Ավագ շաբաթ. մենք ոչ թե ապրում ենք, այլ զբաղված ենք ապրելով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Հասարակություն » Ավագ շաբաթ. մենք ոչ թե ապրում ենք, այլ զբաղված ենք ապրելով


Ավագ շաբաթ. մենք ոչ թե ապրում ենք, այլ զբաղված ենք ապրելով

 

Հեղինակ.

 

Ավագ շաբաթ. մենք ոչ թե ապրում ենք, այլ զբաղված ենք ապրելով
Բայց ճիշտը բանաստեղծությունն է... Ով էլ որ գրած լինի, գրողը տանի...
Ի. Բրոդկսկի-Ավագ Եփրեմյան

- Ռաբբի, մի՞թե կարելի է շաբաթ օրով սափրվել...
- Ոչ, չի կարելի, շաբաթ օրով ոչինչ չի կարելի անել, - ասում է ռաբբին ու շարունակում սափրվել:
- Բայց դու ինչո՞ւ ես անում, չէ՞ որ այսօր հենց շաբաթ է...
- Բայց ես ոչ ոքի չեմ հարցնում՝ կարելի՞ է, թե՞ չի կարելի... Մարդն ազատ է միայն իր ցավի մեջ. ամենակարող է, կատարյալ է, ստեղծագործ...

Թող սխալ լինեմ, ինչն ավելի հավանական է։
Դժվար գիտակցելի է, բայց կարծիք հայտնելն արդեն իսկ չհամաձայնել է նշանակում, նույնիսկ եթե քծնում ես...
Երկրի բանալին գողացել են, մնացել ենք դրսում...
Երկինքը սիրում է իմացության ճանապարհը բռնածներին, և դաժանորեն պատժում նրանց, ովքեր ինչ-որ բան գլխի են ընկնում...
Պատմության շրջափուլերը
1. Ստեղծել չափանիշ-արժեքներ:
2. Հետևել չափանիշ-արժեքներին:
3. Կործանել չափանիշ-արժեքները:
4. Շարունակել «Կյանք» կոչվող գործողությունը:

Ծնթ. ամեն շրջափուլ ունի նույն անունները կրող իր ենթափուլերը, որոնցում տեղի են ունենում նույն բաները, բայց ավելի փոքր ընդգրկումով:
Ավագ Եփրեմյան

–Ավագ Եփրեմյանին ողջունում եմ, իր իսկ տողով՝ Կենդանի շփումներից իսպառ խուսափելու ճիշտ ժամանակն է. այսպես բոլորս գրեթե անթերի ենք, ի՞նչ իմանաս՝ ինչե՞ր կարող են պատահել իրար հանդիպելիս...

–Նախօրոք ասեմ, խոսելու ենք, բայց հարցազրույց տվող չեմ, սա անջատի։

–Բայց ստատուսներ եք գրում ֆեյսբուքում, դա հարցազրույցից բեթար բան չի՞, չնայած, երևի, դա նոր ձևաչափ է, կարելի է ասել անգամ՝ ժանր է, մի քիչ էլ նման է գուսանության՝ պատի տակ նստած՝ ասում ես։

–Հիմա ամեն ինչն է գուսանություն դարձել։ Հենց քո ասած՝ պատատակեր են ու ասմունք…

–Ավագ, վերևում մի մեղքի ամպ է կուտակվում, և մի օր անպայման գալու են բոլորիս ետևից, դրա համար էլ ես սկսեցի հարցազրույցներ անել, որ հարդը, Ավագը, ցորենը իրարից զատենք։ Հետո էլ խոսքը պիտի նետես, որ շուռ չգա քեզ սպանի, չէ՞։

–Այն, ինչ պիտի ասվի, հնարավոր չէ ասել, իսկ այն, ինչ ասվում է՝ ինքը չի։ Նայի, օրինակ, ասվում է այս նախադասությունը՝ մենք պիտի միասնական լինենք...

–Վայ, դա թմբուկ է, նախադասություն չէ։

– Էդ է, բոլոր նախադասություններն են հիմա այդպիսին։ Ոչ մի բան են նշանակում։ Որովհետև հիմք չունեն։ Սրում եմ, իհարկե, սրում եմ ու կարծում եմ՝ շատ չեմ սխալվում, որ սրում եմ: Իրավիճակն ավելի սուր է…

–Մեզ ցեղով-տեղով օդից կախեցիք, բա որ աղն էլ է անհամացել, էլ ինչո՞վ կաղվի։

–Սա մի անգամ էլ եմ ասել. մենք ապրում ենք 8-րդ հարկում, որի հիմքը չկա, մնացած հարկերը չկան։ Երկար պատմություն է, դիմադրողները շատ են, որովհետև չեղած հիմքերը նույնպես մարդիկ են, համաձայն չեն, որ իրենք արդեն հիմք չեն…

