Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Կապանում


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Կապանում

 

Հեղինակ.

 

Հուշարձանների  և տեսարժան վայրերի միջազգային օրը Կապանում


Ապրիլի տասնութը՝ 1983թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Մի քանի տարի է,ինչ տոնը նաև Հայաստանում է ուշադրության կենտրոնում հայտվել։ «Կրթության ժառանգությունը» խորագիրը ստացած տոնական օրը հանրապետության տարբեր տարածքներում,ինչպես նաև Սյունիքում զինվորականներն ու դպրոցականները բարեկարգել են 400ից ավելի հուշարձաններ և տեսարժան վայրեր։ Օրվա առթիվ Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը Կապանի երկրագիտական թանգարանում ցուցադրություն էր կազմակերպել,որում ներկայացված էին տապանաքարեր ,եկեղեցիներ,վանական համալիրներ, անապատային վայրեր և այլ եզակի նմուշներ,որոնք բնութագրում էին մեր մարզը և տալիս պատմական անցքերի շունչը։

«Հուշարձանները՝ տարածքները մաքուր պահելու հետ մեկտեղ մեծ խնդիր ունեն նաև հանրահռչակման։ Որովհետև բնակչությունը պետք է տեղյակ լինի,թե ինչ մշակութային արժեքներ կան իր տարածքում, ինչին են տիրապետում,արժեվորի, գնահատի իր ունեացածը,որովհետև ինքն է դրանք կրողը և պարտավոր է պահպանել ու ժառանգել ապագա սերունդներին»,-իր խոսքում շեշտեց ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը։

Ցուցադրությանը ներկայացված ամենահին հուշարձանը Սիսիանի տարածաշրջանի Ուղտասար լեռան քարացրոնների վրա պահպանվող ժայռապատկերներն են,որոնք վերաբերում են Ք.Ա. 5-4րդ հազարամյակներին։
Անձավային ու անապատային յուրօրինակ տարածքներ ևս ներկայացված էին,որոնք այցելուներից շատերի համար բացահայտում էին։Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանն ու թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը պատասխանում էին բոլորի հարցերին և ներկայացնում յուրաքանչյուր հուշարձանի կամ աղբյուրի պատմությունը։


Հաճախ դժգոհության ալիք է բարձրանում,թե մեր հարևան երկրներում բարբարոսաբար են վերաբերվում հայկական հուշարձաններին։ Մինչդեռ վիճակը անմխիթար է նաև մեր երկրում։

«Մեր ժամանակներում շատ բան կարծես գլխիվայր շուռ է եկել,և մենք սարսափում ենք,երբ տեսնում ենք,թե ինչպես են նույնիսկ մայրաքաղաքում՝ պետության կողմից պահպանվող հուշարձանները շարքից դուրս բերվում։ Կարծում եմ նման իրավիճակ Սյունիքում գոնե չկա և դրա մեջ իր ներդրումն ունի Աստղիկ Հակոբյանը։ Հատկապես փոքրիկների համար ուզում եմ սա ունենա դաստիարակչական նշանակություն, որպեսզի աչքի լույսի պես պահպանենք մեր հուշարձանները»,-նշեց թանգարանի տնօրենը։


Մարզում նորոգման կարիք ունեցող մոտ քառասուն հուշարձաններ կան,այդ թվում վանական համալիրներ,եկեղեցիներ,ինչպես նաև երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշաքարեր։ Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը ամեն տարի դրանք ներառում է հատուկ ուշադրության ցուցակներում և ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմիններին,որ առավել ուշադիր լինեն և անցկացնեն ավերումը կանխարգելող միջոցառումներ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!