Հոկտեմբերի 11-ին՝ աշխատանքի տոնավաճառ Սյունիքում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հոկտեմբերի 11-ին՝ աշխատանքի տոնավաճառ Սյունիքում


Հոկտեմբերի 11-ին՝ աշխատանքի տոնավաճառ Սյունիքում

 

Հեղինակ.

 

Հոկտեմբերի 11-ին՝ աշխատանքի տոնավաճառ Սյունիքում


Սյունիքում գործազրկությունը երկու տոկոսով նահանջել է, սակայն միևնույն է մեր մարզն այս ոլորտում կրկին մնում է չակերտավոր առաջատարների շարքում։ Իսկ նահանջել է,ոչ թե տնտեսական բարելավման, այլ արտագաղթի շնորհիվ։ Կապանն ու Գորիսն են Սյունիքի ամենախոցելի կետերը։ Այստեղ օր օրի ավելանում է բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացողների թիվը, սակայն մայրաքաղաքից ծննդավայր շտապողներից շատերը մնում են տանը։ Երիտասարդների համար հատկապես խնդիրներ են առաջանում, երբ գործատուն աշխատանքային փորձ է պահանջում։ Զբաղվածության մարզային կենտրոնի միջնորդությամբ հնարավորություն կա լրացնելու այդ բացը։

Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյան- «Հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 1-ը Զբաղվածության կենտրոնի մջնորդությամբ Սյունիքից 553 քաղաքացիներ տեղավորվել են աշխատանքի։ Ունենք նաև ծրագիր,ըստ որի այն անձինք,ովքեր ունեն մասնագիտություն, բայց ոչ աշխատանքային փորձ կարողանում են վերապատրաստման անցնել։ Նման դեպքում մենք 3 ամիս պրակտիկայի համար վճարում ենք տվյալ աշխատավայրի սահմանած աշխատավարձի 20 տոկոսը ։ Այս ծրագիրն ակտիվ գործում է»։

Գործազրկությունը սահմաններ չունի։ Այն իր ափերում ընդգրկում է թե երիտասարդներին, թե 35-ից 50 տարեկան քաղաքացիներին։ 46-ից 54 և բարձր տարիքայինների թիվն ավելի շատ է։ Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը նշեց, որ 2014թ-ի ընթացքում նոր ծրագրեր պետք է իրականացվեն մարզում, որոնք ևս կխթանեն խոցելի կետերում գործազրկության նվազումը։

Սյունիքում մեծ մասամբ հաշվապահների ,խոհարարների ,մատուցողների , հացթուխների և վարորդների թափուր աշխատատեղերն են գերակշռում։ Զբաղվածության կենտրոնը տեղեկացնում է, հոկտեմբերի 11ին Սյունիքում աշխատանքի տոնավաճառ կլինի, որտեղ կհանդիպեն գործատուներն ու գործազուրկ քաղաքացիները։ Զբաղվածության մարզային կենտրոնը բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու։

Մարգարիտա Մանուկյան
նկարը՝ trudobzor.ru
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!