–Բան հիշեցի. Տաթևում էի, մի մարդ մոտեցավ, թե՝ «Քո պապը «պադլեց» մարդ էր», ասի՝ խի՞, ասում է՝ «Որովհետև որ հետս խռով էր, եկավ՝ թե՝ hիշո՞ւմ ես, որ դու տուն էիր սարքում, ես քեզ գերան եմ տվել, դե հիմա էդ գերանս տուր»։ Ես էլ ասի՝ այ մարդ, էդ ի՞նչ վատություն ես արել պապիս, որ ուզել ա քեզ հիմքից քանդի։ Հիմա մենք Ձեզ ի՞նչ ենք արել, որ այսպես հիմնահատակ եք անում, Ավագ Եփրեմյան։

–Դե տեսար, իմ ասածը էդ գյուղում ասված է եղել արդեն, ուրեմն, ամեն բան էլ ասված է, հիմա պիտի ասվածը արվի. մոտավորապես էսպես։

–Իսկ ես կասեմ, որ Ձեր խոսքը շարժում ու գործողություն պիտի լինի տեղով. խոսքն էլ նշան է, չէ՞, մեր «Ա» տառի պես, որ ոտքերը կախ է գցել ներքևում, բայց վերև է նայում, «Բ» տառի պես, որ իբր գլխիկոր է, բայց մեջքից հեչ չես ասի, թե ծռված է. էս նշաններն օդ գցելիս արդեն մի բան շարժվում է, գործողություն է կատարվում, ի՞նչ է՝ Ձեր խոսքին Դուք էլ չե՞ք հավատում։

–Չէ, հիմա, երբ ուզում ես հատկապես ճշմարտությունն ասել, անմիջապես պիտի լռես։

–Ճշմարտությունը մեկն է, այն էլ՝ երկնքում, մնացածը զրույցներ չե՞ն ճշմարտության մասին, մարդն իր ապրած մի քանի տարում կկարողանա՞ հասնել որևէ ճշմարտության։

–Մարդիկ երբևէ իրար չեն հավատացել, այդպիսի ձև, այդպիսի սկզբունք գոյություն չունի։ Երբեմն-երբեմն բոլորը միասին որևէ բանի հավատացել են, և տպավորություն է եղել, թե իրար են հավատում: Ժամանակին մի եռանկյունի էի գծել. իմ խոսքն ուղիղ չի հասնում քեզ, այլ գնում է վերև, այնտեղ՝ վերևում, եթե սուտ է լինում, փշրվում է, եթե՝ ոչ, գալիս է ուղիղ քեզ։ Մարդկանց մեջ հորիզոնական կապեր չկան։ Դա լավ կամ վատ չի, չկան:

–Բա երեխաներն ինչի՞ց են ծնվում, եթե հորիզոնական կապեր չկան։

–Դու ասում ես՝ ինչի՞ց, ես էլ կասեի՝ ինչո՞ւ են ծնվում։

–Քոնոնք ինչո՞ւ են ծնվել։

–Իմ հայացքով՝ որ ես իրենցով ուրախանամ, իրենց հայացքով՝ չգիտեմ։ Սա պատասխան չի. իհարկե, բայց հատկապես էս հարցում չեմ ուզում որևէ դատողություն անել, չեմ ուզում երեխաներին տեղավորել դատողությունների մեջ…

–Չէ, ամեն դեպքում, սիրուն պիտի հավատալ, ի՞նչ է՝ Դուք չե՞ք հավատում. հիմա, որ մի նոր սեր գա, Ձեզ չի՞ կարող քանդել ու նորից հավաքել։

–Իհարկե, կարող է, ջահելացնում, սիրունացնում է, մանավանդ նոր երեխա բերելը. բայց դա շատ աշխարհիկ բան է և իմը չի, ըստ երևույթին… Էդ ճանապարհով գնամ, մեկ էլ տեսար լավատես էլ դարձա… Մի խոսքով…

Բայց ասեմ, լավատեսությունը շատ է մոտ ռաբիսին, մանավանդ՝ արտահայտելիս։ Նայի, որ խոսեցինք, կռիվ ենք սարքելու. ասում ես՝ հավատալ, ինչի՞ն հավատալ՝ Աստծո՞ւն, թե՞ մե՛ր Աստծուն, ահավոր լուրջ բան է սա, գուցե նաև՝ ոչ բարձրաձայնելի… ամբողջ աստվածային, չէ, ուզում էի ասել հավատքային համակարգը պիտի փոխել… ո՞նց… անհնա՞ր է, թե՞ անհնար չէ… Ու չեմ էլ ուզում էս հարցում ուրիշների համար մտածել…

