Ազատամարտիկ Անդրանիկ Ոսկանյանը այսօր կդառնար 40 տարեկան

Spread the love
Ազատամարտիկ Անդրանիկ Ոսկանյանը այսօր կդառնար 40 տարեկան

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել դասարանները անվանակոչել ազատամարտիկ շրջանավարտների անունով։ Արցախյան պատերազմում անհայտ կորած Անդրանիկ Ոսկանյանը այսօր կդառնար 40 տարեկան, սակայն անվան դիմաց միայն անմահության բազմակետեր թողեց։ Երիտասարդը մի վայրկյան անգամ չվարանելով զենքը ձեռքը վերցրեց և մեկնեց մարտի դաշտ. հայրենիքը վտանգի մեջ էր։

2-րդ «ա» դասարանցիները խոստացան լինել քաջարի զինվորի արժանի հետնորդները և բարձր պահել նրա անունը։

Անդրանիկ Ոսկանյանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Խանբեկյանը հպարտությամբ և միևնույն ժամանակ ափսոսանքով է հիշում իր Անդրանիկին։ Հիանում էի նրա ռուսերենի իմացությամբ, ասում է ուսուցչուհին,- նրա առոգանությունից անգամ զգացվում էր, թե ինչ հաճույքով է սովորում այս լեզուն։ Իսկ միջոցառման կազմակերպիչ Ստվելանա Աղաբեկյանը թեև շատ քիչ է ազատամարիտիկին դասավանդել, սակայն հպարտ է, որ իր դասարանը անվանակոչվեց հայրենիքի զինվորի անունով։

Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը իր շնորհակալական խոսքը հղեց Անդրանիկի ծնողներին՝ նման որդի ծնելու և դաստիարակելու համար։ Հավաստիացրեց, որ ազատամարտիկը անմահ է իր սխրաքներով և երբեք չի դասվի հասարակ մահկանացուների շարքը ու բացակա չի դրվի նրա անվան դիմաց։

Անվանակոչված դասարանի բացման իրավունքը տրվեց ազատամարտիկի եղբոր որդուն՝ 6 ամյա Հայկին։

Հերոսի եղբայրը, ով ես զինվորական է և շարունակում է նրա գործը հպարտ է, որ քաջարի զինվորի անունը չի մոռացվել ու պայքարն էլ անիմաստ չի եղել։ Նրանց շնորհիվ է, որ այսօր ապրում ենք խաղաղ պայմաններում։

Ազատամարտիկի հայրն ու մայրն էլ մաղթեցին որ այսուհետ դասարանները անվանակոչվեն գիտնականների, մանկավարժների և այլոց անունով, բայց ոչ երբեք զոհված ազատամարիտիկի ու թող այլևս ոչ մի մոր աչքեր որդու կորստից չարտասվեն։

Հաստատության տնօրենի առաջարկով նաև դասարանում Անդրանիկի անունով նստարան ու սեղան կառանձնացվի, որին նստելու իրավունք կստանան ուսման առաջավորները։

Ազատամարտիկ Անդրանիկ Ոսկանյանը այսօր կդառնար 40 տարեկան

Լիլիթ Գևորգյան