Գայլերը օրը ցերեկով 5 գլուխ ոչխար են հոշոտել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գայլերը օրը ցերեկով 5 գլուխ ոչխար են հոշոտել


Գայլերը օրը ցերեկով 5 գլուխ ոչխար են հոշոտել

 

Հեղինակ.

 

Գայլերը օրը ցերեկով 5 գլուխ ոչխար են հոշոտել


Ջեկոն Գոմարան գյուղի շունն է, սակայն անհրաժեշտ պահին չի կարողացել իր տարածքի ոչխարներին տիրություն անել։ Այստեղ անգամ շներն են վախի մեջ ապրում։ Օրը ցերեկով այս գյուղում գայլերն ու շնագայլերն ազատ անցուդարձ են անում։ Եվ ահա արդյունքը՝ այսօր առավոտյան Համլետ Գրիգորյանի 7 գլուխ ոչխարները գայլերի զոհ են դարձել։ 7-ից 5-ը գառնուկներ էին և չկարողանալով գիշատիչների ճանկերից դուրս պրծնել՝ սատկել են, իսկ մյուս երկուսը՝ դրանց մայրերը , թեև վիրավոր, բայց ողջ են մնացել։

«Հացի մեքենան եկալա անցա, տեսալա, որ կյուլը հարձակվածա ոչխարներեն,զանգալա հարայ տվա։ վազք տվա եկա տսալ կյուլը յոթեն հետանա ըրած, 5ը խեխտած, ալ մոռթալք, հինչ անի՞ք»,-պատմում է գյուղի բնակիչ Նորա Շեկյանը։
Գայլերը օրը ցերեկով 5 գլուխ ոչխար են հոշոտել
Գայլերը օրը ցերեկով 5 գլուխ ոչխար են հոշոտել

Դեպքից մի ժամ անց երիտասարդները գյուղի վերևում տեսել են, թե ինչպես երկու գայլ նորից մտել են անասունների մեջ։ Բարեբախտաբար այս անգամ չեն հասցրել վնասել կենդանիներին։

Սինք- «Եթե գյուղում մի հատ կրակոցա լինում տարբեր տեղերից ահազանգ ենք ստանում, արգելվումա որսը ։ Մեր խնդրանքն էնա, որ գյուղում օրինական որսորդական զենք ունեցող որսորդներ կան,թույլտվություն ստանան, միջոցառում կազմակերպվի, որ էդ գայլերին ոչնչացնեն։ Սա առաջին դեպքը չի, սարում էլ մոտավոր 15 ձիու մտրուկներ են կերել։ Քանի անգամ ենք տեսել, որ գայլը քուռակա ուտում։ Քանի որ առիթա, նաև խնդրեմ հարևան գյուղերի անասնապահներին,որ իրենց ապրանքին հետևեն, բոլորը գայլի զոհ են դառնում, հետո չգան մեր գլխին կանգնեն,թե ձեր գյուղում մեր անասունը կորելա»,-զգուշացնում է գյուղապետ Իվան Կոստանդյանը։

Ձյուն, կարկուտ, թրթուրներ, գայլեր, բոլորը գյուղացու դեմ են, վայ գյուղացու օրին, հառաչում են բնակիչները։ Հոգսը հոգսի վրա, առանց այդ էլ թրթուրները ծառերի վերջն են տվել, բերք չեն ունենալու, գայլերն էլ վերջին հույսին՝ անասնապահությանն են սպառնում։ Բնակիչները մտահոգված ու վախեցած են։

«Վտանգը կա նաև մարդկանց մեջ, վախենում ենք, որ երեխաները գյուղումը էս ազատ տարածքումը խաղան ։ Չախկալները (շնագայլերը) հենն օրը ցիրեկավ ստղերքը ման կյամ։ Իրիգյունները հնարավոր չի տուս կյալ, շատ ենք վախենում, սաղ ստղ չախկալ ու գայլ ա ։ Հինչա մտածում ես պետությունը գյուդումչմ, սկի անասունները չնք ասում է, պա լյա մզ ապահովելի հետի հինչ անի՞ք»,- անհանգստությունն է հայտնում բնակչուհի Լյուդմիլա Բեգլարյանը։

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ բնակիչներին կամ նրանց ունեցվածքին վտանգ սպառնալու դեպքում թույլատրվում է ինքնապաշտպանության նպատակով ոչնչացնել գայլերին, դա բնապահպանական իրավախախտում չէ, եթե իհարկե գյուղապետը հաստատում է փաստը, սպանողը չի տուգանվում։ Իսկ նախորդ տարիների համեմատ, երբ կառավարության որոշման համաձայն գայլերի որսը խրախուսվում էր և մորթու դիմաց որսորդները դրամական պարգև էին ստանում, այս տարի դեռևս որսի թույլտվություն չկա ։ Լևոն Պետրոսյանի խոսքով, հնարավոր է օգոստոսին որսաշրջանի բացման հետ այդ որոշումը ևս վերանայվի։ Իսկ Համլետ պապի սպանված գառնուկների համար բնապահպանական տարածքային տեսչությունը պատասխանատվություն չի կրում։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!