Քաջարյաց տոնը՝ Քաջարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաջարյաց տոնը՝ Քաջարանում


Քաջարյաց տոնը՝ Քաջարանում

 

Հեղինակ.

 

Քաջարյաց տոնը՝ Քաջարանում


Պատերազմի թոհուբոհում բանակ ձևավորելու փաստը զարմացնում է աշխարհի բազում քաղաքագետների , բայց սա մեր պատմությունն է, մեր քսաներկուամյա բանակն իսկապես ծնվել ու մեծացել է կրակոցների տակ՝ հենց այդպես կոփելով իր զինվորների մարտական պատրաստականությունը։ Արցախյան ազատամարտում քաջարանցիների նպաստը ևս անմոռանալի է։ Երեք տասնյակից ավելի քաջարիներ են իրենց կյանքն ի պահ տվել հայրենի հողի ամրությանը։ Ավանդույթի համաձայն, այսօր էլ Քաջարանի տոնական միջոցառումները մեկնարկեցին Եղբայրական գերեզմանատան ծաղկադրումից։ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը հոգեհանգստի կարգ կատարեց, ինչից հետո զոհված քաջերին ի հիշատակ՝ զինվորները համազարկ տվին։

«Փառք ու պատիվ մեր զոհված ազատամարտիկներին , պետք է միշտ վառ պահենք նրանց հիշատակը,որովհետև նրանց շնորհիվ է, որ այսօր ապրում ենք անկախ Հայաստանի հողում և ոչ թե ազերիների լծի տակ»,- ասում է դասակի հրամանատար Մանուկ Շահբազյանը։

Ազատամարտի մասնակից Հովիկ Մարգարյանը վստահեցնում է, որ մշտապես հարձակողն է տուժում, իսկ մենք պաշտպանվողներս հաղթող ենք եղել և թե հարկ լինի կրկին պաշտպանվելու, այս անգամ էլ հաստատ հաղթական պսակը մեր կողմում է հյուսվելու։ Այս կարծիքին են նաև նրա մարտական ընկերները։

« Այն ժամանակ մեր բանակն այնքան մարտունակ չէր,նորաստեղծ,դեռ որսորդական հրացաններով, բայց այսօր մենք ունենք այնպիսի զենքեր, որ ավելի քան վստահ ենք, որ այդ հաղթանակն անպայման կպահենք»։

Ձևավորվել, ամրապնդվել,ունենալ ավանդույթներ, կերտել պատմություն... Տոնի առթիվ քաղաքի երկու դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթում հաղթած Սերոբն ու Անին էլ են գրել բանակի կարևորության մասին։ «Հայ զինվորների շնորհիվ ես այսօր ապրում և շնչում եմ, հպարտ և պաշտպանված եմ զգում ինձ »,- այս տողերը Քաջարանի թիվ մեկ դպրոցի աշակերտուհի Անի Նավասարդյանի հաղթող շարադրությունից են։ Քաջարանի մշակույթի կենտրոնում կայացած հանդիսավոր նիստում մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին Քաջարանի քաղաքապետարանի «Արցախյան ազատամարտ» ոսկե մեդալներով։ Վազգեն Սարգսյան երկու հուշամեդալ էլ շնորհվեց «Արծիվ» մահապարտների միության կողմից։ Զոհված ազատամարտիկների ընտանիքներին ևս քաղաքապետարանը նվերներ հանձնեց։ Իսկ Քաջարան հիմնադրամի ֆինանսավորմամբ արվեստի և հանրակրթական դպրոցների սաների պատրաստած համարներին հաջորդեցին մայրաքաղաքից հրավիրված երգիչների և ասմունքողների կատարումները։

Տոնական օրը ուշադրության պակաս չզգացին նաև տարածքում տեղակայված և ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողները։ Քաղաքապետ Վարդան Գևորգյանը նվերներ հանձնելուց բացի նաև իր շնորհակալությունը հայտնեց սահմաններն ամուր պահելու համար։

«Բոլորի բարի ցանկությունները ձեզ,դուք մեր սահմանները միշտ ամուր եք պահում։ Մի քանի օր է, շատ ժամանակ չի անցել, մեր Արմենի հերոսական սխրանքի արդյունքում նորից ցույց տրվեց հայոց զինվորի ուժը։ Ճիշտ է ինքը զոհվեց,բայց աշխարհն իմացավ, որ հայը միշտ կանգուն է, զինվորը միշտ քաջարի։ Թող աստված հովանի լինի»։

Տոնական միջոցառումներն ամփոփվեցին հանդիսությունների սրահում։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!