Այդ ո՞ւմ են աշխատանքից ազատել, որ ողբերգություն է սարքել. Էդիկ Բարսեղյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այդ ո՞ւմ են աշխատանքից ազատել, որ ողբերգություն է սարքել. Էդիկ Բարսեղյան


Այդ ո՞ւմ են աշխատանքից ազատել, որ ողբերգություն է սարքել. Էդիկ Բարսեղյան

 

Հեղինակ.

 

Այդ ո՞ւմ են աշխատանքից ազատել, որ ողբերգություն է սարքել. Էդիկ Բարսեղյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

-Պրն Բարսեղյան, Ձեր, Կոտայքի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում, գրեթե ամեն օր նման հրապարակումներ են լինում` հենվելով «հավաստի տեղեկությունների» վրա: Իրոք նման բան կա՞:
-Անկեղծ ասած, ես չգիտեմ` իրենց հավաստի տեղեկությունները որտեղից են վերցված: Նման հարց չի քննարկվել: Իմ մասին չխոսեմ, բայց Կոտայքի մարզպետն էլ է շատ լավ աշխատում, Սյունիքի մարզպետն էլ: Մարդուն ազատում են աշխատանքից վատ աշխատելու համար: Եթե մարդիկ լավ են աշխատում` չեմ կարծում, որ կազատեն, թեեւ որոշումը կայացնում է կառավարությունը` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ նման հարց ոչ կառավարությունում, ոչ նախագահի աշխատակազմում չի քննարկվել:

-Այդ դեպքում ինչո՞ւ են հենց Ձեր երեքի մասին այդքան շատ գրում, Ձեր պաշտոնանկության վերաբերյալ գրեթե ամենօրյա հրապարակումների ենք հանդիպում:
-Պարապ մարդիկ են, խոսելու բան չունեն: Այդ ամենը լրագրողների հորինածն է:

-Ի դեպ, նեղսրտո՞ւմ եք այդ լուրերից:
-Ես շատ սովորական եմ տանում այդ ամենը, բացարձակապես չեմ անհանգստանում: Կարծում եմ լավ աշխատող մարդուն թույլ են տալիս, որ շարունակի աշխատել: Ես շատ լավ եմ ճանաչում մեր նախագահին` իր օբյեկտիվ որոշումներ կայացնելու ունակությամբ: Եթե ես վատ աշխատեմ, ինձ ինչո՞ւ պետք է պահեն, եթե չկարողանամ բնակչությանը ծառայել, ինչո՞ւ ինձ պետք է պահեն:

-Այսինք, մեղմ ասած, Ձեզ նման վտանգ չի՞ սպառնում:
-Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն էլ է գոհ մեր աշխատանքից: Մենք բավականին լարված աշխատում ենք, առավելեւս այս մայիս-հունիս ամիսներին, երբ եղանակն անբարենպաստ է, կարկտահարության վտանգը մեծ:

-Ի դեպ, կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ձեր մարզին:
-Մեր հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատել են, 9600-ից ավել կրակոցներ են եղել, որի արդյունքում քանակական վնաս չի պատճառվել, պատճառվել է որակական վնաս: Մեր մարզում էական վնասներ է կրել 7 գյուղական համայնք: Այստեղի բերքն առողջ չի լինելու, այսինքն այն բերքը, որ պետք է 400-500 դրամով վաճառեն, կարող է 100 դրամով վաճառեն, չի բացառվում, որ չկարողանան էլ վաճառել: Ելակի դաշտերին է մեծ վնաս պատճառվել: Ես եղել եմ այդ բոլոր համայնքներում, քննարկել ենք եւ այսօր արդեն աշխատանքներ ենք կատարում, որպեսզի մթերող կազմակերպությունները կարողանան այդ ոչ լավ որակի բերքն ընդունել: Սա է այսօրվա մեր առաջին խնդիրը, որ գյուղացիներին կարողանանք օգնել:

-Պրն Բարսեղյան, արմավիրցիները պահանջում են սառեցնել գյուղատնտեսական վարկերը, Ձեզ մոտ նման պահանջներ կա՞ն:
-Այո: Մեր բնակիչների մի մասը 24 տոկոսով են վարկ վերցրել, որն իմ ուսումնասիրության առարկան է դառնալու, երեկ ես եղել եմ այդ 7 համայնքներում, խոսել եմ գյուղացիների հետ: Նրանց մի մասը 10 տոկոսով է վարկ վերցրել, բայց մարդիկ էլ կային, որ 24 տոկոսով էին վերցրել:

-Այս օրերին բուռն քննարկվում է նաեւ գազի գնի թանկացման հարցը: Ձեր մարզի բնակիչներն արդեն խնդրով մտահո՞գ են եւ բողոքի ձայն բարձրացրե՞լ են:
-Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ մեր մարզում, բնականաբար թանկացումները բնակչության կողմից նորմալ չի ընդունվում: Բայց ես կարծում եմ` երեք ամիս դեռ ժամանակ կա, 30 տոկոսով էլ կառավարությունն է սուբսիդավորելու, դեռ վաղ է այդ մասին խոսել:

-Պրն Բարսեղյան, եթե այդուհանդերձ, պաշտոնակ լինեք, ինչ եք անելու:
-Հիմա ես շարունակում եմ հանգիստ աշխատել, չեմ անհանգստանում պաշտոնանկությունից: Ես աշխատելու եմ այնքան, որքան ՀՀ նախագահը կգտնի նպատակահարմար: Եթե իմ հետագա պաշտոնավարումը կգտնի ոչ նպատակահարմար` ինձ համար նախագահի ցանկացած որոշում ընդունելի է: Եթե պաշտոնանկ լինեմ, կզբաղվեմ իմ 6 թոռնիկներով, սեփականություն ունենք, դրանով կզբաղվեմ: Այդ ո՞ւմ են աշխատանքից ազատել կամ կենսաթոշակի ուղարկել, որ ողբերգություն է սարքել: Ես 45 տարի է պետական տարբեր կառույցներում եմ աշխատում, ես չեմ անհանգստացել, որ պաշտանից ինձ կարող են ազատել, անհանգստացել եմ, որպեսզի լավ աշխատեմ, որպեսզի մարդկանց վստահությունն արդարացնեմ, որպեսզի ինձ համար, իմ աշխատանքի համար որեւէ բարձրաստիճան ղեկավար անհարմար չզգա, հիմա էլ այդ եռանդով աշխատում եմ:

Զրուցեց Ագնեսա Խամոյանը


Yerkir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!