Ով, ումից է վրեժ լուծում.ՀԱԿ նախկին անդամները վերադառնո՞ւմ են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ով, ումից է վրեժ լուծում.ՀԱԿ նախկին անդամները վերադառնո՞ւմ են


Ով, ումից է վրեժ լուծում.ՀԱԿ նախկին անդամները վերադառնո՞ւմ են

 

Հեղինակ.

 

Ով, ումից է վրեժ լուծում.ՀԱԿ նախկին անդամները վերադառնո՞ւմ են

Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ կազմող կուսակցությունները վաղը կրկին քաղխորհրդի նիստ են հրավիրել, որին կմասնակցեն դաշինքը դեռեւս չլքած հինգ կուսակցության ներկայացուցիչները: Հիշեցնենք, ՀԱԿ դաշինքը վերջին վայրիվերումներից հետո ապրիլի 17-ին առաջին քաղխորհրդի նիստը անցկացրեց՝ ազդարարելով, որ ՀԱԿ քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները, շեշտելով, որ դա անելու է իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայտարարության հեղինակները ցանկացել էին շեշտել, որ մինչ այդ այս սկզբունքները ՀԱԿ-ում չեն գործել: Այս հայտարարությունը ստորագրել էին ՀԱԿ անդամ հինգ կուսակցությունների ղեկավարներ՝ «Ժողովրդավարական Հայրենիքը», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ», «Ժողովրդավարական ուժ», Հայաստանի կանաչների կուսակցություն և «Մարդու իրավունքներ-96» կուսակցություն: Քաղխորհրդի մասնակիցները կոչ էին արել նաեւ ՀԱԿ-ից հեռացած կամ վերջինի հետ հարաբերությունները սառեցրած կուսակցություններին հետ վերադառնալ եւ պայքարել ՀԱԿ հայտարարած նպատակի՝ երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ ռեժիմի կազմաքանդման համար: Այս նիստից հետո մամուլում գրվեց, որ ՀԱԿ-ում նպատակ են հետապնդում Ստեփան Դեմիրճյանին կամ Արամ Սարգսյանին բերել- դարձնել դաշինքի ղեկավար, եւ երկրում ստեղծել ընդդիմադիր նոր բեւեռ: Սակայն, եթե Ստեփան Դեմիրճյանը արձագանքել է այս խոսակցություններին, նշելով, որ ինքը պատրաստ է համագործակցել բոլորի հետ՝ թե ՀԱԿ դաշինքի, թե համանուն կուսակցության՝ ըստ ամենայնի շրջանցելով դաշինքը ղեկավարելու հարցը, ապա քար լռություն է տիրում Արամ Սարգսյանի կողմից: Նշենք, որ ՀԱԿ առաջին նիստից հետո Սոս Գիմիշյանը եւ Պետրոս Մակեյանը բանակցում եւ զրուցում են ՀԱԿ-ից հեռացածների հետ: Պարզվում է՝ զրույց է եղել նաեւ Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի հետ՝ վերոնշյալ նպատակը իրագործելու , ինչպես նաեւ վերջիններին ՀԱԿ ակտիվ գործընթացներում նորից ներքաշելու նպատակով: Ի՞նչ արդյունք են տվել այդ բանակցությունները, կընդլայնվի՞ նորից ՀԱԿ կազմը եւ, վերջապես, ի՞նչ է սպասվում վաղվա նիստում, որոշակի պարզաբանումներ տվեց Սոս Գիմիշյանը:Նա տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ վաղվա նիստը կրկին տեղի կունենա ԺՈՒԿ գրասենյակում.«Մենք ակտիվ բանակցությունների մեջ էինք այլ կուսակցությունների հետ եւ վաղվա նիստին պետք է քննարկենք այդ բոլորը»: Գիմիշյանի խոսքով բոլորն էլ դրական են արձագանքել իրենց կողմից նախաձեռնված գործընթացին.«Չկար մեկը, որ ասեր՝ դուք սխալ եք արել, հակառակը՝ նույիսկ ասում են, որ ճիշտ ճանապարհի վրա եք»: Հիշեցնենք, որ Դեմիրճյանի ՀԺԿ-ն թեպետ չի հեռացել ՀԱԿ-ից, բայց այս կուսակցության ներկայացուցիչներից որեւէ մեկը չի մասնակցել դաշինքի աշխատանքերի վերսկսումն ազդարարող նիստին: Կմասնակցե՞ն ՀԺԿ-ից.