Ի՞նչ որոշում է կայացվել Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի հարցով

Spread the love

Ի՞նչ որոշում է կայացվել  Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի հարցովԱպրիլ 06, 2014 | 00:01

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի հայցը բավարարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

«Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական եւ տրամադրել ենք ապաստան Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա:

NEWS.AM

Հիշեցնենք, որ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել  է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը  հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ  հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել  եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը  որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

NEWS.AM