Վաչեի հետ...
Subscribe by RSS or Email


Վաչեի հետ...

 

Հեղինակ.

 

Վաչեի հետ...


Վաչե Եփրեմյան։ Իր հետ, իր կողքին լինելով,ապրելով իր ստեղծած մի քանի ժամանոց ամբողջովին ուրիշ իրականության մեջ՝ ով կմտածեր, որ ամիսներ անց Վաչեի մասին կխոսենք անցյալով։ Բայց չէ որ հենց ինքն է ասել՝ մահն էլ ի վերջո սիրո տարբերակ է... Այս մտորումները մինչ օրս հանգիստ չեն տալիս Բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Վաչե Եփրեմյանի ընկերներին ու հարազատներին։ Կապանի բացառիկ մասնիկներից էր գրականագետ, բանաստեղծ,դասախոս,Մարդ Վաչե Եփրեմյանը և այդ մասնիկն այսօր իսկապես զգալիորեն պակասում է քաղաքից,-ասում են ընկերները։ Ապրելու օրերին նա ոչ մի կերպ թույլ չտվեց մեծարման միջոցառում նվիրել իրեն, և այսօր կազմակերպիչները ցավով են նշում, որ մեծարման երեկոն հուշ-երեկո է դարձել։ Նրա մասին ասելու, պատմելու շատ բան կա, և թվում է, թե որքան էլ ասվի, դիպուկ նկարագիրն այդպես էլ չի կարող արտահայտվել։ Այնուամենայնիվ,Վաչե Եփրեմյանի մտերիմ ընկեր Արթուր Իսրայելյանը փորձեց.ասում է Վաչեն մեծ կապ ուներ տիեզերքի հետ։

«Առաջին գիրքն ինձ համար հայտնագործություն էր։ Մինչ այդ ծանոթ էի հոդվածներին,բայց գիրքը հայտնագործություն էր, որովհետև այդ գրքից հետո անհնար էր պատկերացնել ուրիշ գրականագիտություն։ Իրենից առաջ չկար, իրենից հետո հուսանք,որ կլինի։ Վերջին գիրքը կոչվում է «բնագիր և մեկնություն»։ Մեկնություն բառը պատահաբար չի հայտնվել,մեր գրականության մեջ կար,հիշենք թեկուզ Նարեկացու «Երգ երգոցի մեկնություն»-ը։ Թող թույլ տրվի ասել,որ այդ մեկնությունները բնագրին հավասարարժեք էին։ Ծանոթ ստեղծագործությունները նոր, թարմ, հաճախ անսպասելի մեկնություններ էին դառնում։ Դեռ մեր թվարկությունից առաջ հին չինացիներն ասում էին. «Ուռկանը պետք է ձուկ որսալու համար,երբ ձուկը որսում են, ուռկանի մասին մոռանում են։ Բառերը պետք են միտք որսալու համար,երբ միտքը որսում են՝ բառերի մասին մոռանում են, ինչպե՞ս փնտրեմ գտնեմ այն մարդուն, որ մոռացել է բառերի մասին և զրուցեմ նրա հետ»։ Համարձակվում եմ ասել՝ ես փնտրել , գտել էի այդ մարդուն և զրուցում էի նրա հետ...»

Կյանքը նման է ձմռանը, ձյունն իջնում է , հալվում, քո ձյունն ինչու չի հալվում... Վաչե Եփրեմյանի հետ շփված ցանկացած մարդ, աշակերտ, ուսանող իր հիշողություններն ունի։ Աշակերտներն ասում են. «Իր հանձնարարած ոչ ստանդարտ վերնագրերով շարադրություններն են բացահայտել գրելու ունակություններս» , «Դեռևս դպրոցում իր հանձնարարած արտասահմանյան գրականության յուրահատուկ նմուշներն են առանձնացրել ինձ բոլորից, ինձ ու իմ մտածելակերպը փոխել դեպի այլ իրականություն» ։ Վաչեն բոլորի համար կարծես ուղեցույց է եղել, ասում են ընկերները։

