Կապանում աննախադեպ ցուցահանդես կլինի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում աննախադեպ ցուցահանդես կլինի


Կապանում աննախադեպ ցուցահանդես կլինի

 

Հեղինակ.

 




Լինելով նախատեսված շրջիկ ցուցահանդեսներից առաջինը` «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը կազմակերպված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ) ««Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում։
«Լրատուն»-ը կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները։ «Լրատան» հայեցակարգը հիմնված է մուլտիմեդիա սկզբունքի վրա, ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքերով, այս ցուցահանդեսը «Լրատուն» մեծ գաղափարի սկիզբն է եւ նպատակ ունի նպաստել լայն հանրության մեդիակրթությանը։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել ցուցահանդեսների շարքը եւ զարգացնել այս գաղափարը։
«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը նվիրված է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը ժամանակի լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային և կինովավերագրողների կողմից։

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, «Ցուցահանդեսի տաղավարները ներկայացնում են հայկական և սովետական ռուսալեզու մամուլի անդրադարձը երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները և թերթերի առաջին էջերը, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև չլուսաբանված արխիվային նյութեր։ Ցուցահանդեսի հպէկրանները (touchscreen) ներկայացնում են հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների և լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս»։

Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Լրատուն»-ը ունի ընդhանուր մեդիագրագիտության բաժին, որը ցուցահանդեսի այցելուներին, մասնավորապես ավագ տարիքի դպրոցականներին և ուսանողներին, կօգնի վերլուծաբար ու քննադատաբար ընկալել բազմաբնույթ տեղեկատվությունը: Ներկայացված խաղերի, թեսթերի, առաջարկվող գործնական փորձերի միջոցով «Լրատան» այցելուները կծանոթանան լրագրողի և լրատվամիջոցների աշխատանքի առանձնահատկություններին։ Շրջիկ ցուցահանդեսը մեկնարկել է Գյումրիում սեպտեմբերի 26-ին, այնուհետեւ՝ Վանաձորում հոկտեմբերի 5-ին, իսկ ավելի ուշ հոկտեմբերի 15-ին՝ Մարտունիում։ Թանգարանը կգործի նաև Երևանում։

«Լրատուն» նախագիծը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուսը (ԱՄՆ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը եւ Երևանի մամուլի ակումբը։ Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!