Վնասատուները կրկին խժռում են Կապանի անտառները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վնասատուները կրկին խժռում են Կապանի անտառները


Վնասատուները կրկին խժռում են Կապանի անտառները

 

Հեղինակ.

 

Վնասատուները կրկին խժռում են Կապանի անտառները




Կապանի տարածաշրջանի գյուղերից ահազանգում են, որ անտառներում լայն տարածում գտած թրթուռները մեծ ախորժակով խժռում են իրենց այգիների պտղատու ծառերի տերեւներն ու նոր հասունացող պտուղները: Իրավիճակը մտահոգիչ է Կապանի տարածաշրջանի գյուղերի մեծ մասում, պատասխանատուները դիմել են Սյունիքի մարզպետարան եւ խնդրի մասին տեղյակ պահել գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետներին: Գեղանուշի գյուղապետ Իվան Կոստանդյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ արդեն 15-20 օր է նաեւ իրենց տարածքում են գլուխ բարձրացրել վնասատուները, գյուղացիները սեփական միջոցներով դեղեր են ձեռքբերել եւ սրսկումներ իրականացրել, սակայն անհրաժեշտ արդյունք չի տվել, քանի որ գյուղի հարակից անտառներից թրթուռները մեծ արագությամբ կրկին տարածվում ու վնասում են իրենց ծառերի տերեւներն ու բերքը:

«Ծառերի տերեւները ցանց են դարձել, փոքրիկ պտուղները՝ խնձորը, տանձը եւ այլն, դրանք նույնպես թրթուռների կերի բաժին են դարձել, մարզպետարան դիմեցինք, տեղյակ պահեցինք իրավիճակի մասին: Նախորդ տարի կաղնիներին էին վնաս տվել, բայց այս տարի բոլոր պտղատուներին են վնասում, սենց բան գյուղում չէր եղել: Ես իմ այգու ծառերի վրա դեղ եմ փչում, բայց անտառը մոտիկ է, էնտեղից կրկին վարակվում են ու օգուտ չի տալիս մեր արածը», – ասաց Գեղանուշի գյուղապետ Իվան Կոստանդյանը:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ Կապանի տարածաշրջանում առկա այս խնդրի մասին տեղյակ են պահել գյուղնախարարությանը, իսկ աջակցություն կլինի՞, թե՞ ոչ, այս պահին պարզ չէ, սպասում են նախարարության արձագանքին: Իսկ Կապանի անտառտնտեսությունում տարածաշրջանի անտառի վարակի մասին տեղյակ են դեռեւս ապրիլ ամսվա կեսերից, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, Երեւանից մասնագետներ հրավիրել, 10 հոգուց ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ են իրականացվել եւ որոշվել է անտառտարածքները վնասատուներից պաշտպանելու եւ դրանց տարածումը կանխելու նպատակով՝ ուղղաթիռով զանգվածային սրսկումներ իրականացնել:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանի խոսքով՝ վարակն եկել է հարակից Արցախի անտառից եւ տարածում գտել Կապանի անտառներում: Կատարված ուսումանսիրությունից պարզվել է, որ վնասատուները տարածված են Կապանի տարածաշրջանի մոտ 3000 հա տարածքում, որն ընդգրկում է Սյունիքի, Առաջաձորի, Կապանի, Ճակատենի եւ Դավիթ Բեկի անատռպետությունները, որտեղ էլ կարվեն օդային սրսկումները:

«Ապրիլի 15-ին՝ վնասատուների ի հայտ գալուց անմիջապես հետո, կապ ենք հաստատել մեր վերադասի հետ, ապրիլի 24-ին մասնագետներ են եկել, «Հայանտառ»-ի գլխավոր մասնագետն էլ է տեղում եղել, 10 հոգանոց հանձնաժողով ենք ստեղծել, «Արցախանտառ»-ի տնօրենին էլ ենք հրավիրել, ուսումնասիրել ենք մեր բոլոր տարածքները, բացի ոսկետուտից նաեւ մեկ այլ վնասատու ենք ֆիքսել, այլ հիվանդություն էլ է առկա մեր անտառներում»,- ասաց պարոն Միրզոյանը եւ հավելեց, որ տարածաշրջանի 6 անտառպետություններից 5-ը վարակված է վնասատուներով, ամենաշատը՝ Արացախի անտառին հարակից Սյունիքի անտառպետությունը, որը կազմում է 1500 հա:

«Մեր տարածաշրջանում ընդհանուր վարակված 3000 հա տարածքի վրա ավիասրսկում կկատարենք, այժմ սպասում ենք, որպեսզի ուղղաթիռի թռիչքի հարցերը կարգավորվեն ու այս ամսվա ընթացքում իրականացվեն զանգվածային սրսկումները: Արցախի տարածքում նույնպես պետք է սրսկումներ արվեն, քանի որ կպած տարածքներ են, անցած տարի մենք սրսկումներ ենք իրականացրել, իսկ իրենք՝ ոչ, դրա համար էլ ոսկետուտը այս տարի նորից գլուխ բարձրացրեց», – ասաց Վոլոդյա Միրզոյանը: Այս տարի նույնպես անտառին հասցրած վնասն անզեն աչքով նկատելի է:

Նշենք, որ 2012թ.-ին էլ Կապանի անտառները վարակվել էին ոսկետուտով եւ զանգվածային սրսկումներ էին իրականացվել մոտ 3500 հա վարակված անտառապատ տարածքներում: Այժմ բնակիչների հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի համապատասխան սրսկումներն արվեն հնարավորինս շուտ եւ պատասխանատուները չուշացնեն, որպեսզի եղած բերքի մյուս մասը գոնե հնարավոր լինի փրկել, ինչպես նաեւ անտառին մոտ մեկ ամիս շարունակ հասցվող վնասի դեմն առնել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


http://www.aravot.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!