Կապանում, մինչ օրս, աղմկողի ձեռքը ոչ-ոք չի բռնել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում, մինչ օրս, աղմկողի ձեռքը ոչ-ոք չի բռնել


Կապանում, մինչ օրս, աղմկողի ձեռքը ոչ-ոք չի բռնել

 

Հեղինակ.

 

Կապանում, մինչ օրս, աղմկողի ձեռքը ոչ-ոք չի բռնել


Երեկոյան ժամերին աշխատանքից հետո հոգնած և տանը հանգստություն փնտրող մարդկանց հաճախ նյարդայնացնում է փողոցից ներխուժող աղմուկը։ Քաղաքն աղմկոտ է դարձել, և դրան նպաստում են և օրեցօր շատացող մեքենաները և տոների ու տարատեսակ միջոցառումների հերթափոխները։ Սակայն այս ամենի հիմքում մարդկային գործոնն է։ Նույն մեքենան այդքան չի աղմկի, եթե վարորդը մտածի ոչ միայն իր հարմարության, այլև շրջապատի մասին։ Ասենք գիշերվա ժամը 2-ին կարելի է ազդանշանը հնչեցնելու փոխարեն զանգել ընկերոջը, կամ մի ողջ շենքի բնակչությանը երաժշտության բարձր հնչողությամբ իմաց չտալ իրենց շենքին մոտենալու և հեռանալու այդչափ նշանակալից իրողության մասին։ Սրանք համակեցության տարրական կանոններ են, որ պետք է իմանա ցանկացած գիտակից մարդ, բայց... Մարդիկ շարունակում են անքուն մնալ ինչ-որ մեկի ուրախության տոնի հրավառության աղմուկից, նորածիններն էլ լացով բողոքել՝ իրենց մոր օրորոցայինի փոխարեն թուրքաարաբական երգերի կլկլոցից։ Այս խնդրով մտահոգ են նաև մեր հարցմանը մասնակցած կապանցիները։

«Իհարկե, շատա անհանգստացնում, բանուկ փողոցում աղմուկը շատ է, մեքենաների շչակների ձայներն էլ մի կողմից։ Լինում են դեպքեր, երբ մեքենաները գալիս կանգնում ու բարձր երաժշտություն են միացնում , հաճախ է լինում»։
«Օրինակ վերցնենք էս ներքևի ռեստորանը, մանավանդ երբ ինչ-որ խնջույք է լինում, չեմ ասում, թե չուրախանան, բայց էնպիսի պայթեցումներ են անում, որ բավականին անհանգստացնում է»։
«Երաժշտություն են միացնում, դրախկա-դրախկ, սիգնալ են տալիս իրար, կամ մեքենան միացնում են, վժժացնում, մեքենան քիչա մնում թե պայթի։ Խանգարումա էլի»,- ասում են տարեցները։

Երբ հարևանդ ամեն առավոտ ժամը 5-ին որոշում է ստուգել մեքենայի շարժիչը, մյուս անծանոթը փողոցով մեկ գոռգոռում է հեռախոսով, իսկ հարակից ուրախության սրահներն էլ դրանց են ավելացնում իրենց երաժշտական և հրավառության ձայները՝ աղմուկների այս տեղատարափից հույս ես ունենում ազատվել օրենքի ուժով։ Բայց այստեղ ևս դրվում է բազմանշանակ բայցն իր բազմակետերով...Օրենքը կա, երեկոյան 11-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լռությունը խախտողները պետք է ենթարկվեն վարչական տույժի։
«Առաջին կետով նախազգուշացնում են, 2րդ կետով՝ նվազագույն աշխատավարձի 40-նապատիկի չափով տուգանում։ Իսկ եթե հրավառությունն է աղմուկի աղբյուրը՝ նախազգուշացումից հետո շարունակվելու դեպքում, նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով տույժ և տուգանք է սահմանված» ,- սրանք Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նորայր Հարությունյանի խոսքերն են։ Մինչ այսօր, քաղաքապետարանում ոչ մի տուգանք չի գրանցվել, գուցե նրանից, որ մարդիկ չեն էլ բողոքում։

«Ենթադրենք թե անհանգստացնումա, բայց ի՞նչ կարող ենք անել, ոչինչ»։

Մի խոսքով, ոչ ոք չի տուգանվել։ Սա նշանակու՞մ է արդյոք, թե քաղաքում երանավետ անդորր է։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!