«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն». Թաթուլ Կրպեյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն». Թաթուլ Կրպեյան


«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն». Թաթուլ Կրպեյան

 

Հեղինակ.

 

«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն». Թաթուլ Կրպեյան


Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կամ ինչպես հետագայում անվանեցին` Գետաշենի Արծիվը, կդառնա 48 տարեկան:
Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990թ.-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել:

Այդ ժամանակ, սակայն, զենքով կռիվ տալու ժամանակներ էին, և Թաթուլ Կրպեյանն իր վրա է վերցնում Գետաշենի շրջանի ինքնապաշտպանությունը`1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը՝ ստանձնելով Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարի պարտականությունը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը Գետաշենում իրականացրեցին հայտնի «Օղակ» օպերացիան, նպատակը` Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանում:

Սկզբում Թաթուլին հաջողվում է պատանդ վերցնել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին, բայց ռազմաքաղաքական հանգամանքների հետևանքով Թաթուլ Կրպեյանը 1991թ.-ի ապրիլի 30-ին Գետաշենում զոհվում է «Օղակ» գործողության ժամանակ։ Թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Մահվանից հինգ տարի անց`1996թ. սեպտեմբերի 20-ին, Թաթուլ Կրպեյանն հետմահու արժանանում է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման:

Ասպրամը հորը չի հիշում, որովհետև զոհվել է, երբ ինքը 1,5 կես տարեկան էլ չկար, բայց դա չի խանգարում մշտական «կապի մեջ լինել» նրա հետ:

«Իր ներկայությունը զգում եմ ամեն վայրկյան, հաղորդակցումը նրա հետ կա մշտապես: Հպարտ և պարտավորված եմ զգում Թաթուլ Կրպեյանի դուստրը լինելով»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց հերոսի դուստրը:
Թաթուլը ոչ միայն զենքով, այլև ազգագրական երգով ու գրչով էր պայքարում հանուն Արցախը Հայաստանին միացնելու գաղափարի` անդամակցելով Հայաստան- Արցախ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպությանը: Ասպրամը մեր խնդրանքով հիշեց նրա բանաստեղծություններից մեկը` «Լեռներն հայոց»-ը` նկատելով, թե ՀՀ ազգային հերոս հորն ընկալելու համար պետք է կարդան նրա գրվածքները. ինքն այնտեղ է:


Լեռներն իմ հայոց միշտ էլ հպարտ են,
Հպարտ լեռները արծվոի բույն են,
Բույն են դարերին,
Տուն են հայերին,
Սիրող սրտերին հույսն են լեռները,
Արհավիրքի դեմ սուր են լեռները:
Հայերի համար տուն են լեռները,
Տան տանիքն ու սյունն են լեռները,
Արևի շող են լեռները,
Մայրական սիրով բարուրած մանկան
Անուշ ժպիտ են հայի լեռները:
Մոր սիրող սրտի քնքշանքից հյուսված
Անհուն կարոտի դեզ են լեռները,
Միտքն են ու խոսքն են
Հայոց լեռները...


Մարտական ընկերները Թաթուլի մասին խոսելիս առանձնացնում են ազգային մտածելակերպը, կառավարման դիրքն ու խստապահանջությունը դիմացինի և հենց իր իսկ հանդեպ: Նրան սիրում էին, որովհետև դրանից նրա հանդեպ սերը չէր պակասում, որովհետև ինքնազոհության ճանապարհն էր բռնել` հանուն թեկուզ մեկ բնակչի անվտանգության:
«Ես դեսանտային զորամասերում զգացի, թե որքան եմ զիջում նրան իմ պատրաստվածությամբ: Տիրապետում էր կառավարման համակարգին, գիտեր` ինչը ո՞նց: Չափազանց դժվար էր հսկել Գետաշենի նման պատասխանատու վայրը, ուր գնացողները գրեթե հետ չէին գալիս, բայց նա հսկում էր»,-HayNews.am-ի հետ զրույցում խոստովանեց ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը (Պավլիկ Մանուկյան):

Գետաշենի, ինչպես և Շահումյանի կորստի մասին տարբեր քաղաքական կարծիքներ և մեղադրանքներ են հնչում: Ինքը՝ Թաթուլը մարգարեացել էր. «Վախենո՞ւմ եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել, հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի՝ ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:

Հետո երևանյան վերջին այցի ժամանակ հաստատել է. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն..»

Մարիամ Պետրոսյան

http://www.haynews.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!