Կապանի Արվեստի մանկական դպրոցը նոր տնօրեն ունի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի Արվեստի մանկական դպրոցը նոր տնօրեն ունի


Կապանի Արվեստի մանկական դպրոցը նոր տնօրեն ունի

 

Հեղինակ.

 

Կապանի Արվեստի մանկական դպրոցը նոր տնօրեն ունի


Երեկ Կապանի ավագանին Արվեստի մանկական դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատեց Մարինա Նահապետյանին։ Նորանշանակ տնօրենը Արվեստի պետական քոլեջի դաշնամուրային բաժնի վարիչն է, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Երկու ամիս տնօրենի պաշտոնակատար աշխատելու ընթացքում հասցրել է ծանոթանալ դպրոցի խնդիրներին, միջոցառումներ նախաձեռնել և վերջիվերջո հարմարվել նոր աշխատավայրին ու անձնակազմին։ Չնայած դժվարություններին, կարծես թե ամեն ինչ հունի մեջ է ընկնում, ասում է տնօրենը։

«Ճիշտն ասած շատ դժվարա, որովհետև ես ծանոթ չեմ եղել այս կոլեկտիվին , 30 տարի Սեյրան Միխայլիչն է այստեղ տնօրինել,նրան էին սովոր։ Մի քիչ ընտելանալու խնդիր կա,-ժպտում է,-այս երկու ամսվա ընթացքում աշխատանքներ եմ տարել կերպարվեստի բաժինը բարելավվելու նպատակով։ Վերանորոգել ենք նրանց դասարանը,որն անմխիթար վիճակում էր»։

Նորոգումից հետո էլ դասարանը խնդիրներից չի ազատվել։ Քանի որ դպրոցի առաջին հարկը կիսանկուղային է, կատարված աշխատանքը երկար չուրախացրեց սաներին ու տնօրենին։ Պատերը կրկին բողոքում են խոնավությունից։ Այս հարցը միայն հիմնանորոգմամբ կլուծվի։

«Այդ խնդիրները լուծելու համար մենք քաղշիննախարարության և քաղաքապետարանի հետ աշխատանքներ ենք տանում։ Հուսով եմ, որ վերջում կունենանք լավ արդյունքներ»։

Անհյուրընկալ պատերով դպրոցի խնդիրները չեն սահմանափակվում։ Գործիքների ու գույքի բացակայությունն է խիստ զգացվում, ջեռուցումն էլ մի քանի տասնամյակների կյանք ունեցող փայտե վառարաններով են իրականացնում, լավ է, որ գոնե պատուհանները վերջերս երկփեղկանի են դարձրել,-ասում է տնօրենը։ Սանհանգույցն էլ սանհանգույց անվանել չի կարելի,տնօրենն ասում է հակահիգիենիկ վիճակ է, բայց ինչ արած, դրանով են յոլա գնում։ Ինչևէ, տարիներ շարունակ արվեստի դպրոցը աչքից հեռու , մոռացված է եղել։ Այժմ փոփոխությունների մեծ հույս ունեն։ Դպրոցի նորոգումն ընդգրկված է քաղաքապետարանի քառամյա ծրագրում։ Մարինա Նահապետյանը դպրոցի սաների հետ մեծ հույսեր է կապում, ցանկություն ունի նրանց պատրաստել տարբեր միջազգային մրցույթների համար։ Նպատակ ունի նաև դասատուների համար ապահովել վերապատրաստման դասընթացների մասնակցություն։ Այս կերպ նորանշանակ տնօրենն ուզում է նոր շունչ տալ դրսից ու ներսից մարող կրթօջախին։


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!