–Իսկ այդքան մտածելով ապրել լինո՞ւմ է, ընդհանրապես, այդ երկուսն իրար հետ սինքրոն անելու բան է՞։

–Ոչ, հնարավոր չէ, այս տարրական բանը հնում շատ լավ են իմացել՝ հույնը, հռոմեացին և այլն… Կամ այսպես, կամ՝ այնպես։

–Հիմա արի ու մի հարցրու, տակառդ ո՞ւր է։

–Երբեմն այնպիսի շշմելու բաներ կան, չգիտեմ։ Դե, թվում է ձեռքի խաղ է, բայց տակն այնքան բան կա, հասկացողը հասկանում է։

–Քանի՞սը կլինեն Ձեզ հասկացող։

–Չէ, էդպես չի, որ իրենք պիտի ինձ հասկանան, հակառակը՝ ես եմ հասկացել, որ իրենց հասկացել եմ, ես ուշիմ աշակերտի պես իրենց հասկանում եմ, ես ազնվորեն սովորել եմ, մի խոսքով՝ լիովին չընդունված բաներ ասելու ժամանակն է։

–Միշտ էլ հենց այդ խոսքի ժամանակն է եղել, զանգվածը հենց այն դարձրել է իր սեփականությունը, այ, էդ պահին էլ ստվել է։ Համաձայն չեք՞։

–Միշտը ո՞րն է, մարդու հիշողությունն այդքան երկար չէ. 2000 տարի է նույն հիմքի վրա ենք ու հիմա տեսնում ենք, որ քայքայվել են այդ հիմքերն ու շենքերը։ Բոլորս նույն պատկերացումների վրա ենք՝ արվեստագետ, քաղաքագետ, գրող...

–Չէ, դա սարսափելի վատ է, դրանք պիտի որ այլ մարդատեսակներ լինեին...

–Այո, իսկ մենք խոսում ենք բաների մասին, որոնք այլևս գոյություն չունեն։

–Բայց Ավագն, օրինակ, իր պոետական ցնորքների մեջ պիտի որ կանչած լիներ հենց այս ժամանակը՝ համացանց, բջջային կապ, տեխնոլոգիական հրաշքներ. մարդիկ երբեք այսքան հասանելի ու մոտ չեն եղել իրար, հիմա հենց բացվելու ժամանակ է, ոչ թե փակվելու՝ ուզածդ բանը աշխարհին կարող ես սեփական անկողնում պառկած հաղորդել, ուզածդ գաղափարը տարածել։

–Ինձ թվում է՝ դա խաբուսիկ բան է, ես էլ կասեմ, որ դա մարդկանց մինչև վերջ առանձնացնելու հաջող փորձ է. հա, ամեն մեկը ստացել է կատարյալ հնարավորություն իրեն ուրիշների աչքը կոխելու...

–Մարդը՝ ցից։ Վա՞տ է։

–Հա, վատ է։

–Բայց այնքան մարդու էին թաքցրել, անկողին գցել, որ ծպուտը դուրս չգա, հրապարակներում մտքեր չտարածի...

–Հիմա այդ մարդկանց հավասար բոլորի հետ երևացնում են, ինչը նույն չերևացնելը, թաքցնելն է։

–Այսինքն, հիմա էլ այսպես են կորցնում, հա՞։

–Այո, կորած ես որպես միավոր, որ կողմից կուզես՝ նայի։

–Բայց մարդ կորցնելն այդքան հեշտ բան չէ, խնդրեմ՝ աշխարհի բոլոր կենդանի էակները գնալով քչանում, կորում են, մարդս, բոլորին ոտի տակ տալով, շատանում ու շատանում է։

–Դե, առնվազն պիտի չլինես, որ շատանալու ձգտում առաջանա։ Շատը ոչ մի բանն է։ Նույն համակարգիչը պիտի մեզ սովորեցներ, որ առնվազն կասկածելի է իրականությունը։ Այս օրերին ամենակարևորը ոչ թե ասել, խոսել, լսելն է, այլ՝ փոխազդելը. պետք է շարունակել իմանալ, ոչ թե շտապել ասել։ Սուսուփուս իմանալ, որովհետև դեռ լավ չգիտես։

