երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ

 

Հեղինակ.

 

LADYNEWS-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:

Արմինե Խաչերյան.- Արթուր, ի՞նչ նպատակներ ունես, որոնք դեռ չես իրագործել:

-Նպատակներ շատ ունեմ, որոնցից մեկը կառանձնացնեմ` Երեւանում հիմնել դպրոց, որի սաները հայաստանյան եւ միջազգային մրցահարթակներում հաղթանակներ կունենան, այդ երեխաները կսովորեն օտար լեզուներ, տարբեր մարզաձևեր, մշակույթ, արվեստ:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


-Ունե՞ս երազանքներ:

-Անշուշտ, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ բազմաթիվ երազանքներ ունեմ, ահա դրանցից մեկը` երազում եմ երեք որդի ունենալ:

Կիմա.- Արթուր, կցանկանայի իմանալ` Դուք ժամանակ ունենո՞ւմ եք ընթերցելու: Եթե այո, կնշե՞ք, թե որն է ձեր ամենասիրելի հեղինակը և գիրքը:

-Այո, ժամանակ ունենում եմ ընթերցելու եւ դա անում եմ մեծ սիրով: Ամեն օր լրահոսի միջոցով հետեւում եմ Հայաստանում, Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բացի այդ կարդում եմ նաեւ գեղարվեստական գրքեր: Տարվա կեսից ավելին մարզական հավաքների եմ մեկնում տարբեր քաղաքներ, որտեղ մարզումներից հետո` կեսօրին կամ երեկոյան, ժամանակ եմ տրամադրում ընթերցանությանը: Սիրելի հեղինակներ շատ ունեմ` Եղիշե Չարենցի գործերն ինձ թռիչքի թևեր են տալիս, Իոսիֆ Բրոդսկին մերկացնում է ճշմարտությունը, տասներորդ անգամ պատրաստ եմ կարդալ Ալբեր Քամյուի "Անկում"-ը, Գաբրիել Գարսիա Մարկեսի "Հարյուր տարվա մենություն" վեպը պարզապես հրաշք է…

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


Նոնա. – Արթուր Աբրահամ` իսկական հայ մարդ, ով միշտ ապացուցել է իր հայրենասիրությունն ու նվիրվածությունն ազգին: Արթուր, ողջունում եմ քեզ, հպարտանում եմ քեզանով: Ի՞նչն է քեզ ոգեշնչում մարտերից առաջ:

-Հարգելի Նոնա, շնորհակալություն գովասանքի համար: Մենամարտից առաջ ինձ ոգեշնչում են իմ մարտարվեստի երկրպագուների քաջալերանքը եւ հաղթանակի ձգտումը:

- Երբևէ եղե՞լ է այնպես, որ մարտը շարունակվի նաև խաղից հետո` ռինգից դուրս:

-Ոչ, Նոնա, չի եղել, ես միայն ռինգում եմ մենամարտում:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


Արամ Վարդանյան.- Հարգելի Արթուր Աբրահամ, կասե՞ք, թե որն է Ձեր հաջողությունների գաղտնիքը:

-Գաղտնիք չկա, ցանկացած մարդ էլ կարող է իր գործում հասնել հաջողության, եթե սիրում է տվյալ գործը, եթե աշխատասեր է, լավատես է, անհաջողություններից չի վհատվում եւ այդ ամենի արդյունքում` մի քիչ էլ հաջողակ է:

- Ինչպե՞ս եք հասել այդքան մեծ նվաճումների, ձեռք բերել համաշխարհային ճանաչում:

-Այս ամենը դանդաղ է տեղի ունեցել, ես տարիներ ի վեր ամենօրյա աշխատանք եմ տարել եւ այսօր էլ շարունակում եմ տանել: Նվաճումներն ու ճանաչումը հեշտ չեն տրվում, դրանց հասնելու համար պետք է պայքարել: Այդ ճանապարհին մեզ օգնում են լավ մարդիկ: Ինձ համար անփոխարինելի մարդիկ են ծնողներս և մարզիչս, ովքեր իմ մեջ տեսել են բռնցքամարտիկի ունակություններ և օգնել են ինձ` հարթելու այս ուղին:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


Հակոբ Մեսրոպյան.- Արթուր, կցանկանայի իմանալ` որևէ կերպ ներգրավվա՞ծ եք 2013-ի կամ 2015-ի ապրիլի 24-ին վերաբերող իրադարձությունների, միջոցառումների մեջ: Ինչ-որ նախաձեռնություն ունե՞ք: Մասնակցելո՞ւ եք որևէ ակցիայի:

-Դեռ 2012 թվականին միացել էի երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի "Այլևս երբեք" նախագծին, որը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաշխարհային համերգաշարով անվանի մարդկանց միջոցով աշխարհին խաղաղության կոչ էր անում` միաժամանակ հորդորելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը:

