Հունիսի 29-ը՝ անհայտ ճակատագրով ազատամարտիկի օր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հունիսի 29-ը՝ անհայտ ճակատագրով ազատամարտիկի օր


Հունիսի 29-ը՝ անհայտ ճակատագրով ազատամարտիկի օր

 

Հեղինակ.

 

Հունիսի 29-ը՝ անհայտ ճակատագրով ազատամարտիկի օր


Արցախյան գոյամարտում շուրջ 1000 ազատամարտիկների ճակատագրեր մինչ օրս հայտնի չեն ։ Ամեն տարի հունիսի 29-ին նշվում է անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրը։ Շուրջ երկու տասնամյակ է անցել, միևնույնն է, ծնողների, հարազատների սրտի մի փոքրիկ անկյունում հույսը՝ որ իրենց որդին, ամուսինը, եղբայրը ողջ է, չի մարում։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարի մոտ ծաղիկներ դրվեցին։ Այսքան տարիներ որդուց ոչ մի լուր չունեցող Ալեքսանդր Գաբրիելյանը ընթերցեց կապանցի 18 անհայտ ճակատագիր ունեցող ազատամարտիկների անունները։

Անհայտությունը, անորոշությունը ևս կորստի ցավին հավասար մորմոք են։ Սրտում հույսի վերջին նշույլները նորից բորբոքելը, թույլ չտալը,որ մարի` մեծ ուժ է պահանջում։ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը ազատամարտիկների հարազատներին ամուր կամք ու համբերություն մաղթեց։

«Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը ևս հարազատներին մեծ ուժ ցանկացավ և շեշտեց, որ իրենց մեջ էլ անմար է լավ լուրով հարազատներին ուրախացնելու սպասումը։

Այս բոլոր մաղթանքներին զուգահեռ կան ծնողներ , որոնց աչքերն արդեն խամրել են սպասման ճանապարհի մշուշից։ Անհայտ կորած Լևոն Գաբրիելյանի հայրը կորցրել է հավատը։ Նա առաջարկեց հուշաքարի վրա գրել տղաների անուններն ու նկարներն ավելացնել, սակայն առաջարկը չընդունվեց.բոլորը չէ, որ պատրաստ են համակերպվել կորստի մտքին։ Ալեքսանդր պապը պապիկ չի դարձել ու չի զգացել չամուսնացած որդու հաջողությունների բերկրանքը։ Այսօր էլ արդեն չի հավատում, որ մի օր ամեն ինչ կարող է փոխվել։

«Իմանալով ովա թշնամին մեր, որ քնած մարդուն էլ են սպանում, ավտոմատը ձեռքին հայ զինվորին չեն խնայի։ Անցելա 19 տարի, ոչ մեկից ոչ մի պատասխան չկա, դրա համար ես կորցրել եմ հավատս»։

Ծաղկեդրումից հետո տեղական իշխանության ներկայացուցիչներն ու ազատամարտիկների հարազատները այցելեցին սուրբ Մ. Մաշտոց եկեղեցի մոմավառության՝ աղոթելու իրենց զավակների անհայտ ճակատագրերի համար։

Մ.Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!