–Բայց առավոտ կանուխ մի լավ, պայծառ տղա արթնացել է արդեն և ուզում է աշխարհն իմանա, մի սիրուն բան կարդա, տողատակում մտածի... Սա, իհարկե, լրիվ այլ պատմություն է, բայց մեր տառերի կառուցվածն ասում է այն 36 հատկանիշների մասին, որ մենք պիտի ունենանք. եթե շատ նայենք նրանց, ավելի շատ կնմանվենք։

–Շատ կարևոր բան ես գտել, բայց տես՝ ինչ լուրջ խոսակցություն է սա և բացարձակ հարցազրույցի բան չէ։ Հիմա արժե՞ սա ներկայացնել հանրությանը՝ չէ։ Որովհետև հնչող բառը կասկածն ավելացնում է, այդպիսի խասյաթ ունի բառը։ Բառը դուրս է գալիս և հում է թվում անընդհատ։ Տպավորիչ չի դառնում...

–Բայց ինչո՞ւ պիտի տպավորիչ լինի, նրա գործը արտահայտիչ լինելը չէ՞, միգուցե այստեղ է ամբողջ խնդիրը, երբ մենք բառերն առած ճգնում ենք տպավորիչ մտքեր արտահայտել...

–Դե հա, համաձայն եմ, բայց միայնակ բառը, անգամ ամբողջական պարբերությունը չի կարողանում արտահայտիչ լինել։ Ասեք՝ Հայրենիք, տեսեք այն կարո՞ղ եք փրկել, իսկ գուցե՝ հակառա՞կը։ Հակոբոս առաքյալի մոտ կա. «Սատանաները նույնպես աղոթում են Աստծուն»: Առաքյալների թղթում միակ այսպիսի միտքն է:

–Ավագ, կատարյալ ազատության եք հասել երկու խաղավարի արանքում։

–Ես հիմա այնքան ազատ եմ բանաստեղծության մեջ, որ եթե բանաստեղծություն չկարողացա էլ գրել, բայց բառ ու հանգ եմ գտնում: Օրինակ Մ. Բուլգակովի բերած սատանան… արանքն ինչ ուզում ես՝ լցրու, բայց վերջում գրի, որպեսզի մարդիկ հար–սատանան կամ հարա–զատանան:

Բրոցկին հարցազրույց է տալիս. «Այ, հենց այս արանքը կտրելու են»։ Բայց ինքը հանգի մասին է խոսում: Ասում է՝ «Հանգերն ավելի կարևոր են, քան՝ իշխանությունը»,- բայց հետո ավելացնում է՝ «Եթե կտրելու են, թող կտրեն. իրենք իրենց են կտրելու»: Հանգերի մասին երկու հրաշք միտք հիշեցի այս պահին՝ «Հանգերը Աստված է թելադրում» և «Հանգերը բացահայտում են աշխարհի անտեսանելի դարձած կապերը»: Մեկը Ռիլկեն է, մյուսը՝ Օկտավիո Պասսը: Արի պոեզիայից խոսենք, թե չէ ինչի՞ ետևից ենք գտել:

–Ինձ համար հանգը ոչ թե տաղաչափական հնարանք է, այլ հենց կորած, անհետացած ձայներ՝ մեր ձեռքով գնացած կենդանիների բնաձայնություններն են՝ բոլոր մեռյալների ձայները:

-Այո, սկզբում իրար հանգերով են կանչել:

-Կոպիտ ասած՝ հանգը հենց նախնականն է, չէ՞:

– Կամ սկզբում բոլորը հանգավորված են եղել՝ բոլոր էությունները:

– Ուրեմն ներդաշնության մեջ: Այստեղ բարձրանում ենք երկինք: Ստեղծողն է բանաստեղծը, նախաստեղծողն արարիչն է:

–Ես շատ լավ հասկացա, որ դու ինձ հասկացար: Մարդը ճշմարտություն ասող չէ: Բայց պարզվում է՝ երկուսով նույն բաները հիշեցինք, որովհետև բանն իմացությամբ չէ. նայած ի՞նչն է արթնանում այդ պահին: Եթե ուշադրությունդ դրա վրա ես պահում ՝ տալու է, արթնացնելու է:

–Փաստորեն իմացությունը ներսումդ կա, ասում է՝ «Դու գիտես, հանի»: Ծիծաղելի են նրանք, ովքեր ասում են՝ ես այս դերը ստեղծեցի, ես բանաստեղծություն ստեղծեցի, ես մշակույթ ստեղծեցի: Էդ դո՛ւ չստեղծեցիր, դո՛ւ չնկարեցիր:

– Այո, մարդուն հորինելու որևէ հնարավորություն տրված չէ, փակ է:

