Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին


Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին

 

Հեղինակ.

 

Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ այսօր ամփոփվել է Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:

Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երևանցիներ:


Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ընթացքում Երևանը սիրով հյուրընկալել է գրասեր միջազգային հասարակությանը, կայացել են բազմաթիվ համաժողովներ, փառատոններ ու համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ու ներկայացումներ: Երևանում բացվել են նաև գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հարյուրավոր հայ ու արտասահմանցի հեղինակների բազմաթիվ գրքեր.


«Երևանն անցած տասներկու ամիսներին պատիվ ունեցավ կրելու Գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր ու պատվավոր տիտղոսը: Դա, կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հայոց հինավուրց մայրաքաղաքի գրքի ու գրականության նկատմամբ ունեցած դարավոր սիրո, համաշխարհային հանրության վստահության ու գնահատականի դրսևորումն էր»,– ասել է նա:

«Կարծում եմ, որ քաղաքամայր Երևանն ունեցավ իր հատկանշական դերակատարումը այս գործում և սիրով այս պատվաբեր տիտղոսը ապրիլի 23-ին հայկական պատվիրակության կողմից կփոխանցվի Բանգկոկին` բովանդակային առումով հագեցած, կարևորված ու հարստացած»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել միջազգային հումանիտար ծրագրերին մասնակցելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը։ «Երևանն այսուհետ ևս պատրաստ է իր ամենագործուն մասնակցությունը բերել ՄԱԿ-ի ու, մասնավորապես Յունեսկօ-ի բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հայ գրատպության 500 ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կարծիքով Երևանում իրականացված ծրագրերը օրինակելի են լինելու գրքի ապագա մայրաքաղաքների համար, նաև կարևորել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում այսօր մարդիկ ավելի շատ են կարդում:


«Փայլուն աշխատանք է կատարվել այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից: Այն բարձր տարավ 2012 թվականին Հայաստանի 12-րդ պատմական մայրաքաղաքը գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք լինելու պատիվն ու բեռը: Մեզ համար սա լեցուն ու բազմազբաղ տարի էր: Ինչպես և նախկինում՝ մեծածավալ ծրագրերում մենք որդեգրեցինք խոշոր կտավի մոտեցումը և ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները չեն սահմանափակվում մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետրերով»,– ասել է նա:

«Վստահ եմ, որ մեզանում գրքի մեծարումը չի ավարտվելու փակման այս արարողությամբ: Մենք ականատեսն ենք լինելու բազմաթիվ նոր նախաձեռնությունների և ծրագրերի: Հանձնաժողովի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին և իմ տեսած նորօրյա Երևանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,- ավելացրել է Վիգեն Սարգսյանը:

Տոնական միջոցառումների շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված բեմադրությանն ու ազգային նվագարանների համերգին: Նա քաղաքապետարանի բակում ունկնդրել է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումները:


Քաղաքապետը շրջել է Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահով: Տոնական միջոցառումների շրջանակում անցկացվող գրքի ցուցահանդես-վաճառքի տաղավարներով շրջելիս Տարոն Մարգարյանը նաև մի քանի գիրք է գնել:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակվելու կապակցությամբ 2012-ին բացված հուշամատյանում, որն ի պահ տրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին, վերջին գրառումը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է կատարել. «Հպա´րտ եմ Երևանով»:

tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!