Երբ աղավաղվում է մեր ինքնությունն ու դեմքը՝ մայրենին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երբ աղավաղվում է մեր ինքնությունն ու դեմքը՝ մայրենին


Երբ աղավաղվում է մեր ինքնությունն ու դեմքը՝ մայրենին

 

Հեղինակ.

 

Երբ աղավաղվում է մեր ինքնությունն ու դեմքը՝ մայրենին


Համացանց, վիրտուալ նամակագրություններ, կիսագրագետ տեղեկատվական կայքերի հոսք.վերջերս սրանց պատճառով աշակերտների մեջ ուղղագրական այնպիսի սխալներ են արմատավորվել, որոնք լատինատառ հայերեն նախադասություններ գրելու արդյունքն են։ Անգամ գրականության որոշ նմուշներ են լատինատառով շարվել՝ այս մասին վկայում են տեղեկատվական անվտանգության մասնագետների ուսումնասիրությունները ։ Սխալներն օր օրի շատանում են, Կապանի թիվ 9 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Նուրիջանյանի խոսքով, լեզվի աղավաղմանը նպաստում են ոչ միայն նամակագրությունները, այլև հատկապես սխալներով առատ տեղեկույթները ։

«Համացանցն աղավաղված է, սխալներով լի է, թե ուղղագրական, թե քերականական և ոճական տիպի սխալներով, և նույնիսկ նախադասության ավարտ, հնչերանգ հասկացությունները չեն պահպանվում։ Երբ երեխան գալիս է դաս պատասխանելու՝ խոսում է նույն կերպ։ Տեխնոէվուլյացիան, համացանցը մեծ ազդեցություն ունեն դեռահասների, ինչու չէ, նաև չափահասների վրա։ Այդ ազդեցությունը և դրական, և բացասական է, հատկապես, երբ երեխաներն իրար հաղորդագրություն են ուղարկում , քանի որ հայերենի հնչյուններին համապատասխան՝ նրանք ստիպված են մի հնչյունը գրել մի քանի տառերով»։

Մեր ինքնությունը, մշակույթը, ազգային պատկանելությունը, դեմքը մեր մայրենին է, իսկ այսօր այն աղավաղվում է, ինչն էլ առաջ է բերում ավելի խոշոր տեղեկատվական սպառնալիքի՝ պետական լեզվի դերի թուլացմանը։ Կարինե Նուրիջանյանի կարծիքով համացանցային վերահսկողություն է պետք՝ աղավաղումից խուսափելու համար։ Այս առթիվ արդեն երկրորդ տարին է ֆեյսբուքում ակտիվ մի շարք օգտատերերի նախաձեռնությամբ՝ փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր է համարվում։

«Համացանցը պետք է վերահսկվի, պետք է լինի վերահսկելի։ Չեմ կարող ասել, որ ծնողներն այնպես անեն՝ երեխաներն համակարգչային կախվածություն չունենան, միևնույն է արգելված պտուղը քաղցր է լինում, և երեխան անընդհատ ձգտելու է համակարգչի, բայց համացանցը պիտի պատասխանատվություն կրի իր յուրաքանչյուր հղման համար»։

Մասնագետի կարծիքով, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց՝ երեխաները կտրվում են գրքից և հենց սա է պատճառը, որ այսօրվա աշակերտների խոսքն այնքան սահուն ու գրագետ չէ, ինչպես նախորդ տարիների շրջանավարտներինը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!