– Որովհետև մարդը տեղով մեկ ստեղծագործություն է, հենց ինքն է ստեղծագործություն: Ոնց որ պատիդ վրայի նկարը որոշի ինքն իրեն նորից ստեղծել. ասենք՝ դու քնած լինես գիշերը, և ինքն իրեն որոշի ստեղծագործել: Մարդկությունն ինքն իրեն է շարունակում: Կներեք, բայց ինձ թվում է, որ կան մարդիկ և մարդակերպներ:

– Էս դասավորությունը գիտեք. նկարչությունը մեր կողքին է, մենք ենք: Բանաստեղծությունը մեր խոսքն է, որ ձգտում է բարձրանալ վերև, իսկ երաժշտությունը վերևից թափվող բան է: Նկարչի ստեղծածը շատ է նման աշխարհին, նկարչին ավելի շատ կարող է թվալ, թե աշխարհ է ստեղծում: Նկարիչներին ներելի է, պոետին՝ չէ:

Ասում եք՝ Ռուսաստան, թե ինչո՞վ է Ռուսաստանը վատ: Աղոտ եմ հիշում, բայց ասեմ ՝ Բերդյաևի գրքում էր ՝ Գերցենն գրում է ռուսական կալվածատերերի խոսքը՝ «Ես չեմ ուզում փիլիսոփաներ լինեն նրանք, ովքեր պիտի ծառայեն ինձ»: Դե, գնա Եվրոպայում այդպիսի մի միտք գտի: Ես էլ իբր այդպես Ռուսաստանին եմ պաշտպանում /ծիծաղում է – Վ.Ս./։

– Ինչո՞ւ, ռուս մտավոր ընտրախավն աշխարհի ամենաբարձր մտավորականությունն է՝ ինքնազոհաբերվող տեսակ: Այ, կա՞ մեզ մոտ այդ տեսակը. պատերազմի մասին չէ խոսքս, այլ հենց խաղաղության: Ովքե՞ր են այդ երկու մտավորականները: Չարենցից հետո ո՞վ կա, որ գիտակցված գնում է դեպի կախաղան, որ տեսնում է երկրի վրա կախված ամպը և ուզում է մեռնել դրա համար:

–Երկուսը քիչ ես ասում՝ 100: Հիմա ասում ես՝ լուծումը սա՞ է:

– Երևի։ Նույն Ռուսաստանում կին մտավորականները գնացին անգամ ինքնասպանության:

– Որևէ բան աշխարհում փոխվում է միայն արյամբ: Դա ոչ կապ ունի Ռուսաստանի հետ, ոչ էլ՝ այլ երկրի, դա տիեզերական ծես է: Բայց քանի որ Քրիստոսի մասին չէ խոսքը, հաշվարկ եմ արել և գիտեմ, որ մեկով, տասով չի լինի։

–Բայց դա արդեն սպանդ կլինի:

– Կայծակ անամպ երկնքում՝ սա է: Դրա համար ես շատ վախվխելով եմ ասում. չլինի՞, թե մղում եմ դրան, բայց կարգն է, տիեզերական օրենքն է այդպես:

–Երբ Գերմանիայում լյուստրացիան եղավ և Շտազին բացվեց, մի քանի պայծառ մտավորական նետվեց պատուհանից: Մարդիկ տեսան դա։ Այդ անձնասպան մտավորականը տեսավ, որ պատմության ամոթալի էջեր են բացվում. եղբայրը եղբոր վրա էր գործ տվել, հայրը՝ որդու, և դա մեռնելու լուրջ պատճառ էր իր համար: Չգիտես ինչո՞ւ՝ վստահ եմ, որ իրենց մեղքերի համար չնետվեցին:

– Կան, չէ՞, էդպիսի տետրակներ՝ «Ներկիր ինքդ»։ Սովետի ժամանակ էլ կային, հիմա էլ կան։ Հանձնարարական էր տրվում, ասվում էր՝ ներկի՛ր:

–Ու չգիտես ինչու՝ մնացած գույները խունացած են, կարմիրով է լավ ներկվում: Մի խոսքով, ռազմավարություն կա՝ պարապ բան չէ:

–Նայեք, մեկն ասում է՝ պետք է Ռուսաստանից հրաժարվենք ու գնում է տուն, մեկն ասում է՝ պետք է Եվրոպայից հրաժարվենք ու գնում տուն, մեկն ասում է՝ պետք է զոհվենք ու գնում տուն: Էդ հո մենակ տուն գնա՞լ չէ. գնում է տան հոգսերը հոգալու: Սա է ամբողջ պատմությունը, ընդ որում՝ ասելն ուրիշ պատմություն է, անելն՝ ուրիշ: Ես էլ ասում եմ՝ թեկուզ ամենավատ բանը ասեք, բայց նույն բանը ասեք միասին:

