Փետրվարի 10-ին լրացավ ազատամարտիկ Ազատ Առաքելյանի մահվան 20րդ տարելիցը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փետրվարի 10-ին լրացավ ազատամարտիկ Ազատ Առաքելյանի մահվան 20րդ տարելիցը


Փետրվարի 10-ին լրացավ ազատամարտիկ Ազատ Առաքելյանի մահվան 20րդ տարելիցը

 

Հեղինակ.

 

Փետրվարի 10-ին լրացավ ազատամարտիկ Ազատ Առաքելյանի մահվան 20րդ տարելիցը


Հավերժ 33 տարեկան , հավերժ երիտասարդ ու ժպիտով է Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկ Ազատ Առաքելյանն իր հարազատների, մտերիմների, ընկերների հիշողություններում: Քաջարանցի մարտիկը պատերազմի վերջին զոհերից էր, 1994-ի փետրվարի տասին`Արաքսի ափի դիրքերի վրա է երիտասարդ հրամանատարը մարմինն ի պահ տվել հայրենիքի խաղաղությանը: Մահվան քսաներորդ տարելիցն է, բայց հարազատները գուցե այդպես էլ չկարողանան համակերպվել կորստի հետ:

Քաջարանի եղբայրական գերեզմանատուն էին այցելել Կապանի և Քաջարանի երկրապահ կամավորները, Ազատի հարազատներն ու ընկերները: Կապանի երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Օհանյանը դժվարությամբ է պատմում մարտի ցանկացած դրվագ, սիրտ մաշող կորուստներ ամեն տեղ են եղել: Իսկ փետրվարյան այդ ցուրտ օրը հատկապես լարված էր:

«Վիճակն անկառավարելի էր դարձել,խուճապ էր: Մտանք, իրենք արդեն դիրքավորվել էին Արաքսի ափին, հենց անմիջական սահմանին մոտ, տեղանքն էլ անհարմար էր, մենք բաց դաշտում, իրենք դիրքերում: Դեռ ավելի շատ կորուստներ կունենայինք, հրատ-կայան խնդրեցինք, և Սամվել Պողոսյանի գլխավորությամբ օգնության եկան: Ցավոք զոհեր ու վիրավորներ ունեցանք»:

Մարտուն Մուրադյանը մարտական ընկերոջ ժպիտն ու մարդկային որակները մոռանալ չի կարողանում, պատմում է. «Ազատը նաև մեքենա ուներ, և այն միմիայն ծառայեցնում էր զինամթերքի,անհրաժեշտ պարագաների տեղափոխմանը: Ազատը իրա ժպիտով, իրա մարդկայինով հրամանատարական երևույթ էր որպես առաջնորդ, որպես ավագ եղբայր:Իրավիճակը երբ փոխվեց, ինձ տեղափոխեցին ուսումնական գումարտակ,Ազատն ընտրվեց որպես հրամանատար իմ փոխարեն և շարունակեց իր հրամանատարակն գործունեությունը մինչև Հորադիզ»:

Դեռևս Խորհրդային բանակում ծառայելու տարիներին էր Ազատն աչքի ընկել իր խիզախությամբ: Ծնողները մշտապես հրամանատարներից շնորհակալական նամակներ էին ստանում: Մարտնչող ոգին տղան հորից էր ժառանգել`հայրը հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել: Կամավոր զենքը ձեռքն առնելով և կյանքը հայրենիքին նվիրելով` Ազատը չհասցրեց ընտանիք կազմելու մասին մտածել: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը պատմելով մարտիկի մասին,ափսոսում է. Ցավալի է,որ գոնե հետնորդներ չնվիրեց հարազատներին:

«Ցավում ենք, եթե Ազատն այսօր պետք է տղային բանակ ճանապրհեր կամ աղջկա հարսանիքը տոներ, քսան տարի է անցել, բայց նա չկա և աստված թող իր մարտական ընկերներին առողջություն տա, որ կարողանան ամեն առիթով գալ և հարգել զոհերի հիշատակը»:

Թեև ազատամարտիկն իր միջնակարգ կրթությունը Կապանում է ստացել, այնուամենայնիվ, քաղաքապետը խոստացավ, որ հաջորդ քայլը կլինի Քաջարանի թիվ 1 դպրոցում Ազատ Առաքելյանի անունով դասարան անվանակոչելը:


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!