«Օսմանցինե՞ր, թե՞ թուրքեր». համաշխարհային հետազոտության մանրամասները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Օսմանցինե՞ր, թե՞ թուրքեր». համաշխարհային հետազոտության մանրամասները


«Օսմանցինե՞ր, թե՞ թուրքեր». համաշխարհային հետազոտության մանրամասները

 

Հեղինակ.

 

«Օսմանցինե՞ր, թե՞ թուրքեր». համաշխարհային հետազոտության մանրամասները


Հայոց ցեղասպանության նախօրեին հայ-թուրքական քարոզչական մրցավազքում ապրիլի սկզբին պատահաբար աչքովս ընկավ առաջին հայացքից շատ անմեղ սոցիոլոգիական մի հարցում՝ վերնագրված «օսմանցիների և թուրքերի կերպարը»:

Հարցումը, որն անցկացվում է համաշխարհային մասշտաբով, 13 լեզվով, կազմակերպել են Թուրքիայի Յըլդըզ Տեխնիկական Համալսարանի Բալկանյան և Սևծովյան Հետազոտությունների Ինստիտուտը (BALKAR, Ստամբուլ) և Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների հաստատությունը: Երբ հարցումը հասանելի դարձավ, նախօրոք կարդալու պարտադրվող գեղեցիկ առաջաբանից հետո բացվեց 15 հարցից բաղկացած խառը, տարօրինակ, բայց ռազմավարական խոշոր հետազոտություն, ինչու ոչ, նաև կոնկրետ հարցերով գիտակցության մեջ կարծրատիպեր փոխելու հեռահար նպատակով:

«Նախագիծը հետազոտում է, թե Բալկանյան և Սև ծովի հարևան երկրներում տարրական և միջնակարգ դպրոցներում ինչպես են նկարագրվել օսմանցիներն ու թուրքերը, և դասագրքերը դպրոցականների վրա ինչ ազդեցություն են թողել»,-նախաբանում նշում է հարցման հեղինակ BALKAR-ի տնօրեն, դոկտոր Մեհմետ Հաջըսալիհօղլուն: Հարցերին պատասխանելու իրավունք ստանալու համար յուրաքանչյուր մասնակից պետք է տրամադրի իր անձնական որոշակի տվյալներ, ինչպես՝ անուն, ազգանուն, երկիր, էլեկտրոնային փոստ, կրթության կամ աշխատանքի վայրը: Հաջորդող հարցերից առաջինը պարզում է, թե շաբաթական քանի ժամ է դպրոցում կամ բուհում տվյալ անձը պատմություն սովորել, և քանի տոկոսն է վերաբերել Օսմանյան կամ հետօսմանյան Թուրքիային: Հետո արդեն հեղինակները ճշտում են, թե արդյո՞ք «օբյեկտիվ եք համարում օսմանցիների պատմությունը թուրքերին վերագրելու փորձերը», «Ձեր կարծիքով թուրքերը, ի տարբերություն օսմանցիների, կարո՞ղ են թշնամի լինել»: Հատկանշական է, որ ժամանակակից Թուրքիայի հանրապետությունը բնութագրող տարբերակների մեջ առաջնային տեղ են զբաղեցնում «նորարար» և «հզոր» անվանումները:

«Ձեր կարծիքով, հայերը Օսմանյան կայսրության դեմ ինչպիսի՞ պայքար են մղել», «Ձեր կարծիքով, հայերի տեսանկյունից ինչպիսի՞ բնութագրում պետք է ունենա Օսմանյան կասրությունը»: Սրանք հայերին վերաբերող հիմնական հարցերն են, որոնց պատասխանները ոչ մի կոնկրետ գնահատականի հնարավորություն չեն տալիս, չկան օբյեկտիվ տարբերակներ, միայն օսմանյան /թուրքական/ ինքնիշխանություն կամ բռնակալություն և օտար բռնակալություն: Հարցման հեղինակները հետո հռետորական հարց են ուղղում. «Ձեր նախնիները ինչպիսի՞ վերաբերմունք են ունեցել օսմանցիների նկատմամբ»: Պատասխան տարբերակներ՝ հավատարիմ և դիմադրություն: Վերջին հարցը վերաբերում է թուրքերի իրականացրած ջարդերին. «Ձեր կարծիքով, Օսմանյան պետությունը իր հսկողության տակ գտնվող ազգերի դեմ արդյո՞ք կազմակերպել է ջարդեր»:

Սկզբում նշած միտքը, որ սոցիոլոգիական հարցման միջոցով թուրք գիտնականները միաժամանակ քարոզչություն են իրականացնում, ավելի շատ վերաբերում է «օսմանցի» և «թուրք» տերմինների տարբերակմանը, այսինքն դրանք նույնը չեն. որ այն, ինչի համար մեղադրվում է օսմանյան կայսրությունը, չի կարող կապ ունենալ քեմալական թուրքերի հետ: Հետազոտության ժամանակ սկզբից մինչև վերջ տարվում է հենց այդ գիծը, ինչը նոր երևույթ չէ, բայց 2001-ից Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» աշխատության գլխավոր թեզն է, ինչը միաժամանակ դոմինանտ է ներկայիս Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:

Թուրքական հետազոտությունն, իմ կարծիքով, նաև խոշոր հետազոտություն է 2015-ից առաջ ճշտելու այն խութերը, որոնք կարող են հանդիպել իրենց 100-ամյակի քարոզչական և քաղաքական առճակատման ժամանակ, իսկ եթե գիտես թերություններդ, հնարավոր է նաև հաղթահարել դրանք: Որն է լինելու խոշորամասշտաբ այդ հետազոտության արդյունքը, դրա որ հատվածը կդառնա հրապարակային և որը՝ հատուկ ծառայությունների համար տվյալների հարուստ բազա, առայժմ դժվար է ասել, բայց որ աշխարհով մեկ պատմության դասագրքերի ուսումնասիրությունը, թուրքերի կենսագրության նկատմամբ մարդկանց տրամադրվածությունը ստուգելու և համարժեք գործողությունների պլան մշակելու գործընթաց է տեղի ունենում, անժխտելի է: Հայկական կողմն առայժմ բավարարվում է արարողակարգային խորհրդաժողովներ կազմակերպելով, ապրիլի 24-ին մեծ շուքով Ծիծեռնակաբերդ բարձրանալով և Թուրքիայի դրոշը այրելով:

Նաիրի Հոխիկյան
www.emedia.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!