Տուժողի հարազատները 1,5 տարի փորձում են ապացուցել, որ իրենց որդուն ոչ թե ինքնասպանության են դրդել, այլ սպանել են

Spread the love
Տուժողի հարազատները 1,5 տարի փորձում են ապացուցել, որ իրենց որդուն ոչ թե ինքնասպանության են դրդել, այլ սպանել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մեղրու տարածաշրջանում տեղակայված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան դեպքի առթիվ դատաքննությունը։ Տուժողի հարազատները 1,5 տարի փորձում են ապացուցել, որ իրենց որդուն ոչ թե ինքնասպանության են դրդել, այլ սպանել են։ Ըստ մեղադրական եզրակացության Սարգիս Սահակյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող տղաների հարազատների նյարդերն արդեն չեն դիմանում,18 ամիս շարունակ գործը քննվում է, իսկ տղաները շարունակում են կալանքի տակ մնալ։ Դատական նախորդ նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել վկաներ Գոռ Մարգարյանի և Անդրանիկ Թադևոսյանի գրավոր և նոր բացահայտումներ պարունակող ցուցմունքները որպես ապացույց ընդունելու և գործին կցելու համար։ Այդ փաստաթղթերում նշվում է, որ իրենք ,քննչական մարմինների ճնշման տակ դատական նախորդ նիստերին կեղծ ցուցմունքներ էին տվել,և այժմ հրապարակելով իրողությունը դատարանից պաշտպանություն էին խնդրում։ Նախորդ նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Սեյրան Սահակյանի և Ռուբեն Մարտիրոսյանի ներկայացրած միջնորդությունը նոր քրեական գործ հարուցելու առթիվ այս նիստում դատավոր Նապոլեոն Օհանյանի որոշմամբ մերժվեց ։ Տուժող կողմի փաստաբանների համար նման ընթացքն անակնկալ չէր։

«Առնվազն հեքիաթների աշխարհից պետք է եկած լինեինք, որ հասկանայինք, թե մեր ներկայացրած միջնորդությունները կարող են միանգամից բավարարվել։ Եթե հաշվի առնենք, որ նախաքննությունը մեկ տարուց ավելի քննությունը տարել է այն ուղղությամբ, որ կատարվել է ինքնասպանությունը»,-ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Խչեյանը։

«Փաստաբանի հարցումները Մուշեղ Իշխանյանի կողմից քրեական գործի վրա նոր լույս էին սփռում,նոր հանգամանաքներ էր ներկայացնում,որը ցույց էր տալու հանցագործության կատարման այն հանգամանքները,որը չի բացահայտել նախաքննական մարմինը։ Ակնհայտ է, որ դատարանի վրա ճնշում կա։ Ինչու է դատարանը մերժում, երբ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս և դատարանը պետք է շահագրգիռ լիներ լսելու վկաներին , բայց դատարանը մերժում է և փորձում է կոծկել կատարված հանցագործությունը»,-պարզաբանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ ,իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նոր փաստեր ներկայացրին։ Այս անգամ միջնորդության մեջ ներկայացվում էր , որ դատաձգաբանական փորձաքննության պարզաբանումներում և եզրակացությունում հակասություններ կան։ Զինվորական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը մանրամասնեց, որ Թովմաս Մնացականյանի զինվորական համազգեստի վրա պղնձի մետաղացման հետքերը նոր արգասիքներ են։

«Երբ կրակոց է արձակվում , զենքի փողից դուրս է գալիս բոց, մուր, վառոդի այրվածքից առաջացած մասնիկներ և պղնձի փոշի։ Եվ փաստորեն, կրակոցի պահին եթե մենք գտնվեինք դեպքի վայրում, ապա մեր հագուստների վրա կմնային այդ պղնձի հետքերը։ Մենք չենք ճանաչում, չգիտենք, ով է Թովմաս Մնացականյանը, բայց մեր փորձաքննությունից ակնհայտ պարզ է դառնում, որ կրակոցի պահին դեպքի վայրում գտնվել է նաև Թովմաս Մնացականյանը, ինչի մասին էլ փաստել են վկաները»։

Հակասությունների վերաբերյալ վերջնական պարզաբանումներ ստանալու համար ներկայացված միջնորդությունը լրացուցիչ դատաձգաբանական փորձաքննություն անցկացնելու համար էր։ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Գագիկ Մաիլյանը հայտնեց իր դիրքորոշումը․ցանկալի է ոչ թե փորձաքննություն անցկացվի, ինչը ևս որոշ ժամանակով կձգձգի դատաքննությունը, այլ հաջորդ դատական նիստին փորձագետ հրավիրվի։ Դատավոր Նապոլեոն Օհանյանի որոշմամբ, մինչև դատաձգաբանական լրացուցիչ փորձաքննություն նշանակելը կարճ ժամանակահատվածում դատարան կհրավիրվի փորձագետ։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 17-ին։

Մարգարիտա Մանուկյան

Լուսանկարը՝ Forrights.am-ից