Ռոստելեկոմն արդեն Կապանում է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ռոստելեկոմն արդեն Կապանում է


Ռոստելեկոմն արդեն Կապանում է

 

Հեղինակ.

 

Ռոստելեկոմն արդեն Կապանում է


Կտրված կարմիր ժապավենը խորհրդանշում է ևս մեկ նորագույն տեխնոլոգիական կենտրոնի ներթափանցումը մարզկենտրոն։ Ռոստելեկոմ ընկերությունն այսուհետ իր ծառայությունների և սպասարկման ողջ փաթեթով դռնբաց է ամեն կապանցու առաջ։ Ընկերությունը ծրագիր ունի մարզկենտրոնում զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները։ Կապանի քաղաքապետարանի հետ ամրագրվող համագործակցությունը փոխշահավետ է , կարևոր է քաղաքը նորագույն տեխնոլոգիաների և վիրտուալ հարթակներում ևս ակտիվ պահելը,կարծում է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

«Նախնական քննարկումներ ենք ունեցել և փոխշահավետ համաձայնագիր պետք է ունենանք, դրա արդյունքում կշահի և’ համայնքը, և’ ընկերությունը։ Թեկուզև այն առումով, որ նման ծառայություններ մատուցող ընկերության մուտքը Կապան առողջ մրցակցային դաշտ է ձփևավորում և հույս ունեմ, որ մյուս ընկերությունները ևս կվերանայեն իրենց գնային քաղաքականությունը` արդյունքում քաղաքացիները կունենան ավելի որակյալ և ավելի մատչելի կապ»։

Ռոստելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը պատմում է, որ հատուկ քաղաքականություն ունեն՝ առաջնահերթ հանրապետության մարզերի բնակավայրերը զարգացնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով և հավասարություն ստեղծել հեռավոր մարզերի ու մայրաքաղաքի միջև։ Ասում է, եթե մյուս մարզկենտրոններում մասնաճյուղեր բացելու հարցը քննարկման էր դրվում,ապա Կապանի մասնաճյուղի ստեղծումը առանց քննարկումների՝ միանշանակ որոշվել էր։ Այն, թեև մայրքաղաքից հեռու է գտնվում, այնուամենայնիվ ակտիվ քաղաքների շարքում առաջատար դիրքերում է ։

«Առաջին ընկերությունն ենք Հայաստանում, որը Կապանում ստեղծել է այսպիսի նորագույն ցանց և նաև հիմք ենք դնում սրանով երկարաժամկետ ռազմավարական գործընկերության՝ Կապանի և մեր ընկերության միջև, որի առաջին քայլերից մեկը լինելու է Կապանի 4 պուրակներում անվճար Wi Fi ինտերնետի հնարավորության ընձեռնում քաղաքացիներին, սակայն դրանով չենք սահմանափակվելու, նաև նախատեսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությամբ գործունեություն ծավալել քաղաքի հետ միասին»։

Ռոստելեկոմ ցանցն ամբողջովին հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա, սա Հայաստանում առաջին անգամ գործածվող նորագույն տեխնոլոգիա է՝ ծառայություն 3-ը 1-ում՝ գերարագ ինտերնետ, հեռախոսակապ և հեռուստաալիքների տեսականի։ Նաև նպատակ կա քաղաքի կրթական ոլորտում ներդրումներ անել։ Կապանի քաղաքապետի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ բացի պուրակներում կառուցվող անվճար Wi Fi ցանցից, ստեղծվելու են նաև հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ, քաղաքապետարանն էլ ընկերությանը տրամադրելու է քաղաքային հենասյուների օգտագործման իրավունք։

Մ. Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!