Պարզվեց՝ ոստիկաններն ավելի լավ են խաղում

Spread the love

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր՝ ապրիլի 5-ին, կազմակերպվել էր ընկերական մրցաշար ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական, պալատի մարզամշակութային ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը և ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ՙԴինամո՚ ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը:

Խաղի կազմակերպիչներն ողջունել են մասնակիցներին և ընդգծել, որ այս ընկերական մրցաշարը իր տեսակով առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում:

Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը բացման իր խոսքում նշել է. ՙԱյս մրցաշարը հնարավորություն է տալիս ամրապնդել ոստիկանների և փաստաբանների միջև բարիդրացիական կապը, որի նպատակը երկու կողմերի միջև իրավապաշտպան և իրավապահպան, գործնական, աշխատանքային հարաբերություններում իրականացնել ավելի արդյունավետ և հանդուրժողական, համատեղ աշխատանք, ինչից շահում է մեր հասարակությունը՚:

Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից ողջունել է խաղի մասնակիցներին և մաղթել հաղթանակ:

Խաղը վարում էր միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Մրցակիցները մրցել են շերենինգենյան ոճով:

Յուրաքանչյուր կողմից ներկայացվել են վեցական ներկայացուցիչներ: Անզիջում մրցապայքարում ՀՀ ոստիկանության թիմը 19,5 -16,5 հաշվով հաղթել է ՀՀ փաստաբանների թիմին: Անհատական մրցապայքարում լավագույն խաղացողներ են ճանաչվել փաստաբանների թիմից Արմեն Վարդանյանը, իսկ ոստիկաններից՝ Դերենիկ Ուզունյանը:

 Փաստաբանների պալատի լրատվական ծառայություն

Источник: www.a1plus.am