունեն իսկ մենք հավերժ կմնանք սպասելիս։

5րդ հարկի բնակարաններից մեկը մտանք։ Բաց երկնքի տակ մնացած տան առաստաղն ամբողջությամբ զգեստաթափ էր եղել։ Ռաֆայել Մելքոնյանն է ժամանակ առ ժամանակ գալիս և ստուգում տան վիճակը, մահացած եղբոր ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալ է ուզում, բայց այսպիսի պայմաններում ոչինչ անել չեն կարող, նորոգեն էլ, նույն վիճակը պետք է լինի։ Համաներդրման համար էլ իրենք ևս գումար չունեն։

Շինարարների համար 8 շենքի բնակիչները նախանձով են նայում դիմացի շենքի նորոգված տանիքին։ Մինչդեռ իրենց թվում էր, թե առաջնահերթ պետք է բուժվեին պատերազմից մնացած վերքերը։

Մարգարիտա Մանուկյան