«Ես, ձեզնից մեկը, մինչև ականջներս սիրահարված եմ «վաչեեփրեմյանական» մշակութաբանական ստեղծագործության վրա։ Միտքս բացեմ. Մեր քսաներորդ դարի ամբողջ գրականությունը պեղելով՝ արձակ և չափածո բանաստեղծությունը, Վաչիկն այնպիսի ընդհանրացումներ ու եզրահանգումներ է արել, կուզեք համեմատենք Եվրոպայի հետ, եվրոպական նորօրյա գրականագիտության մեջ չկա։ Ինքն անշուշտ տեղյակ էր աշխարհի բոլոր մեծերի մտքի անդաստանին և կարողանում էր մեջբերում անել։ Բավական էր սուրճ խմելու ժամանակ թեման փոխում էր. « Էն Հովիկ Էսնազոնը կերպափոխություններ է գրել»։ Ինչպես էր վերլուծում, տեր աստված»։ Ռոբերտ Գրիգորյան. Էջանացի

«Նա համալսարանում շատերիս ուրախության և խնդության, վշտի և լացի լուռ վկան էր, նրա հետ կարելի էր կիսվել, զրուցել,անգամ հուզվել, հավատալով, որ դա կմնա նրա սրտում և իր դեկանատի պատերի ներսում։ Այդ ամենից զատ կարող եմ ասել,որ Վաչե Եփրեմյանը օժտված էր հումորի մեծ զգացումով.մենք մինչև այսօր ապրում ենք այդ հիշողություններով և ամեն առիթով հիշում նրա սուր ու տեղին հումորները և փորձում ամեն գնով լցնել այն դատարկությունը ,որ թողեց մեզ Վ.Եփրեմյանը։ Ես ափսոսում եմ, որ անցյալ են դառնում նրանք, ովքեր պետք է դառնային ապագա...» Տիմեա Աղամյան

«Էրոտիկ պատմվածք գրելու նրա մեթոդաբանությունը.
«Ես մանրամասն պատկերացնում եմ մեր առաջին հանդիպման ընթացքը,
Դու մանրամասն պատկերացնում ես մեր առաջին հանդիպման ընթացքը,
Երբ հանդիպենք ես քեզ չեմ վստահելու նախորդ օրվա իմ մանրամասն պատկերացումները,
Երբ հանդիպենք դու չես վստահելու ինձ նախորդ օրվա քո մանրամասն պատկերացումները,
Մենք իրար վստահում ենք։
Ես մանրամասն պատկերացնում եմ մեր հազարերորդ հանդիպման ընթացքը,
Դու մանրամասն պատկերացնում ես մեր հազարերորդ հանդիպման ընթացքը,
Դու չգրես մեր հանդիպումների մասին,
Դու էլ չպատմես մեր հանդիպումների մասին...»
Ես երբ կարդացի,ասացի Վաչիկ ինչու՞ մեթոդաբանություն,սա հենց ինքը էրոտիկ պատմվածքա էլի, ասաց հենց մեթոդաբանության էությունը նա է, որ ընթերցողն իրա մեջ նաև պատմվածքն էլ է տեսնում։ Իմ կարծիքն է,Ֆլոբերը, Վոլտերը,Մարկեսը, իրենք էրոտիկ բաներ շատ են գրել, ամեն մեկս դրանք մի ձև կընկալենք ու տարբեր կարծիքներ կունենանք,իսկ սա մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու համարա՝ առանց մեկնության»։ Սամվել Ավանեսյան

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը քաղաքի տոնական միջոցառումների շրջանակներում Վաչե Եփրեմյանին հետմահու պարգևատրեց «Կապան» ոսկե հուշամեդալով։ Միջոցառման ողջ ընթացքում դահլիճում գտնվողները հուզվում էին, փշաքաղվում։ Իսկ նա էկրանից ժպտում էր... «Վաչեի հետ».սա էր միջոցառման խորագիրը... Մարդիկ մի քանի ժամ մոտ զգացին նրան և հեռացան Վաչեի հետ, բայց առանց նրա...

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!