«Ես խոսել եմ Դեմիրճյանի հետ, ՀԱԿ-ի անդամության մասին Դեմիրճյանի մոտ որեւէ կասկած չկա: Չեն մասնակցում նիստերին, որոշակի ժամանակ ձեռնպահ են մնում, հավանաբար՝ ուզում են տեսնել՝ ինչպիսի պրոցեսներ կգնան, որպեսզի հետագայում կողմնորոշվեն», պատասխանում է Գիմիշյանը: Նա Բագրատյանի հետ էլ է պայմանավորվել եւ մոտ ժամանակներս կհանդիպեն, կխոսեն.«Արամ Սարգսյանն էլ դրական է վերաբերվում պրոցեսին, բայց որոշում դեռեւս չկա»:Գիմիշյանը նկատում է, որ չեն կարող դրական չարձագանքել.«Մենք ի՞նչ ենք անում, հինգ տարվա կառույցն ենք ուզում պահպանել: Վերջինը գնացել է ՀՀՇ-ն, ՀՀՇ-ի նման նախկինում այլ կառույցներ էլ են գնացել, բայց ոչ մեկ նախկինում չէր ասում՝ ես գնացի, Կոնգրեսը վերացավ: Միայն ՀՀՇ-ն է իրեն իրավունք վերապահում՝ ասելու մենք գնացինք, Կոնգրեսը չկա»:
«Մենք անվանման հետ կռիվ տալու նպատակ չունենք» ,-ասում է ՀԱԿ անդամը շարունակելով.«Երբ ամբողջովին կձեւավորվի մեր կառույցի շրջանակը, խելք-խելքի կտանք եւ անվան խնդիրն էլ կլուծենք: Հիմա չենք շտապում, որովհետեւ երբ ամբողջական լինի կազմը, հասկանանք՝ ովքեր ենք, նոր խմբով կորոշենք»:
Եթե հանկարծ Դեմիրճյանը կամ Արամ Սարգսյանը հրաժարվեն դաշինքը ղեկավարելուց,արդյոք ապագա կունենա՞ ՀԱԿ դաշինքը.«Ես ընդհանրապես չեմ մտածել այդ մասին, պետք է աշխատել, բազմաթիվ փորձեր են եղել համագործակցություն կազմակերպել կուսակցությունների միջեւ, հիմա կստացվի՝ լավ, չի ստացվի՝ ոչինչ: Ինքնանպատակ հո չի՞ համագործակցությունը: Քծնանքի եւ խարդավանքների վատ վերաբերմունքը պետք է բացառել, կոնկրետ որակի մարդիկ պետք է այստեղ հավաքվեն, սա է առաջնային խնդիրը, որոնք սկզբունք ու կարծիք ունեն, որ այդ կարծիքը ինքնանպատակ չէ, որ քո կարծիքը հնչեցնելով ընդամենը նպատակ ունենաս լավագույն լուծումները գտնելու: Եթե չհաջողվեց այդ տեսակը համախմբել, ամեն վատ բան էլ հնարավոր է, ինչպես եղավ նաեւ Կոնգրեսում»:
ՀԱԿ դաշինքը պահպանելու եւ ՀԱԿ դաշինքի անվան հարցը բարձրացնելուց հետո կարծիքներ հնչեցին, որ ընդամենը փորձ է արվում այսպես ասած վրեժ լուծել ՀԱԿ կուսակցությունից, եւ, հատկապես, նախընտրական շրջանում ակտիվությամբ փորձում հակաքարոզչություն իրականացնել ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ՀԱԿ կուսակցության դեմ:
«Ո՞ւմ ենք վատություն անում, ասում ենք հաջողություն իրենց, դա վրե՞ժ է: Ի սեր Աստծո, մենք ընդամենը սպասում էինք, որ իրենք իրենց համագումարը անեին, արձանագրեն, որ գնացել են, նոր մենք մեր քայլերը անեինք: Իսկ գուցե իրե՞նք են մեզանից վրեժ լուծում: Թե՞ իրենք մի մեծ բան են, իրենց կարելի է վրեժխնդիր լինեն: Իսկ գուցե իրենք են վրեժ լուծում մեր նկատմամբ: Գնացել են, առանձնացել, մեր անունն են գողացել, լոգոն էլ հետն էլ տարել են: Մինչեւ հիմա գնացողները ամեն ինչ թողում էին, միայն ՀՀՇ-ն գնալով իր հետ ամեն ինչ վերցրեց: Մանր մարդկանց զբաղմունք է, թող իրենք մտածեն՝ ում հետ ինչ վրեժ են լուծում»:
Անի Սահակյան

hayeli.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!