Կապանի քաղաքապետարանի այգին վերաձևափոխվում է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի քաղաքապետարանի այգին վերաձևափոխվում է


Կապանի քաղաքապետարանի այգին վերաձևափոխվում է

 

Հեղինակ.

 

Կապանի քաղաքապետարանի այգին վերաձևափոխվում է


Կապանի երիտասարդության սիրելի այգիներից մեկը վերաձևափոխման գործընթացի մեջ է։ Սոսիների ստվերում իրենց հանգիստը փնտրողներին այսուհետ ավելի հարմարավետ պայմաններ են սպասում։ Քաղաքապատերանի ծրագրի համաձայն՝ արդեն սկսվել է աշխատանքների երկրորդ փուլը։ Ըստ քաղաքապետի խորհրդական Տիգրան Թադևոսյանի՝ առաջին փուլում ամբողջապես հողն են փոխել, այժմ անցել են վերջնական աշխատանքներին։

«Փոխելու ենք ամբողջապես լապտերասյուները, դնելու ենք լրացուցիչ լապտերներ, որ այգին ձեռք բերի գիշերային լուսավորություն,տեղադրելու ենք ավտոմատ ջրամատակարարման համակարգ։ Մայիսի վերջին նախատեսում ենք ավարտել բոլոր աշխատանքները ։ Նաև ամբողջ քաղաքով մեկ ծաղիկներ ենք աճեցնելու»։


Այսպիսի աշխատանքներ կատարվելու են քաղաքի բոլոր այգիներում։ Մանկական զբոսայգում նախատեսվում է նաև սպորտային փոքրիկ տաղավար ստեղծել, որ տարբեր տարիքի երեխաներ հնարավորություն ունենան կանաչների մեջ խաղալուց բացի, նաև մարզվելու։ Ըստ քաղաքապետի խորհդականի չափազանց լուրջ խնդիր է ստեղծածը պահպանելու հարցը և իրենք պարզապես երիտասարդությանն են կոչ անում,որ հետևողական լինեն և օգնեն քաղաքի տեսքը պատշաճ պահելու։ Այսօր կարևոր նախագծերից է՝ Կապանը կանաչ դարձնելը։ Կտնկվեն 400ից ավելի ծառեր։

«Ցավոք, ինչպես նկատել եք, դրանց որոշ տոկոսը բնակիչների կողմից արդեն կոտրատվել է, մենք դրանք կրկին կփոխենք, որովհետև արդյունքում մենք պետք է և ուզում ենք ունենալ կանաչ ու թարմ քաղաք, քանի որ բնապահպանական խնդիրներ ունենք, ուզում ենք քաղաքը կանաչի մեջ տեսնել»,-շեշտեց քաղաքապետի խորհրդականը։

Քաղաքի խորդուբորդ մայթերն էլ են ծրագրերի նշանակետում։ Կենտրոնական հատվածը նորոգելուց հետո անցնելու են նաև այլ թաղամասերի։ Մտահղացում կա նաև Կապանի խորհրդանիշը կրող նստարաններ տեղադրել քաղաքի փողոցներում, ի դեպ , սա ևս երիտասարդների միտքն է, որ առաջարկել են քաղաքապետին։ Տիգրան Թադևոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ցանկացած առաջարկություն քննարկվում է քաղաքապետարանում և լավագույնները փորձում են իրականացնել։

Մ.Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!