Կապանի մուտքերը լուսավորված են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի մուտքերը լուսավորված են


Կապանի մուտքերը լուսավորված են

 

Հեղինակ.

 

Կապանի մուտքերը լուսավորված են


Մի քանի օր է Կապան մտնող յուրաքանչյուր մարդու ողջունում է քաղաքի անունը կրող այս տարբերանշանը։ Երկու ամսվա աշխատանքների արդյունքում վերջապես կանգուն ու պատրաստ տառերը գիշերը լուսավորում են տարածքն ու բարի գալուստ ասում անցնող-դարձողին։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վաղուց քաղաքի երկկողմանի մուտքերը բարեկարգելու մտադրություն ուներ, սակայն գործին նոր թափ ու շունչ հաղորդեցին մի խումբ երիտասարդ կապանցիների ֆեյսբուքյան գրառումները։ Նրանք պայմանական նկար տեղադրելով խնդրել էին քաղաքում նման տարբերանշան տեղադրել։

«Երիտասարդների մտահղացումը,որին տեղեկացանք ֆեյսբուքի իրենց էջից, ողջունվեց, բավականին հետաքրքիր առաջարկություն էր, և որոշակի քննարկումներից, նախագծին վերջնական լուծում տալուց հետո ՝ քաղաքապետարանի կողմից պատվիրվեց։ Ֆինանսավորվել է «Կապան» բարեգործական հիմնադրամի կողմից, աշխատանքները մոտ երկու ամիս են տևել և արդյունքում ունեցանք այն, ինչը քննարկում են ոչ միայն դիմող երիտասարդները ,այլև մյուս քաղաքացիները»,-նշեց քաղաքապետը։

Տարբերանշանին հարակից տարածքը դեռևս վերջնականապես բարեկարգված չէ։ Նույն վայրում գտնվող երկու հուշաքարերը հարազատների համաձայնությամբ քաղաքապետարանը իր ծախսերով կտեղափոխի այլ վայրեր։ Կնորոգվի նաև հին խորհրդանիշը,այժմ այն ամբողջովին խարխլված է ։ Դա ևս կլուսավորվի։
Իսկ ահա նոր կառույցն այնքան էլ ծախսատար չէ և ամսական 60 կիլովատ հոսանք է խլում, գիշերային ժամերին լուսային դիոդներն ավտոմատ կերպով միանում և անջատվում են՝ իհարկե խնայողական ռեժիմով։

Ի դեպ, քաղաքապետը տեղյակ է նաև դժգոհող մեկնաբանություններից ։ Կային քաղաքացիներ, որոնք այս նախաձեռնությունն ավելորդ ծախս էին համարում, փոխարենը շեշտադրելով այլ խնդիրներ։ Աշոտ Հայրապետյանը նշեց,որ ինքը բնականաբար քաջատեղյակ է քաղաքի խնդիրներին։ Տարբերանշանի կապակցությամբ կարծում է, որ եթե հին նախագծով ծրագրված կամարե մուտքը պատրաստեին, բնակիչների բողոքը տեղին կլիներ, քանի որ այն իսկապես և՜ մեծ չափսերի և մեծ ծախսերի կոթող էր ներկայացնում՝։ Ուստի սա առավել նպատակահարմար էր ՝ թե իր և թե բնակիչների մեծամասնության համար ։

Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շեշտեց, որ նման մտահղացումներին մշտապես տեղ է տալու և լավագույնները փորձելու է իրագործել, այնպես որ քաղաքի ակտիվ երիտասարդության թարմ մտքերը միայն օգնելու են իրեն աշխատանքային գործունեության մեջ։

Մ. Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!