–Բայց, ինչպե՞ս կարող ենք նույն բանը միասին ասել, էլ չասենք՝ ով և ով:

- Եթե չեք կարողանալու, մնալու եք հարցազրույց տալիս և վերցնելիս: Մտածող մարդու համար կա մի տարիք, երբ նա ասում է կարևոր բաներ, որովհետև միտքն, ընդհանրապես, կրկնություն է, սիրտն է միշտ եզակի: Օրինակ, ուսանող տարիքում մեծ մասը հեղափոխական են, ուղղակի կան նաև սրիկաներ: Իսկ մենք ամեն անգամ սրբություններ ենք մեջտեղ բերում՝ ամեն մի տխմար առիթով: Գուցե, այնուամենայնիվ, պետք չէ՞ խոսել: Թող, առհասարակ, խոսեն նրանք, ովքեր չգիտեն՝ ինչի՞ մասին է խոսքը: Գուցե հիմա նրանց ժամանակն է, որովհետև մենք ոչ թե ապրում ենք, այլ զբաղված ենք ապրելով: Իսկ ես, ընդհանրապես, քեզ հետ ազնիվ զրույց եմ անում, իսկ դու ասում ես՝ սա հարցազրույց է:

–Արդեն հարցազրույց ես տալիս, ընդ որում՝ տեղ–տեղ աֆորիզմներով։ Իսկ դրա համար գիտե՞ք, որ խաչում են: Օրինակ, Քրիստոսին դրա համա՞ր չխաչեցին, նա էլ առակներով էր հարցազրույց տալիս:

–Թող այսուհետ առակներ գրվեն հարցազրույցներում: Որ կողմից ուզում ես՝ նայի, հարցազրույց տվողն ավելի ազնիվ է, քան հարցազրույց վերցնողը՝ նույնիսկ իր շփոթվածության մեջ:

–Տվողին ի՞նչ կա, նա տալիս է, վերցնողն է մնում սևերես:

–Հենց պետք է ապրել. մարդը մոռանում է ճշմարտությունները: Ինձ շատ են ասում՝ «Դու հեռու ես քեզ պահում»: Պատճառն ասե՞մ. Չեմ հասկանում՝ դրա համար: Եվ իրոք, պատճառը կա չհասկանալու: Ինձ փաստ տվեք՝ հասկանամ: Նույնը Եվրոպա-Ռուսաստան այս բանավեճում է: Դրա համար էլ ֆեյսբուքում գրել էի՝ եվրոպական քաո՞ս, թե՞ ռուսական «սմուտա»: Բայց որոշներն այնպես են վերլուծում, կարծես հստակ գիտեն, թե այստեղ ինչ կստանան, այնտեղ ինչ։ Ես չգիտեմ:

–Փաստորեն, Ձեր լռությունը չիմացությա՞ն արդյունք է։ Եվ ուզում ես մենք դրան հավատա՞նք:

–Այո, ես այդ բաները չգիտեմ:

–Բայց որ պատուհանը բացում ես ու տեսնում, որ մարդիկ ծեծվում են, գոռում են, աղետ է։ Սա հասկանալը բա՞րդ է:

– Դրա մասին միշտ խոսողներ գտնվում են: Սա արդեն մեծամտության նման կարող է հնչել, բայց գուցե թե մի տեսակ նեղացածություն կա, որովհետև այսօր ինչ ասում են՝ ես տեսնում եմ իմ գիրը 20 տարի առաջ:

– Փաստորեն, Հայաստան–2020 ծրագիրը փնտրենք Ձեր նոր գրքում:

- Հիմա այդպիսի բաները կոմպյուտերներն են անում, եղանակով, բան՝ ասում են: Հումորն ավելի ողբերգական մի բան է, քան ինքը՝ ողբերգությունը: Հումորը ծիծաղ է մարդու վրա: Եթե մարդը ծիծաղելի է, ապա դա ամենամեծ ողբերգությունն է, իսկ մարդն, իսկապես, ծիծաղելի է, դրա համար էլ՝ ողբերգական:

- Խոշոր պլանում ողբերգություն է, ընդհանուր պլանում՝ կատակերգություն. նայած որ հարցին ինչ ռակուրսով նայես: Ինչպես ասում են՝ գտիր ռակուրսդ:

- Հա, կան այդպիսի ռեմիքսներ՝ ողբերգությանը նայել կատակերգության հայացքով։ Բոլոր սրբություններն այսօր ռեմիքսի թեմա են դարձել: Ես չգիտեմ այդ դեպքում ես ու դու ով ենք, բայց այլև մարդը ծիծաղելի է: Ընդհանուր դեգրադացիա է սա: Համլետն այլևս ի՞նչ անի:

