Նախարար Յուրի Վարդանյանի որդին պատմում է, թե ինչպես է ձեռք բերել թմրամիջոցը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նախարար Յուրի Վարդանյանի որդին պատմում է, թե ինչպես է ձեռք բերել թմրամիջոցը


Նախարար Յուրի Վարդանյանի որդին պատմում է, թե ինչպես է ձեռք բերել թմրամիջոցը

 

Հեղինակ.

 

Նախարար Յուրի Վարդանյանի որդին պատմում է, թե ինչպես է ձեռք բերել թմրամիջոցը


Փետրվարի 14-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` 29-ամյա Դավիթ Վարդանյանի գործով դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2013թ-ի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 12-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում առանց իրացնելու նպատակի ընդհանուր 106 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց գնելու համար, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ և կուլ տվել, իսկ մնացածը պահել ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով ՝ անցկացրել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով։ 15 րոպեով հետաձգված դատական նիստում ամբաստանյալի պաշտպան Վահան Հայրապետյանը շեշտեց այն փաստը, որ երիտասարդը թմրամիջոցը փաթաթել է ոչ թե մատնոցների, այլ ռետինե ձեռնոցի մեկ մատնոցի մեջ։ Բայց ըստ պաշտպանող կողմի, սա դեռևս ամենաչնչին անհամապատասխանությունն է։

«Երբ Դավիթ Վարդանյանը ԻԻՀ-ից մուտք է գործել ՀՀ Մեղրու մաքսակետով,քննիչը անհասկանալի միտումով չի հարցաքննել մաքսավորներին և չի պարզել ովքեր են կատարել Դավիթ Վարդանյանի մաքսային զննումը՝ պարզելու,թե ինչ փաստաթուղթ կամ հայտարարագիր է գրանցվել այդ օրը ,երբ պաշտպանյալս հատել է սահմանը։ Եթե օպերատիվ տվյալներով հայտնի է եղել, որ Դավիթ Վարդանյանը մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է տեղափոխում Հայաստան, ապա ինչու՞ նրան չեն ձեռբակալել հենց մաքսակետում»,-ասել է Վահան Հայրապետյանը ։

Պաշտպանողը միջնորդեց որպես վկաներ ցուցմունք տալու համար դատարան հրավիրել Դավիթ Վարդանյանին մաքսային զննում կատարած Մեղրու մաքսակետի մաքսավորներին։ Սակայն մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց իր դիրքորոշումը, ըստ որի մաքսավորներին հրավիրելու կարիք չկա, քանի որ դա տակտիկական օպերացիա էր,որը ենթադրում էր բացահայտել թմրանյութերի իրացման խնդիրը։ Այնուամենայնիվ, դատավորի խոսքով, դատաքննության այս փուլում միջնորդություն ներկայացնելը դեռևս վաղ է։ Մեղադրող կողմն ընթերցեց մեղադրական եզրակացությունը, ինչից հետո ըստ կարգի դատավոր Նապոլեոն Օհանյանը ամբաստանյալից պարզեց, որ վերջինս իրեն մեղավոր է համարում միայն թմրամիջոցը ձեռք բերելու և օգտագործելու մեջ։ Դավիթ Վարդանյանի պնդմամբ, ինքը ոչ թե Իրանում է գնել թմրամիջոցը, այլ Ագարակի գազալցակայանում կայանած իրանցիներից։ Ինքն այնտեղ էր գնացել ծխախոտ գնելու։ Հանդիպեց իրանցի երիտասարդներին, հարցրեցին ծխախոտ որտեղից կարող են գնել՝ և տեղը ցույց տվեց և իր ձեռքի տուփից հյուրասիրեց,ծանոթացան, ասում է անգլերեն էինք խոսում։

« Ծխախոտ տվեցի, կրակայրիչ ուզեց,տվեցի, կատակով հարցրեց ծխում ե՞ս,ասեցի ծխում եմ, սիգարետ և ուրիշ բաներ։ Առաջարկեցին, ես էլ ասացի այո,ուզում եմ, ոնց կարող եմ ձեռք բերել, այն մտքով,որ ինքը ինձ պիտի մի քիչ ծխելու տար։ Բայց հարցրեց ինչքան գումար կարող ես տալ, երկու հազար դրամից բացի մոտս կար նաև հարյուր ամերիկյան դոլարանոց,ասեցի էսքան որ տամ, ինչքան կարաս տաս, ասաց սպասի հեսա կգամ։ 10-15 րոպե հետո ձեռով կանչեց, մոտեցա իրան, ինձ տվեց շոկոլադե պլիտկայի չափ, ես էդքան չէի տեսել,արագ սեղմել եմ, դրել գրպանս և հեռացել եմ»։

Ամբաստանյալը պատմում է, որ զանգվածի մի կտորը գիշերը ծխել ու քնել է, իսկ առավոտյան պոկած կտորի մնացորդները տեղավորել է իր ուղեկցի՝ հոր ընկերոջ՝ Կարապետ Գևորգյանի պայուսակից հանած ռետինե ձեռնոցի մատնոցի մեջ և տեղավորել իր ջինսե տաբատի գրպանում։ Կարապետ Գևորգյանն այդ պահին հյուրանոցի ճաշասրահում սպասել է իրեն, որ նախաճաշեն և մեկնեն Երևան։ Ըստ իր վկայության՝ սենյակում չի եղել և բացարձակապես չի իմացել Դավիթի ունեցածի մասին։ Իսկ վերջինս մնացած զանգվածը տեղավորել է ձեռքի պայուսակում։ Իր պատմելով, երբ ճանապարհին հանկարծակի նկատել է, որ իրենց տաքսի ավտոմեքենան երկու կողմից ոստիկաններով է շրջապատված՝ խուճապահար կուլ է տվել գրպանում եղած մատնոցը՝ այն հույսով, որ պայուսակը գուցե չստուգեն։

Մինչդեռ իր կողմից թելադրված բացատրագրում ամբողջովին այլ պատմություն է, մեղադրյալն ասում է, որ իրեն խաբել են, քանի որ ինքը հայերեն գրել չգիտի։ Դատավարությանը ներկայացած Ագարակի գազալցակայանի աշխատակիցները միաբերան վստահեցրին,որ երիտասարդին իրենց կայանատեղում չեն տեսել և որ իրենց մոտ բացարձակապես պարսկական մեքենաներ չեն լիցքավորվում։ Դավիթի և դրամարկղի աշխատակցի պատմածները ևս չհամապատասխանեցին,վերջինս իր տված վկայության մեջ հերքեց՝ իրենց մոտ երբեք ծխախոտ չի վաճառվել։ Դատավորի որոշմամբ նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 13-ին։


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!