Լուսինե Գրիգորյան.- Թիլ Շվայգերի հետ ինչպե՞ս եք ծանոթացել: Նրա "Kokowääh" ֆիլմում փոքրիկ դեր ունեիք, հնարավո՞ր է հետագայում Ձեզ նորից կինոյում տեսնել:

-Թիլ Շվայգերի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ, հիմա արդեն ես եւ Թիլը ընկերների պես ենք: Նա բռնցքամարտի երկրպագու է, միշտ ներկա է գտնվում իմ մենամարտերին, ես էլ` նրա ֆիլմերի պրեմիերաներին: Էպիզոդիկ դերեր եմ կերտել նրա "Kokowääh" եւ "Tatort" ֆիլմերում (վերջինի պրեմիերան դեռ չի կայացել): Եթե առաջարկներ լինեն, կմտածեմ ընդունել-չընդունելու մասին, սկզբունքորեն դեմ չեմ:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ



Լուսինե. - Արթուր ջան, Դուք հիմա Հայաստանո՞ւմ եք:

-Ոչ, ես հիմա Գերմանիայում եմ:

Հայկ Մխիթարյան.- Արթուր, ե՞րբ եք գալու Հայաստան: Ձեր առաջիկա պլաններում կա՞ այդպիսի մտադրություն:

-Հայաստան գալը մշտապես իմ առաջիկա ծրագրերի առաջնային կետերից է, և ես դա իրականացնում եմ մեծ սիրով: Տարվա մեջ գոնե 4 անգամ լինում եմ Երևանում, որտեղ իմ հարազատներն են, մտերիմները, բարեկամները, ընկերները, իմ հայրենիքն է, իմ հողն ու ջուրն է: Հայաստան այցիս հստակ ամսաթիվ նշել չեմ կարող, դեռ հայտնի չէ:

Արմենուհի. - Արթուր Աբրահամը երբևէ սերիալներ դիտո՞ւմ է:

-Ոչ, Արմենուհի, սերիալներ չեմ սիրում, փոխարենը դիտում եմ գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող ֆիլմեր:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


-Ե՞րբ է տեղի ունենալու հաջորդ մենամարտը և ո՞ւմ հետ:

-Հունիսի 8-ին, մրցակցիս անունը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ:

- Ի՞նչ մասնագիտություն ունեք` բացի բռնցքամարտիկ լինելուց:

-Իրավաբան եմ:

-Հայաստանում ունե՞ք այնպիսի երկրպագուներ, ում անձամբ ճանաչում եք:

-Իհարկե ունեմ` թե' Հայաստանում, թե' Գերմանիայում: Նրանք հետեւում են իմ ոչ միայն մարզական, այլեւ հասարակական գործունեությանը: Եվ մենք պարբերաբար հանդիպում ենք հանրային տարբեր միջոցառումների ժամանակ:

-Ձեր հա՞յ երկրպագուներն են ավելի հավատարիմ և նվիրված, թե՞ գերմանացիները:

-Հայերն ավելի ջերմ են, նաև` պարկեշտ և օրինակելի:

Աննա. - Արթուր, Դուք շատ պարզ եք խոսում, հասկանալի և անկեղծ: Այս ամենը զգացվում է ձեր բոլոր հարցազրույցներում: Ինձ հետաքրքիր է` Դուք հարցազրույցից առաջ պատրաստվո՞ւմ եք, իմանո՞ւմ եք, թե ձեզ ինչ հարցեր են տալու: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

-Հարգելի Աննա, ես երբեք հարցազրուցներից առաջ չեմ պատրաստվում, նախապես չեմ իմանում, թե ինչ հարցեր են ուղղելու ինձ, ամեն ինչ տեղի է ունենում հանպատրաստից:

Գրիքոր Ստեփանյան.- Կուզեի իմանալ` Արթուր Աբրահամը ե՞րբ է գալու Հայաստան և առաջիկայում ի՞նչ պլաններ ունի:

-Դեռ հստակ չէ` երբ կգամ Հայաստան: Առաջիկա ծրագրերիս մեջ մտնում է շատ լավ նախապատրաստվել հունիսի 8-ին կայանալիք մենամարտին:

Էմմա. - Ի՞նչը կարող է հունից հանել Արթուրին:

- Տանել չեմ կարողանում փնթիությունը և ստախոսությունը: Ամեն վատ բան կարող է հունից հանել, սակայն միշտ աշխատում եմ և ինձ հաջողվում է հունից դուրս չգալ` իրավիճակին տիրապետել, խնդիրները լուծել, թերությունները շտկել` առանց հունից դուրս գալու:

-Ի՞նչը կփոխեիք մեր իրականության մեջ:

-Կցանկանայի մաքրություն լիներ, տուգանքներ կսահմանեի քաղաքը կեղտոտողների համար:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


Ալինա Սահակյան.- Կանանց ո՞ր տեսակն է ձեզ համար ավելի գեղեցիկ:

-Այդ տեսակի կանացի գեղեցկությունն անպատմելի է: Եթե գեղեցկուհին նաև խելացի է, կիրթ է, հաստատակամ է, գեղեցիկ է խոսում, հմայք ունի, նա էլ ավելի է գեղեցկանում և հենց նրա գեղցկությունն է դառնում աննկարագրելի:

-Նախընտրում եք թխահերներին, թե՞ շիկահերներին:

-Գեղեցկությունը գունային սահմանափակումներ չունի, հետեւաբար` և' թխահերներին, և' շիկահերներին:

Անի.- Արթուր, Facebook-յան ձեր էջին Դուք անձա՞մբ եք հետևում` պատասխանում նամակներին, նորություններ տեղադրում, թե՞ ունեք հատուկ աշխատող, ով միայն դրանով է զբաղվում:

-Ունեմ գործընկեր, ով զբաղվում է դրանով, պատահում է նաև, որ ինքս եմ կարդում նամակները, մեկնաբանությունները: Բանն այն է, որ ես միայնակ չեմ հասցնի կարդալ եւ պատասխանել այդ բազմաթիվ նամակներին: Բնականաբար, իմ գործընկերը նամակներին պատասխանում է իմ իմացությամբ եւ հենց իմ պատասխաններն է փոխանցում նամակագիրներին:

-Եղե՞լ է դեպք, երբ Ձեր երկրպագուները նյարդայնացնեն Ձեզ, իրենց արարքը Ձեզ դուր չգա:

-Ոչ, իմ երկրպագուները լուրջ, խոհեմ և պարկեշտ մարդիկ են, նրանք ինչպե՞ս կարող են նյարդայնացնել ինձ:

-Սիրո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինել:

-Սուտ կլինի, եթե ասեմ, թե ընդհանրապես չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, դրանում վատ բան չկա, բայց դրանից ավելի կարևոր բաներ կան ինձ համար` հարգանքը, պատիվը, թասիբը, արժանապատվությունը, ծնողասիրությունը, ընկերասիրությունը և այլն:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


-Ի՞նչ գույներ եք նախընտրում:

-Բոլոր գույներն էլ սիրում եմ, նայած թե որը որտեղ եմ կիրառում. ավտոմեքենան` սև, վերնաշապիկը` սպիտակ և այլն:

-Որևէ մեկի հետ շփվելիս կամ ծանոթանալիս ինչի՞ վրա եք առաջնահերթ ուշադրություն դարձնում:

-Ըստ էության, առաջին տպավորությունն ինքն իրեն է թողնվում` առանց ուշադրություն պահանջելու: Մի բան հստակ է` բարեկրթությունը, համեստությունն ու պարկեշտությունը զարդարում են մարդուն` ինչպես ծանոթանալիս, այնպես էլ երկար ճանաչելու դեպքում:

- Ի՞նչը կցանկանայիք փոխել ինքներդ Ձեր մեջ:

-Չնախաճաշելու սովորությունը կցանկանայի վերացնել: Առավոտյան սնվելը օգտակար է ոչ միայն մարզիկների, այլև բոլորի համար: Այնպես որ, բոլորին, այդ թվում ինքս ինձ, խորհուրդ եմ տալիս նախաճաշել:

Անի Նավասարդյան.- Բացի պորֆեսիոնալ բռնցքամարտից, այլ մարզաձևով զբաղվո՞ւմ եք:

-Մանկության տարիներին լրջորեն զբաղվել եմ հեծանվասպորտով, եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, ներկայում դրանով չեմ զբաղվում, թեեւ երբեմն վարում եմ հեծանիվ: Հաճախ ֆուտբոլ եւ շախմատ եմ խաղում, նաև լողում եմ:

Անի.- Հնարավո՞ր է` Հայաստանում նույնպես կազմակերպեք մի միջոցառում, որտեղ երկրպագուները հնարավորթյուն կունենան հանդիպել իրենց կուռքի հետ, ինքնագիր վերցնել, լուսանկարվել և այլն: Օրինակ, ինչպես Գերմանիայի տարբեր քաղաքներում եք կազմակերպում "Autogrammstunde" կոչվող միջոցառումներ:

-Իհարկե, Անի, հնարավոր է: Հայաստանում նույնպես կազմակերպել եմ բազմաթիվ հանդիպումներ մանկատների, մարզադպրոցների սաների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բուհերի ուսանողների և այլոց հետ:

երազում եմ երեք որդի ունենալ.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ


Կրիստինա Վարդանյան. - Բարև, սիրելի Արթուր: Ես չունեմ հարց, պարզապես ուզում եմ ասել, որ մեր ընտանիքը սիրում և հպարտանում է քեզանով: Հաջողություն քեզ, մեր պարծանք:

-Զգացված եմ Ձեզանից և ձեր ընտանիքից, նմանապես սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով և մաղթում եմ լավագույնը:

Հ.Գ Հարգելի ընթերցողներ, հարցազրույցում տեղ չեն գտել Արթուր Աբրահամի անձնական կյանքին վերաբերող հարցերը: Հարգենք մեր և ձեր շատ սիրելի բռնցքամարտիկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Աղբյուր` Ladynews.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!