Մի դժբախտ պատահարի պատմություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մի դժբախտ պատահարի պատմություն


Մի դժբախտ պատահարի պատմություն

 

Հեղինակ.

 

Լուսանկարը Գագիկ Շամշյանի




Արցախից Երեւան վերադառնալու ճանապարհին, ապրիլի 21-ի երեկոյան, Արարատի մարզի սկզբնամասում՝ ժողովրդական լեզվով ասած Քյարքիի ոլորանների վրա, ականատես եղա ողբերգական պատահարի: Մեքենան գլորվել էր ձորը, վարորդը՝ մի տարեց մարդ, մի կերպ բարձրացել էր ձորից ճանապարհ, գրկին 3-ամյա մի երեխա, երկուսն էլ արնաշաղախ: Նա ճանապարհի մեքենաներից օգնություն էր խնդրում:

Հաջորդ օրը, ապրիլի 22-ին, shamshyan.com կայքում, ընթերցեցի ողբերգության մասին տեղեկությունը. «Mercedes մակնիշի 30 ՍՍ 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի եթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 57-ամյա Սվետլանա Ալեքսանյանը, 42-ամյա Գագիկ Առուստամյանը տեղում մահացել են, և մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարական վարչության աշխատակիցները և թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները և ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի աշխատողները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերվել ավտոմեքենայի վարորդ, 58-ամյա Ժորա Առուստամյանը, ուղևորներ, 3-ամյա Բարմեն Առուստամյանը, որոնք շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 37-ամյա Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի բժշկական կենտրոն»:

Այդ տեղեկատվությունն ընթերցելուց հետո, որոշեցի անդրադառնալ կատարվածին, որպես անմիջական ականատես: Տեղեկությունը հաղորդել էր լրագրող Գագիկ Շամշյանը:

Բանն այն է, որ ինֆորմացիան այդքան էլ չի արտացոլում բուն իրականությունը, ինչը մարդկային ողբերգությունից բացի, արտացոլում էր այն անկազմակերպությունը, բարձիթողությունը, որ տիրում է համապատասխան կառույցներում, որոնք պետք է գործողություններ կատարեն այդպիսի դեպքերում:
Ճանապարհը թաց էր (սահող), իսկ այդ հատվածը, իմ՝ որպես ոչ մասնագետի կարծիքով, առնվազն չի համապատասխանում ճանապարհների անվտանգությանը ներկայացվող պահանջներին: Սկսվում է կտրուկ շրջադարձ, մինչդեռ սև-սպիտակ գունավորված երկաթյա արգելապատնեշներ կամ կարմիր և սպիտակ շրջադարձ ցույց տվող վահանակներ, դեպի Երեւան եկող վարորդի համար, տեսանելի չեն: Այն դեպքում, երբ ճանապարհի թեքությունն ու կտրուկ ոլորանը մեծացնում են վտանգը:
Ինչպես նշեցի վերեւում, ոլորանը թեքվելով նկատեցինք հիսունն անց արնաշաղախ դեմքով տղամարդու: Անմիջապես կանգնեցինք, հասկանալու համար, թե ինչ է պատահել եւ ինչ օգնություն կարող ենք ցուցաբերել: Մինչ այդ, նրան առաջինը տեսել էր մեկ այլ մեքենայի վարորդ, որը ևս կանգնել էր և մոտեցել օգնելու: Անցնող մեքենաները աստիճանաբար կանգնում էին, եւ հավաքված մարդիկ ավելանում էին:
Այդ տարեց մարդը գիրկն էր վերցրել փոքրիկ երեխային՝ որի դեմքը ևս արնաշաղախ էր, և մի կերպ բարձրացել էր դեպի ճանապարհը: Հավաքված ժողովրդի ջանքով, տարեց մարդն ու երեխան անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց: Նրանցից բացի, շրջված մեքենայի մեջ կար եւս չորս անձ: Հավաքված մարդիկ փորձում էին զանգարահել շտապօգնություն, սակայն ապարդյուն:
Թե ինչու նրանցից որեւէ մեկի մոտ չէր ստացվում որեւէ կերպ կապվել շտապօգնության որեւէ կայանի հետ, միգուցե մարզային կամ հանրապետական պատասխանատու կառույցները կիմանան, եթե նրանց ընդհանրապես հետաքրքրում է այդ խնդիրը եւ նրանք ընդհանրապես իրենց այլ գործառույթ պատկերացնում են, ընտրություններում վարչական ռեսուրս աշխատելուց բացի:
Մենք կողմնորոշվեցինք եւ զանգահարեցինք ԱԻՆ 911 ծառայություն: Բարեբախտաբար այդ կապը ստացվեց եւ դրա միջոցով նաեւ փաստորեն տեղեկացվեցին ոստիկանությունն ու շտապ օգնությունը: Եթե այդօրինակ պատահարների դեպքում գործող հեռախոսահամարը 911-ն է, ապա ինչու ճանապարհների հատկապես վտանգավոր մասերում տեղադրված չեն ցուցանակներ: Միթե բիոզուգարանների համար 125 միլիոն դրամ ծախսող կառավարության համար բարդ խնդիր է ցուցանակներ տեղադրելը:
Մինչ շտապ օգնության ժամանումը, հավաքվածներից մի քանիսը սեփական ուժերով ձորից դուրս բերեցին երկու վիրավորի:
Միայն այդ ամենից հետո ժամանեց շտապօգնության մեքենան, իսկ դրանից հետո մեկ ՃՈ մեքենա: ՃՈ մեքենան բավականին հանգիստ ու հանդարտ մոտեցավ…, կանգնելու համար հարմար տեղ ընտրեց, ոստիկանն իջավ մեքենայից և մեկ երկու հոգու հարցուփորձից հետո հանգիստ հետևում էր տեղի ունեցողին և զանգահարում ու զեկուցում ինչ որ Գուրգենիչի կամ Գրիգորիչի: Մեր հորդորներին՝ ևս մեկ շտապօգնություն կամ փրկարար մեքենա կանչել՝ մեքենայի մեջ գտնվող երկու անձանց մասին հոգ տանելու համար, նա արձագանքեց, որ իմաստ չունի, քանի որ նրանք արդեն մահացած են: Այդպես էին ասել մեքենայի մոտ իջած անձինք:
Իհարկե, հնարավոր է, որ նրանք արդեն մահացած էին, սակայն չէ որ սովորական քաղաքացին բժիշկ չէ և չի կարող միայն զարկերակից հասկանալ` մարդը մահացած է, թե ոչ: Ինչեւէ, մեր հորդորները ոչնչի տեղ չանցան, և այդպես էլ ոչ շտապօգնության բժիշկը, ոչ էլ ոստիկանը չփորձեցին ստուգել և իրենք հավաստիանալ, թե արդյոք այդ անձինք արդեն մահացած էին:
Մինչ նրանց ժամանումը ձորից ժողովրդի ջանքով դուրս բերված մոտ 10-ամյա երեխան մահացավ շտապօգնության մեքենայի մեջ, իսկ մորը տեղափոխեցին հիվանդանոց նույն մեքենայով` աղջկա դիակի հետ միասին:
Այդ ամենի վերջում ժամանեց ԱԻՆ “մարտական հաշվարկը”, ինչպես նշված էր մամուլի տեղեկատվության մեջ: Հաշվարկն այնքան մարտական էր, որ ժամանել էր սպիտակ գույնի Վոլգա Գազ 31 մեքենայով: Փրկարարական մարտական հաշվարկին մնացել էր միայն դուրս բերել երկու զոհերի դիերը:
Դա ի գիտություն բոլոր այն կառույցների, որոնք ԱԻՆ այս կամ այն հանդիսավոր օրվա կամ այս կամ այն տեխնիկայի ստացման կապակցությամբ հանդիսավոր շքերթներ են կազմակերպում Երեւանում:
Պատահարը ողբերգական էր: Ականատեսներից շատերն արտասվում էին: Պետք է շնորհակալություն հայտնել մարդկանց, որոնք կանգնեցնում էին մեքենաները եւ փորձում օգնել տուժածներին:
