Արդեն Երուսաղեմում է Գաբրիել հրեշտակապետի քարը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Արդեն Երուսաղեմում է Գաբրիել հրեշտակապետի քարը


Արդեն Երուսաղեմում է Գաբրիել հրեշտակապետի քարը

 

Հեղինակ.

 

Արդեն Երուսաղեմում է Գաբրիել հրեշտակապետի քարը


Արդեն Երուսաղեմում է Գաբրիել հրեշտակապետի քարը: Մասնագետների միջև վեճ է հարուցել քարի վրա գրված տեքստը. մի մասի կարծիքով այն կանխագուշակում է Քրիստոսի մահը, մյուսները ժխտում են այդ տեսակետը:

«Ո՞վ ես դու: Ես Գաբրիելն եմ»: Այս խոսքերն են գրված երուսաղեմյան երկրորդ տաճարի ժամանակաշրջանի (առավել քան 2000 տարի առաջ) քարետախտակի վրա: Աստվածաշնչի ձեռագրերից հետո (ձեռագրերը գտնվել էին 1947 և 1956թթ.) սա ամենակարևոր հնէագիտական գյուտն է: Քարետախտակը նախորդ տասնամյակում գտել են բեդուինները Մեռյալ ծովի շրջանում (Աստվածաշնչի ձեռագրերը ևս հայտնաբերվել էին այս տարածքում): Մինչև հունվար քարետախտակը ցուցադրվելու է Իսրայելի Պատկերասրահում: Քարը բազմակարծության տեղիք է տալիս, քանզի տողերից մեկը՝ կիսով չափ ջնջված և, այդ իսկ պատճառով դժվար ընթեռնելի, հնարավոր է թարգմանել մի քանի տարբերակով: Գիտնականների մի մասի կարծիքով, այն կանխագուշակում է մեսսիայի, որը կարող էր լինել Հիսուսը Նազարեթից, մահը և Հարությունը: Սրա մասին նշում է Դավիդ Ալանդետեն «El Pais»-ում (Իսպանիա):

47 տողից բաղկացած տեքստից ընթեռնելի է միայն 40%-ը: Քարի վրա թանաքով գրված տեքստը պատմում է, թե ինչպես է Գաբրիել հրեշտակապետը հայտնվել մարդու առջև և հայտնել նրան Երուսաղեմի կործանման լուրը: «Շուտով բոլոր պետությունները կելնեն Երուսաղեմի դեմ», - զգուշացրել է նա: Երկրորդ տաճարը կործանել են հռոմեացիները Ք.Հ. 70-ական թվականներին: Տեքստում Գաբրիելը տալիս է իր անունը երիցս:

Առաջին անգամ Գաբրիել հրեշտակապետը հայտնվում է Հին Կտակարանում, Դանիել Մարգարեի գրքում: Ղուկասի Ավետարանում Գաբրիելը հայտնում է Կույս Մարիամին, որ վերջինս կծնի մանուկ Քրիստոսին: Ղուրանում Գաբրիելը հիշատակվում է Ջիբրիլ (Ջաբրաիլ) անվամբ, որպես աստվածային ուղերձը Մուհամեդ մարգարեին բերող երկնքի բանբեր:

Քարետախտակն ապացուցում է, որ «բառը հավերժ է, ի տարբերություն նույն դարաշրջանի՝ ավերակների վերածված կառույցների: Բառն ապրում է ժամանակից դուրս», - նշում է «Ես Գաբրիելն եմ» անվանմամբ ցուցահանդեսի տնօրեն Ադոլֆ Ռոյտմանը:

Այն ի զորու է նաև անվերջանալի վեճեր հարուցել. 80-րդ տողն անավարտ է: Այն հայտնում է եռօրյա ժամանակահատվածի մասին և կանխագուշակում է ապագան: 2007թ. պրոֆեսոր և Երուսաղեմի Հրեական համալսարանի Աստվածաշնչի ուսումնասիրության բաժնի վարիչ Իզրաիլ Նոհլը հանդգնեց առաջարկել թարգմանության հետևյալ տարբերակը. «Երեք օր անց դու կվերակենդանանաս»:

Թարգմանության այս տարբերակը հուզումներ առաջացրեց գիտական շրջանակներում: Մի՞թե Քրիստոսի Ծննդից առաջ գոյություն է ունեցել մեսսիայի Հարությունը կանխատեսող կրոնական տեքստ: Գիտեի՞ն արդյոք առաջին քրիստոնյաները, որ Երկիր ուղարկված Աստծո Որդին հարություն կառնի երրորդ օրը: Արդյո՞ք մեսսիայի և նրա վերադարձի ավանդությունը հուդայական սովորույթի մասն է, որը հետագայում ընդօրինակել է քրիստոնեությունը:

Քարետախտակի երեք եբրայերեն բառերի շուրջ անցյալ տարիների ընթացքում ծավալվել են վեճեր, հետազոտություններ, գրվել են բազմաթիվ գիտական հոդվածներ: Նոհլն այժմ հակված է առավել բառացի թարգմանությանը. «Երեք օր անց նշան կտրվի»:

Այնուհանդերձ, Նոհլը կարծում է, որ տեքստը մատնանշում է հրեական ժողովրդի, Իսրայելի նոր դաշինքը:

«Քարի վրա գրված է, որ Երուսաղեմը երեք օրվա ընթացքում կազատվի երկինք բարձրացողի կողմից: Գաբրիելն այնուհետև խոսում է ինչ-որ մեկին իր հետ երկինք տանելու մասին, ինչը հիշեցնում է մեսսիայի ավանդությունը: Սա կարելի է դիտարկել որպես քրիստոնեական սովորույթի աղբյուր», - ավելացնում է Նոհլը:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!