-Համլետի «Լինել, թե՞ չլինելը» դարձել է «Լինում է, չի լինում»: Այսինքն, Համլետն էլ է հեքիաթ դառնում, զգոն լինենք Ավագ Եփրեմյան։

- Այսօր արդեն ամբողջ մարդկությունը զգացել է, որ այն, ինչ թաքուն էր պահվում, ընդամենը խաղ է, դե, որ խաղ է՝ այսպես ենք խաղում: Ինչ-որ մեկը թելադրում է սա՝ «ավելի ու ավելի ազատ եղեք»: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպես ես վերծանում այն: Ամբողջ լեզուն վերծանման տրվող տեքստ է և նայած, թե ոնց ես վերծանում: Բա ամոթ չի՞ այս խաղը կատակի տանք, լուրջ խաղ է:

- Պարոնայք, խաղադրույքները կատարված են: Ուղղակի պետք է դիմանաս գայթակղությանը և ինքդ քեզ չներդնես։

- Այո, հենց իրենց ներդնողներն են պարտվում, բայց մեծագույն արվեստի ստեղծագործությունները հենց պարտություններ են, և դրանք արժեն ամբողջ աշխարհի բոլոր հաղթանակները, որովհետև դրանք հենց արդարացումներ են: Ի վերջո, ինչ է ուզում Աստված մեզնից՝ արդարացում: Եթե չկարողանաք արդարանալ, նրանք են իրենց ստեղծագործությամբ մյուսներին արդարացնելու, բոլորին ՝ խմբով, քանի որ նրանք եղել են:

- Այո, հարցը կախված է՝ ինչ բանի էինք այս հողի վրա: Հարց է չէ՞: Օրինակ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ես լռում էի , որպեսզի Ավագ Եփրեմյանի բանաստեղծությանը չխանգարեմ, դա էլ գործ է չէ՞: Բայց արդարանալով չես փրկվի. արդարանում ես, որովհետև մեղավոր ես:

- Հազար տարբերակ կա, բայց ես երկուսը գիտեմ՝ մեկը նախամեղքն է, որ բոլոր մարդիկ մեղավոր են, բայց կա նաև թաքնատեսությունը: Թաքնատեսության տեսաբաններից մեկը մեզ հուշում է, որ վերևում կռիվ է. կանգնած են Աստծո և սատանայի, չարի և բարու զորքերը: Այստեղ են ուղարկվել նրանք, ովքեր կասկածում էին: Այստեղ են ուղարկվել նրանք ճշտվելու, այսօրվա լեզվով ասած՝ կողմնորոշվելու: Այստեղ մենք նրա համար ենք, որպեսզի պատասխանենք, թե ու՞մ զորքն ենք համալրելու, որ Մեծ կռիվն սկսվի:Դրա համար եմ ասում, շատ չխոսենք այս տարածքում, լռել իմանան։ Իմ սիրած Բրոդսկուց գամ. եթե կյանքը նպատակ էլ ունի, ապա մենք չենք այդ նպատակը։ Երևի։

–Տեխնոլոգիական առաջընթացն ամեն ինչ տեղը գցի, քիչ մնաց, կհասկանանք երևի, թե մարդն ով է ի վերջո։

–Ւմ կարծիքով, տեխնոլոգիական առաջընթացը բերելու է հասցնի ճշմարտությանը։ Եվ կարևոր չէ՝ մեզ դա դո՞ւր է գալու, թե՞ ոչ։ Մեծ սեր է երկրի հանդեպ երկնքի սերը։ Այն մեզ հասցնելու է ճշմարտության իմացությանը։ Մեր մեջ կա, չէ՞, այդ ցանկությունը։ Ուզո՞ւմ եք՝ կտա։

–Փաստորեն, ասացինք, որ Ճշմարտությունը Նա է, և Նա կբացվի, կներկայանա։

–Արդեն բացվում է՝ կամաց-կամաց։ Ինչքան ընդունակ ենք ընկալելու, այդքան էլ բացվում է։ Այս արյան, տառապանքների և ողբերի միջով գնալով՝ պատրաստվում ենք։ Մահվան նման մի բան է։ Եղբորս գնալով՝ Աստված ինձ պատժեց։ Ինձ էր տանելու, բայց նրան տարավ։ Նման դեպքերում օգնում է հավատացյալ լինելը։ Բայց մենք գրող-մրողով այդպես հավատացյալ չենք։ Ամեն առավոտ վեր եմ կենում և մտածում եմ, որ մի բան դեռ կարելի է անել...

