Կապանի հանրախանութի առեւտրականների բողոքի ալիքը՝ Կապանում (ֆոտոշարք)
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի հանրախանութի առեւտրականների բողոքի ալիքը՝ Կապանում (ֆոտոշարք)


Կապանի հանրախանութի առեւտրականների բողոքի ալիքը՝ Կապանում (ֆոտոշարք)

 

Հեղինակ.

 

Կապանի հանրախանութի առեւտրականների բողոքի ալիքը՝ Կապանում (ֆոտոշարք)


«Մեզ հանում են հանրախանութի շենքից, չգիտենք ինչի՞ համար, առանց նախապես տեղյակ պահելու, մի քանի օր առաջ տեղեկացրեցին, որ պիտի հունիսի 1-ից ազատած լինենք շենքը: Ասեկոսեներ կային վաղուց, որ պիտի դատարկենք տարածքը, բայց հստակ բան մեզ չէին ասել մինչեւ օրս: Լսել ենք, որ տարածքն իբրեւ ուրիշն ա առել: Մենք պարտաճանաչ գումարը տալիս էինք, ինքս ամեն ամիս 35 հազար դրամ արենդայի փող էի տալիս, մոտ 70 առեւտրական կա ունիվերմակում, աշխատում ու իրենց ընտանիքներն են պահում, իսկ էսօր մեզ ասում են դուրս եկեք: Չգիտենք, ով ա հանրախանութի իսկական սեփականատերը, որ գոնե հանդիպենք, քննարկենք էս հարցը, ո՛չ ծանոթացնում են, ո՛չ էլ հեռախոսահամար են տալիս», -վրդովված ասաց Կապանի հանրախանութում 11 տարի հագուստի առեւտրով զբաղվող Ռոզա Գրիգորյանը, ով այսօր հանրախանութի մի քանի տասնյակ առեւտրականների հետ Սյունիքի մարզպետարանի մերձակա հրապարակում հավաքված իրենց դժգոհությունն էին հայտնում ստեղծված իրավիճակից:

Առեւտրականները բողոքում էին, որ այսքան տարի շարունակ հանրախանութում աշխատելով բոլոր վճարումները պարտաճանաչ կատարել են, սակայն այսօր նրանց դուրս են հանում տարածքից՝ առանց հիմնավորելու եւ մեկ այլ տարածք տեղափոխելու առաջարկ անելով: «Մեր ընտանիքներն էինք պահում, գիտե՞ք էս պայմաններում ինչքան դժվար է, օրական մի բան կա՛մ ծախվում էր կա՛մ չէ, էդ գումարն էլ թողնում ենք խանութներում գնում տուն: 70 ընտանիքի ճակատագրի մասին է խոսքը գնում: Մեզ ոչ մեկը նոր տեղ չի առաջարկել, դու գիտես, գլուխդ առ գնա քո հարցերը լուծիր, ինչ ուզում ես արա: Իսկ էսօր բոլոր տեղերում արենդաները շատ թանկ է.. », – հավելեցին հավաքված առեւտրականները:

Տիկին Ալվարդն արդեն 10 տարի է հագուստ է վաճառում հանրախանութում, 2 ուսանող ունի Երեւանում, նրանց վճարներն ու ապրուստի ծախսերը հոգում էր առեւտրի շնորհիվ: Ասում է՝ ամուսինը Արցախյան գոյամարտի մասնակից է, երրորդ կարգի հաշմանդամ, չի աշխատում, ընտանիքի ամբողջ ծախսն ինքն է հոգում: «Հիմա ընտանիքներս ո՞նց պահենք, ամուսինս հաշմանդամ է երրորդ կարգի, կռված տղա է, հենա մենք էդ տարածքը կառնեինք, խի՞ չեն մեզ տեղեկացրել, մեր ծննդավայրը պահած մարդիկ ենք: 55 հազար ամսական տեղի վարձ էի տալիս, պետության հետ պարտք ու պահանջ չունենք, մեր ապուպապերի ստեղծած ունիվերմակն ա, խի՞ են մեզ հանում էստեղից ու ո՞վ ա սեփականատերը, տեսնես հանրապետական կուսակցությունից ո՞վ ա առած իմ ապուպապերի ստեղծածը:

Պետությունից էսքան ժամանակ է մի կոպեկ չեմ ուզել, բժշկականում ու համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում սովորող խելոք երեխեք ունեմ, վճարը ո՞րտեղից եմ տալու: 18 հազար դրամ է տալիս պետությունը, ես 18 հազարով կարա՞մ վճար տամ: Բացի դա, գոնե ժամկետ տային ու նախօրոք ասեին տարածքից հեռանալու մասին, մայիսի 25-ին ասել են, որ հունիսի 1-ին տարածքն ազատած լինենք, տենց կարելի ա՞», -նշեց Ալվարդը:

Կապանի հանրախանութի առեւտրականների բողոքի ալիքը՝ Կապանում (ֆոտոշարք)


Մարզպետարանի հրապարակից առեւտրականները շարժվեցին դեպի մարզպետարան՝ դիմում ներկայացնելով մարզպետին: Մարզպետը տեղում չէր եւ նրանց դժգոհությունները լսեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը՝ խոստանալով մարզպետարանում հարցը քննարկելուց եւ ուսումնասիրելուց հետոո պատասխանել նրանց դիմումին եւ փորձել օգտակար լինել քաղաքացիներին: Առեւտրականները նշեցին, որ կողմ կլինեն գոնե ժամկետների երկարացման հաշվով, նաեւ ցանկություն հայտնեցին անձամբ հանդիպել սեփականատիրոջը, կասկած հայտնելով, որ միգուցե իրենց կողմից հավաքագրվող վարձավճարների չափը քիչ է ներկայացվում սեփականատիրոջը եւ դա եւս տարածքը ազատելու պատճառ է հանդիսացել:

Ինչպես պարզվեց, հանրախանութի շենքը Հայաստանի հանրապետական կուսակցությանն է պատկանում եւ առեւտրականների լսելով՝ տարածքն արդեն վաճառվել է ու հետագայում այնտեղ պետք է «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղը գործի: Նշենք, որ Վահագն Համբարձումյանը, ով հանդիսանում է «Կապանի հանրախանութ» ՍՊԸ պատասխանատու, 2004թ.-ից ի վեր ՀՀԿ-ից վարձակալել է հանրախանութի տարածքը եւ առեւտրականների հետ տարածքի վարձակալման կամ վարձավճարի համավաքագրման ամբողջ գործընթացն ինքն է իրականացնում այս ամբողջ ընթացքում: Փորձեցինք հենց պատասխանատուից էլ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ: «Պայմանագիրը կնքված է անժամկետ եւ կողմերից յուրանքանչյուրը կարող է մեկ շաբաթ առաջ զգուշացնել եւ պայմանգիրը լուծարել:

Կոնկրետ պայմանագրերը տարածքի վարձակալության պայմանագրեր չեն, դրանք կոչվում են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման պայամնագրեր: Խնդիրը հետեւյալն է, հունվար ամսին, երբ մենք ՀՀԿ-ից ստացանք գրություն, որ հնարավոր է պայմանագրերը դադարեցվեն, ես երկրորդ հարկում ժողով արեցի, եւ տեղեկացրեցի բոլորին, որ նման խնդիր կա: Այսօր նրանց մեծ մասն արդեն դրսում տարածքներ ունի, պարզապես խնդիրն այն է, որ կոնկրետ օր չեն նշել, թե երբ պիտի ազատեն, իրենց ասել ենք, որ մոտակա ժամանակները՝ հավանաբար մոտ 3 ամիս», – նշեց Վահագն Համբարձումյանը եւ հավելեց, որ ինքը մայիս ամսվա սկզբներին եւս մեկ անգամ հանդիպել է հանրախանութի աշխատողների հետ եւ փոխանցել սեփականատիրոջ պահանջը, որ մինչեւ մայիսի 25-ը տարածքը պետք է ազատել:

«Ես ՀՀԿ-ից եմ վարձակալել, ՀՀԿ-ի հետ հունիսի 1-ից պայմանագիրս դադարեցվելուց հետո իմ ֆունկցիան ավարտվում է: Իսկ ինչ վերաբերվում է հավաքագրված գումարների մասով աշխատողների ասածներին, ապա ես էդ գումարներն ո՞ւմ եմ ներկայացնում, որ ճիշտ կամ սխալ ներկայացնեմ: Ես հավաքում եմ եւ կուսակցության հետ էլ ունեմ վարձակալության պայմանգիր, ըստ այդմ էլ գումարը փոխանցում եմ կուսակցությանը», -ավելացրեց Վ.Համբարձումյանը եւ անհիմն համարեց այդ կարծիքները: Նշենք, որ ՀՀԿ-ին պատկանող շենքում տեղակայված հանրախանութի բոլոր աշխատողները ՀՀԿ անդամ են, ուստի գտնում են, որ կուսակցությունը չպետք է անտարբեր մոտենա այս խնդրին, առավելեւս, երբ հանրախանութի աշխատողներն ընտրությունների ժամանակ երկրի նախագահին են ձայն տվել:


Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

www.aravot.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!