Տխուր են նաեւ այն հետեւությունները, որ հնարավոր է անել տեղի ունեցածին համապատասխան կառույցների արձագանքի մասով:
Այդ կառույցների երեւանյան կենտրոնակայանները, կենտրոնական ղեկավարությունները զբաղված են Երեւանում իրենց քարոզչությունն ապահովելով, իսկ թե ինչ վիճակ է մարզային ծառայություններում, նրանց երեւի թե քիչ է հետաքրքրում:
Նախ, մենք չունենք անվտանգ ճանապարհներ: Երբ առանց այդ էլ լանդշաֆտի պատճառով ճանապարհները վտանգավոր են ինքնին, անվտանգության միջոցների ձեռնարկումը դառնում է չափազանց կարեւոր խնդիր:
Իհարկե, ՃՈ ներկայացուցիչները եւ քննությունը կպարզեն, որ վարորդն է մեղավոր, պետք չէ արագություն գերազանցել, պետք է ուշադիր վարել և այլն, և այլն: Այդ ամենը ճիշտ է, բայց հնարավոր չէ աշխարհում գտնել թեկուզ մեկ վարորդ, ով գիտակցաբար անուշադիր է վարում: Այլ հարց է, որ քանդված, քարքարոտ, նշաններով եւ ուղենիշերով չհագեցած ճանապարհն օբյեկտիվորեն հոգնեցնում է վարորդին, ով անկախ իրենից սկսում է կորցնել կենտրոնացումը: Ի վերջո, վարորդը կարող է նաեւ սխալվել: Դրա համար էլ պետք է կարգավորել ճանապարհները, ապահովել անվտանգությունը, որպեսզի այդ սխալները չդառնան ճակատագրական կամ հնարավորինս նվազի այդպիսի ճակատագրականության հավանականությունը:
Ճանապարհների ամենավտանգավոր հատվածներում տեղ տեղ բացակայում են արգելապատնեշները: Եղածներն էլ այնպիսին են, որ հազիվ թե էապես պահեն մեքենաները անդունդը գլորվելու վտանգից: Մինչդեռ կան ոլորաններ, որտեղ հուսալի պատնեշները ուղակի անհրաժեշտություն են:
Դա իհարկե ծախսեր է պահանջում, բայց երբ փողի բացակայությունից դժգոհում են պաշտոնյաներ, երբ այդ նույն պաշտոնյաները կարող են տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ վատնել արտաքին ատրիբուտներով հասարակության աչքին թող փչելու եւ հետո էլ գրեթե նույնքան փող ծախսել իրենց գովազդը կազմակերպելու համար, ապա փողի բացակայության մասին նրանց բացատրությունները պարզապես զազրելի են դառնում:
Մյուս կողմից, ճանապարհային ոստիկանության և ԱԻՆ աշխատանքի օպերատիվության հարցն է առաջանում: Բոլորս տեսնում ենք, թե ինչ արագությամբ են նրանք սուրում օրինակ Երեւան քաղաքում հասարակ մի գծանշում խախտած վարորդի հետևից:
Մինչդեռ հանրապետական նշանակության ճանապարհներին պարեկություն գրեթե չկա, իսկ այդ դեպքի վայր ՃՈ եւ ԱԻՆ ծառայությունների ժամանումը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, օպերատիվ չէր:
ԱԻՆ մարտական հաշվարկը ժամանել եր մասնավոր անձի մեքենայով: Տեսանք, որ ուներ պատգարակ, սակայն կասկածում եմ, որ փրկարարական աշխատանքների կատարմանը պատրաստ էին: Չէ որ հնարավոր է երկաթը կտրող սղոցների, մկրատների և այլնի կարիք լիներ: Դժվար թե այդ ամենը կար այդ մասնավոր Վոլգայի մեջ:
Եվ ի վերջո շատ տարօրրինակ էր շտապօգնության ժամանման հանգամանքը: Պետք է ասել, որ անձնակազմն ամեն ինչ անում էր օպերատիվության համար, արագ էին աշխատում, սակայն պարզ էր, որ վիրավորներին տեղում արագորեն օգնելու, հարկ եղած դեպքում բժշկական օպերատիվ միջամտություն իրականացնելու առանձնակի հնարավորություններ չունեին: Եվ դա այն դեպքում, երբ նման իրավիճակներում շատ հաճախ ճակատագրական կարող է լինել ամեն մի րոպեն եւ անգամ ամեն մի թեթեւ շարժումը:
Այսինքն, շտապօգնության այդ մեքենան ըստ էության ուղղակի տրանսպորտային միջոց էր: Միաժամանակ տարօրինակ էր, որ ժամանել էր շտապօգնության միայն մեկ մեքենա, և բժիշկը ցանկանում էր մեկին տեղափոխել և հետո վերադառնալ երկրորդ վիրավորի հետևից, այն դեպքում, որ տեղեկացված էին տուժողների 6 անձ լինելու մասին:
Ինչևէ, ականատես ես լինում նման դժբախտ պատահարի, ապա կարդում այդ մասին հաղորդագությունները և հասկանում, որ մեր համապատասխան ծառայություններն ընդամենը ֆիքսում են իրավիճակը: Էական օգնություն դժվար թե լինի ակնկալել: Մինչդեռ, ականատես լինելով նման ողբերգությունների դեպքի վայրում, սկսում ես մտածել, թե արդյոք ինպիսին է այդ ծառայությունների աշխատանքը այլ պատահարների դեպքում եւ որքան զոհեր են լինում միայն այն պատճառով, որ ցուցաբերված օգնությունը միայն հետագա տեղեկատվական հոսքերում է լինում օպերատիվ:
Քաղաքացի, որը ականատես է եղել Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարին


Lragir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!