–Փաստորեն, մահվան գաղափարն ընդունել եք։

–Հա։ ... Ախպերս... Խելագարվում եմ. ես հիմա էդ ստատուսները գրում եմ, որ զբաղվեմ։ Կարող է լա՞վ է ստացվում, չգիտեմ, բայց զուտ ինձ զբաղեցնելու համար եմ գրում։ Շատերը գլխի են ընկնում, շատերը՝ չէ։ Ինչ անում եմ՝ միասին ենք։ Միշտ էլ եղել է այդ մտայնությունը, որ մենք նույն գործն ենք անում՝ կես-կես։ Եվ այդպես էլ կա, իմիջիայլոց։ Իր գիրքը, իմ գիրքը՝ գաղափարներով իրար վրա ազդել ենք։ Միասին մի տեղ էինք խփում։ Նրանից հետո բոլոր բանաստեղծություններս նրան են վերաբերվում և նրան են նվիրված։ Ես միշտ ցնցումներից հետո եմ առատ գրել։ Դե, սրանից մեծ ցնցո՞ւմ... Անընդհատ գրում եմ և անընդհատ՝ իր մասին։

–Կարո՞ղ է բոլորս էլ արդեն վերջին ենք հասել, Ավագ։

–Հա, ցիկլի վերջին. Մի բան պիտի փակվի։ Բայց դա էլ է սեր։ Աստվածները չեն ուզում կոպիտ խառնվել. Ուրիշ հունով են տանում։ Մարդ չեն, որ ամբողջ օրն իրենց երեխուն ասեն՝ այսպես արա, այնպես արա։ Կատարյալը հենց դա է։ Դա իրենց խաղը չէ։ Իրենց խաղն այդպիսի խաղ չէ։

–Սրո՞ւմ են դրամատուրգիան։

–Այո, որովհետև դա աստվածային դրամատուրգիա է։ Նրանց ստեղծագործությունն ենք։ Եթե աստվածների խորհուրդը որոշում է վարի տալ այս մարդկությանը, որովհետև լավը չենք, բայց ձեռքը չի գնում, որովհետև ինքն է ստեղծել։ Գնում է Նոյին թաքուն ասում, տապանը սարքել տալիս։ Էակներ են, ամենակարող էակներ են։ Անմահ էակներ են, բայց՝ էակներ են։ Այնպես չէ, որ ես հիմա խոսում եմ՝ Նա լսում է։ Նա ինչո՞ւ ամեն վայրկյան լսի ինձ, եթե գիտի, թե ինչ է դրել իմ մեջ, որպեսզի ինքս ինձ լսեմ։ Եթե լսել է, ապա այդպես է լսել։

–Եթե կարելի է այսպես կոպիտ ասել՝ հիմա նա մեր գենն է լսում, մեր ԴՆԹ-ն։ Ժապավենն էլ պահում է, որ հասնենք տեղ, դատաստանը տեսնի։

–Այո, նա մեզ ձայնագրում է անընդհատ։ Երբ ուզենա, կմիացնի կլսի։ Երբ իրեն պետք է՝ միացնում է։

–Վայ, իմը հենց միացրեց, ես խայտառակ կլինեմ։ Ձերը որ միացնի, ամաչելու բան շատ ունե՞ս։

–Բա իհարկե։ Լիքը։ Մարդը տեղով մեկ ամաչելու բան է։ Աստված մարդու մեղքերը ներելու ժամանակ չի տրամադրում։ Աստված ներում է ամբողջ մարդուն։ Սա գրել էի ֆեյսբուքում, մի խելոք գրել էր՝ «Ամբողջ մարդը ո՞րն է...»։ Երբ չես խոսում, մի քանի անգամ ընկալելի է ամեն ինչ։ Խոսքն ամբողջ ճշմարտությունից մի բան պոկելու նման է։

–Դե, դրա համար պիտի ժայռ լինես, որ ինքդ քեզ քերես, քերես ու չվերջանաս։

–Այո, վերջերս մտածում եմ, որ ամենաճշգրիտ էակը հենց քարն է։

–Էդ պիտի որձ քարերի երկրից լինի՝ իմ ու քո հայրենիք Զանգեզուրից, որ հասկանա, չէ՞...

–Էն օրը Մհեր Արշակյանին ասացի՝ ինձ համար մի մահախոսական գրիր։ Ճիշտն ասած, ուզում էի հասկանալ, թե ի՞նչ են գրելու իմ մահվանից հետո։

–Ավագ ջան...

Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի

http://www.tert.am/am/news/2013/09/14/avag-epremyan/#.UjR2brQP-A4.facebook
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!