Քաշաթաղի թիվ մեկ խնդիրը մնում է բնակարանների բարելավումը.
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաշաթաղի թիվ մեկ խնդիրը մնում է բնակարանների բարելավումը.


Քաշաթաղի թիվ մեկ խնդիրը մնում է բնակարանների բարելավումը.

 

Հեղինակ.

 

Քաշաթաղի թիվ մեկ խնդիրը մնում է բնակարանների բարելավումը.



Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը այսօր, լրագրողներին ներկայացնելով շրջանի խնդիրներն ու դրա ռազմաքաղաքական նշանակությունը, ասաց, որ այսօր էլ թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ բնակարանների բարելավումը։
«Մարդիկ գալիս են, յուրաքանչյուր նոր բնակիչ շատ ավելի բարձր պահանջներ է ներկայացնում, մենք պատրաստ ենք, մենք բոլոր հնարավորություններն օգտագործում ենք նրանց պահանջները բավարարելու համար, մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, ուղղակի մեր առավելություններից մեկը բնակլիմայական պայմաններն են»,–ասաց նա։

Արտուշ Մխիթարյանն ավելացրեց, որ Քաշաթաղի շրջանում բնակություն հաստատող մարդկանց տրամադրվում են վարկեր, բնակարանները հնարավորության սահմաններում տրամադրվում են, ինչպես նաև շինանյութ է տրամադրվում, որպեսզի դրանք կարգի բերվեն։

Բանախոսի տեղեկացմամբ՝ 30 սիրիահայ ընտանիք արդեն բնակեցվել է այդ շրջանում, որոնց ժամանակավոր կացարաններ են տրամադրվում։ Նա նաև հայտնեց, որ այս պահին Բերձորում կառուցվում է երեք բնակարան, որտեղ մոտ օրերս կտեղափոխվեն սիրիահայ ընտանիքներ, Կովսականում մի քանի ամսից կավարտվի 12 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, և 9 բնակարան ունեցող շենք էլ կառուցվում է գյուղերից մեկում։

Վերջինիս խոսքով՝ շատ բնակիչներ չեն պատկերացնում, թե խոսքը որ շրջանի մասին է։ Եվ եթե մի ժամանակ Քաշաթաղի շրջանում բնակվողներին ընկալում էին որպես ընտանիքներից լքված, իրավապահներից փախած մարդիկ, հիմա այդ կարծրատիպերը կոտրվել են։ «Ես նույնիսկ կասեի, որ այնտեղ ավելի հայրենասեր սերունդ է մեծանում»,– նշեց Քաշաթաղի շրջանի ղեկավարը։

Արտուշ Մխիթարյանը խոսեց նաև Ադրբեջանին հողերի հնարավոր վերադարձման շուրջ հնչող կարծիքների մասին և ասաց, որ այն, ինչ մեր «սուրբ նահատակների արյամբ է պահպանվել, պետք է շենացնենք»։

«Եթե նույնիսկ կա մեկը, ով նման ցանկություն ունի, պետք է ասենք, որ այդ հողերի տերերը մենք ենք, և մենք դա թույլ չենք տալու, մեր այն բնակիչը, որն Արաքսի ափին բոստան ունի, պատրաստ է իր ձեռքի բահով պաշտպանել այդ հողը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Քաշաթաղի շրջանն այժմ ունի մոտ 10 000 բնակիչ։

Արտուշ Մխիթարյանի փոխանցմամբ՝ ամբողջ Հայաստանում այս տարի է 50 000 հա ցանքս է արվել, իսկ միայն Քաշաթաղի շրջանում այդ թիվը կազմում է 20 000 հա։

«Զարգացումը կա, ուղղակի դանդաղ է ընթանում։ Շրջանային ճանապարհները գոնե ամեն տարի վերանորոգում ենք»,– ասաց նա և ավելացրեց, որ ներդրումների առումով իրենց շրջանը հրապուրիչ է, սակայն այսօր Հայաստանի փող ունեցողներին այդ շրջանը չի հետաքրքրում։




Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!