անՎաչե իրականություն...
Subscribe by RSS or Email


անՎաչե իրականություն...

 

Հեղինակ.

 

անՎաչե իրականություն...


Չլինել, բայց ապրել…Ապրել բոլոր ծանոթների հիշողություններում,քանի որ անցյալը չի կարող մահ ունենալ...
Առանց Վաչե Եփրեմյանությունն արդեն մեկ տարի է շարունակվում է և այդ դատարկությունը չի լցվում օդով... Բանասիրական գիտությունների դոկտոր,բանաստեղծ Վաչե Եփրեմյանի անփոխարինելիությունն օր օրի ավելի է զգալ տալիս ։ Հունվարի 28-ի գիշերը հարազատներից, մտերիմներից, գործընկերներից անդառնալիորեն խլեց անմիջական, բայց անհասանելի, կատակասեր, բայց թախծի ընկեր Վաչեին... ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղն իրագործեց իր խոստումը և այսօր ուսանողներին ու հետագա սերունդներին տրվեց բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վաչե Եփրեմյանի անվան լսարանում սովորելու, նրան ճանաչելու, ու նրա որդեգրած արժեքներով դաստիարակվելու հնարավորությունը։

Վաչե Եփրեմյանի մասին պատմեցին գործընկերները։ Նա ներկա էր նաև էկրանին, գուցե հենց այդ էր պատճառը, որ եղբայրը՝ բանաստեղծ Ավագ Եփրեմյանն ու Վաչեի երկու մտերիմ ընկերները ամենահեռվում էին նստած՝ կարծես այդ կերպ էլ փորձելով հեռու վանել էկրանից թափվող անՎաչե իրականությանը... Սամվել Ավանեսյանը 6 տարեկանից կիսել է Վաչեի հետ դպրոցական ճանապարհն ու շարունակել այն ողջ կյանքի ընթացքում... Գրականագետի մտերիմ ընկերը չխոսեց տեսախցիկի առաջ, ասում է, դժվար է մի քանի րոպեում նկարագրել նրան, ստույգ չի լինի,իսկ Վաչեն ստույգություն էր սիրում։ Այնուամենայնիվ խոսեցին, պատմեցին, կիսվեցին, փորձեցին ևս մեկ անգամ ցավից դատարկվել...

«Նա ապրում էր այնպիսի մի աշխարհում,որ ստեղծել էր իր աշխարհհայացքի շնորհիվ, աշխարհում, որին մարդկության կեսից ավելին ներքևից է նայում։ Ընկեր Եփրեմյանը միակ դասախոսն էր,ով ուսանողներին բացարձակ ազատություն էր շնորհում, բայց դրա հետ մեկտեղ ամեն մի ուսանող իր դասերին պահպանում էր իր անձնական սահմանները»,-հիշում է ուսանողուհի Հեղինե Մնացականյանը։

Վաչե Եփրեմյանին ճանաչող ցանկացած մարդ այն տպավորությունն ունի, թե Վաչեն ամենամտերիմն իր հետ է եղել։ Այսչափ անմիջականություն ու բարեհամբույր վերաբերմունք ստանում էին բոլորը։ Իր ներկայությամբ կհրավառեր, կլցներ խինդով ամեն մի զրույց...Գործընկերուհի Տիմեա Աղամյանը դիմեց էկրանից ժպտացող Վաչեին նրա իսկ բանաստեղծությամբ, - «Մենք քեզ չենք փնտրում,որովհետև դու մեր էության մեջ ես ու մեր կողքին։ Քո հիշողության քաղաքում դու կաս, քանի որ անցյալը չի կարող մահ ունենալ»։

Երբ հայտնվես մարգագետնում
Ձայնդ քեզ կտանի հիշողության միջով.
Մի ճեղքված դուռ կա հայացքի դիմաց,
Մի ճանապարհ կա դեպի անկում ուղեկցող,
Սպասիր, մինչև կախվեն աստիճանները երկնային,
Նրանք կտանեն քեզ քաղաքը հիշողության։
Ահա, դու քայլում ես միակ փողոցում,
Որի վերջում կանգնած են քո հայրը, մայրը և եղբայրը,
Իսկ մայթեզրին նստած են մարդիկ,
Որոնք վաղուց չկան,բայց ապրում են դեռ...
Քանի որ անցյալը չի կարող մահ ունենալ
Քանի որ անցյալը չի կարող ավարտվել։
Ահա, սկսված է ուղևորությունը,
Եվ նա կտա քեզ բազում տառապանքներ
Եվ դեռ ինչեր կտեսնես դու քո ամբողջ կյանքում,
Քայլիր մինչև փողոցի վերջը,
Դեպի հայացքը,
Բառը,
Շարժումը...
Քո հայրը լուռ ու հավատով լի հայացքով նայում է քեզ,
Քո մայրը օրհնանքի խոսքեր է ասում,
Քո եղբայրը կաթիլ-կաթիլ լցվում է էությանդ մեջ
Եվ միշտ շարժվելու է այնտեղ։
Վերադարձիր նախկին ճանապարհով,
Գնա փնտրելու այն ձեռքը,
Որ անվերջ կանչում է քեզ։
Ուրիշ տեղ ինձ չփնտրեք,
Ես հայացքի մեջ եմ,
Բառի մեջ,
Եվ շարժման... Վ. Եփրեմյան

Մարգարիտա Մանուկյան

նկարը՝ granish.org-ից
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031