Փաստաբանը ապօրինի է որակում Պռոշյանի գյուղապետի սպանության գործով Պետրոսյան եղբայրների կալանքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փաստաբանը ապօրինի է որակում Պռոշյանի գյուղապետի սպանության գործով Պետրոսյան եղբայրների կալանքը


Փաստաբանը ապօրինի է որակում Պռոշյանի գյուղապետի սպանության գործով Պետրոսյան եղբայրների կալանքը

 

Հեղինակ.

 

Փաստաբանը ապօրինի է որակում Պռոշյանի գյուղապետի սպանության գործով Պետրոսյան եղբայրների կալանքը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով մեղադրյալ համարվող Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ իր որդին որևէ առնչություն չունի այդ սպանության հետ, և իրավապահ մարմինները պետք է պատասխան տան, թե ինչու են անմեղ մարդուն կալանավորել:

«Ո՞վ է պատասխան տալու, որ Պետրոսյան Արայիկը մինչև հիմա նստած է, ինչո՞ւ: Մի որդուս սպանության կասկածանքով են տարել, մյուսին էլ ութ ամիս առաջ պատահած մի դեպքի փաստով, ստից: Ով որ այդ գործերի հեղինակն է, նրանց չեն տանում: Արայիկին ողջ աշխարհը գիտի, նա անմեղ է ու սպանության հետ երբեք կապ չունի: Գյուղապետի հարազատությունն ասում է, որ Պետրոսյան եղբայրները սպանության հետ կապ չունեն: Չգիտեմ, սրանց պետք է անդրադառնան իրավապահ մարմինները»,- ասաց Արշալույս Պետրոսյանը՝ պնդելով, որ տղաները կապ չունեն սպանության հետ: Ավելին, նա նշեց, որ գյուղապետի ընտանիքի և անձամբ սպանված գույղապետի հետ իր ընտանիքն ու իր տղաները լավ, մարդկային փոխհարաբերություններ են ունեցել, երբեք խնդիր չեն ունեցել: Ըստ Արշալույս Պետրոսյանի՝ Պռոշյան գյուղում բոլորը վստահ են, որ իր որդիները մեղավոր չեն, նույնիսկ գյուղացիներն են ուզում ոտքի կանգնել, սակայն ինքը թույլ չի տալիս՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին:

Արայիկ և Արտակ Պետրոսյանների պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ գործը նախաքննության փուլում է, բայց իր պաշտպանյալներից ցուցմունքներ չեն վերցնում, տղաների հետ կապված քննչական գործողություններ չեն կազմակերպում, այդ թվում՝ առերեսում և այլն:

«Երկուսի դեպքում էլ հանցագործություն չեմ տեսնում, Արայիկի դեպքում որևէ ցուցմունք չկա, իսկ Արտակի վերաբերյալ կասեմ, որ մի քանի ամիս առաջ վիճաբանություն է եղել, այլ բան չկա, թեթևակի վիճաբանություն է եղել պարզապես: Այստեղ խուլիգանություն չեմ տեսնում: Որևէ տեղեկություն նույնիսկ չեն ներկայացրել, թե Արայիկ Պետրոսյանն առնչություն ունեցե՞լ է այդ հանցագործության հետ, թե՞ ոչ»,- նշեց փաստաբանը՝ շարունակելով, որ ապօրինություն է կատարվում, ապօրինի է և՛ մեղադրանքը, և՛ կալանքը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին: Նա մահացել էր քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նրա սպանության գործով կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Իսկ Արայիկ Պետրոսյանի եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը, ձերբակալվել է ավելի ուշ՝ մեղադրվելով խուլիգանության մեջ:

1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!