Երաժշտություն առարկան հանրակրթական դպրոցներում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երաժշտություն առարկան հանրակրթական դպրոցներում


Երաժշտություն առարկան հանրակրթական դպրոցներում

 

Հեղինակ.

 

Երաժշտություն առարկան հանրակրթական դպրոցներում


Երաժշտություն առարկան բոլոր դպրոցներում չէ, որ հավուր պատշաճի է մատուցվում։ Հաճախ անտեսվում է դրա կաևորությունը, մինչդեռ երաժշտությունը ի զորու է ճաշակ կրթելու , մարզելու հիշողությունը, նպաստելու այլ առարկաների արագ յուրացմանը։ Այս առումով Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում լրջորեն են մոտենում դասավանդվող առարկային։

Երաժշտական դաստիարակություն ստացող սերունդներից գուցե քչերը երաժիշտներ դառնան, բայց դա չի նշանակում, որ մյուսներին այն պետք չէ։ Հակառակը, այն առաջին հերթին մարդ է դաստիարակում՝ այս համոզումն ունեն գրեթե բոլոր երաժիշտները։ Իզուր չէ, որ մայրերին, ինչպես նաև հղիներին խորհուրդ է տրվում դասական ստեղծագործություններն օրակարգային դարձնել։ Երեխաներին վաղ տարիքից երաժշտության հետ կապելը ճաշակ է ձևավորում, սովորեցնում է գնահատել ճիշտ արժեքներ, զերծ մնալ ագրեսիայից և ավելի կենսախինդ լինել։ Դպրոցական ծրագրում Երաժշտություն առարկայի առավելությունները փորձեցինք պարզել Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում։ IV ա դասարանում այդ կենսախնդությունը զգացվեց հենց առաջին վայրկյանից։

«Երեխաները գեղագիտական ճաշակ են ձեռք բերում, ծանոթանում են մեր երաժշտության ակունքներին, սկսում ենք ակունքներից մինչև հանրամատչելի երաժշտության հասնում ենք։ Երեխաները ծանոթանում են օրինակ՝ հայ կոմպոզիտորներն իրենց մեծածավալ ստեղծագործությունների մեջ ժողովրդական երգեր են օգտագործում, իրենք գիտեն, որ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի մեջ Քելե-Քելե երգն է։ Երբ լսում են, արդեն անմիջապեսկռահում են։ Նաև ծանոթանում են երաժշտության տեսակներին, երգ պար քայլերգ, օպերա, բալետ, սիմֆոնիա»,- ասում է ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը։

Նշված ստեղծագործություններին ծանոթացնելու համար ուսուցչուհին հաճախ ունկնդրումներ է կազմակերպում դասարանում, կամ հանձնարարում է տանը լսել հատվածներ հայտնի ստեղծագործություններից։ Ուշադրությունը կենտրոնացնելու գործում երաժշտությունը լավ օգնական է, իսկ հատկապես խմբակային երգելաձևն օգնում է երեխաներին լսելու ոչ միայն իրենց ,այլև ընկերներին, այսպես ձևավորվում է նաև ուսուցչուհուն լսելու ունակությունը։ Այն նաև օգնում է գեղեցիկ արտահայտել մտքերը, ինչպես նաև լավացնում է հիշողությունը, քանի որ երգերի բառերը սովորելով աշակերտներն առավել հեշտ են բանաստեղծություններ սովորում։ Ուսուցչուհուն ուրախացնում է նաև այն փաստը, որ աշակերտները ոգևորված են առարկայով, անգամ բարձր դասարաններում դեպի հայկական և հոգևոր երգերը մեծ հետաքրքրություն է նկատվում։

«Երբ խոսում ենք դրսում, ասում են չէ, հիմիկվա երեխաները դեպի ռաբիզն են և այլն։ Բայց 7-րդ դասարանում դասական և հոգևոր դասեր ենք անցնում , ես մնացել եմ զարմացած և շատ ուրախ եմ, երեխաներ կան, որ Առավոտ լուսոն շատ գեղեցիկ կատարում են, և ասում են, որ հանգստանում են այդ երաժշտությամբ»։

Այս ամենից բացի դպրոցականները առարկայի շրջանակներում նաև սոլֆեջիո են ուսումնասիրում։ Նախկինում դպրոցական ծրագրում ընդգրկված «Երգ-երաժշտություն» առարկան այսչափ սեր չէր վայելում աշակերտների մեջ, այսօր գուցե ծրագրերի ընդլայնման և տեխնիկական հնարավորություններին մեկտեղ աճել է նաև հետաքրքրությունը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!