Թմբկահարի Armenia վերնաշապիկի և Յանիի պանդայի մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Թմբկահարի Armenia վերնաշապիկի և Յանիի պանդայի մասին


Թմբկահարի Armenia վերնաշապիկի և Յանիի պանդայի մասին

 

Հեղինակ.

 

Թմբկահարի Armenia վերնաշապիկի և Յանիի պանդայի մասին


«Ամենամեծ զգացմունքը, որ ինձ վրա ազդեցություն է ունեցել ամբողջ կյանքի ընթացքում, սերն է», - ասում է աշխարահռչակ երաժիշտ Յանին ապրիլի 20-ին կայացած իր համերգի ժամանակ:

Համերգի սկսկվելու առաջին իսկ պահերից հանդիսատերը բուռն ողջունեց թե Յանիին, թե նրա երաժշտական խմբին: Դահլիճի բուռն արձագանքը շարունակվում էր ամբողջ երեկոյի ընթացքում: Համերգի ընթացքում անհատապես իրենց վարպետությունը ցույց տվեցին նվագախմբի գրեթե բոլոր երաժիշտները:

Սակայն ծափահարությունները կրկնապատկվում էին հատկապես այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում հայ ջութակահար Սամվել Երվինյանը:

Ինչպես և մինչ այդ խոստացել էր Յանին` հայ ջութակահարը անակնկալ էր պատրասել հայ հանդիսատեսի համար: Համերգի ընթացքում նվագախմբի մյուս անդամների նվագակացությամբ նա նվագեց «Շալախոն», որը մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում:

Սակայն հայ հանդիսատեսին մատուցվեց երկրորդ անականկալը, երբ համերգի կեսին բեմ բարձրացավ թմբկահարը: Նա հագել էր սպիտակ վերնաշապիկ, որի ձախ կողմում պատկերված էր հայկական գերբը, իսկ հետևը գրված էր Armenia:

Ելույթներից հետո Յանին պարբերաբար դադար էր առնում և իր խոհերով կամ հիշողություններով կիսվում հանդիսատեսի հետ: Երաժշիտը խոստովանում է, որ իրեն դուրէ գալիս ստեղծել երաժշտություն, որը դրական էմոցիաներ է փոխանցում:

«Բացասական էմոցիաները վնասում են ձեզ ներսից», - ասում է երաժիշտը:

Յանին համերգի ընթացքում հիշեց իր ծանոթ տիեզերագնացի խոսքերը: Վերջինս պատմում էր, որ տիեզերքից երկրին նայելիս անհնար է որոշել պետությունների սահմանները. քարտեզի վրայի գծերն այնտեղից չեն երևում:

«Ես երազում եմ, որ գա մի օր, երբ աշխարհի վրայից վերանան այդ գծերը», - ասում է երաժիշտը:

Նրա խոսքերով` երաժշտությամբ զբաղվելը տալիս է առավելություն և հնարավորություն ճամփորդել տարբեր երկրներով: Իսկ դրա միջոցով ծանոթանալով այդ երկրների մշակույթներին և սովորել դրանից: Նա հիշում է, որ տարիներ առաջ, երբ այցել էին Չինաստան, նրան պատիվ ընձեռվեց որդեգրել պանդա: Դա այն դեպքում, երբ չինացիները սովորաբար նման իրավունք վերապահում են պետությունների ներկայացուցիչներին, ոչ թե առանձին անհատների:

Յանին խոստովանում է, որ դա իր համար շատ հուզիչ էր: Այնուհետև իրեն հնարավորություն է տրվում ընտրել նաև պանդայի սեռն ու տարիքը:

«Բնականաբար ես ընտրեցի իգական սեռի պանդայի», - ծիծաղելով ասում է երաժիշտը:

Իր պանդայի անունը նա դնում է Սանտորինի, որը կազմված է հունարեն սուրբ և խաղաղություն բառերից: Բացի այդ` հունական կղզիներից մեկի անունն է:

«Այդպիսով, մեր ընտանիքում ավելացավ մեկ գեղեցիկ պանդա», - ծիծաղելով ասում է Յանին:

Երբ հնչում է «Nightingale» (սոխակ) կատարումը, Յանին նշում է, որ այս գործը գրելիս իր համար ներշնչանք է հանդիսացել ամենագեղցիկ ձայնն ունեցող թռչունը:

Մինչ ծափահարությունները շարունակվում էին` Յանին խոստովանում է, որ նման ջերմ վերաբերմունքից հետո իր համար դժվար է հանգստանալ:

«Դուք անչափ մեծ սեր ու ուժ տվեցիք ինձ ամբողջ երեկոյի ընթացքում», - ասում է նա:

Այդ ժամանակ դահլիճից նրա երկրպագուհիներից մեկը բարձր գոռաց.

«I love you»

«I love you too», - ժպտալով բեմից պատասխանեց Յանին:

Համերգի վերջում հնչեց Յանիի ամենահայտնի կատարումներից մեկը` «One man’s dream», որը երաժիշտը նվիրեց բոլոր ներկաներին: Բացի այդ` նա խոստացավ վերադառնալ նաև հաջորդ տարիներին:

Մերի Մամյան

hetq.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!