Հրաչ Ջաբրայանի պատասխանը իրեն Կապանից "հեռացնել" ցանկացողներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հրաչ Ջաբրայանի պատասխանը իրեն Կապանից "հեռացնել" ցանկացողներին


Հրաչ Ջաբրայանի պատասխանը իրեն Կապանից "հեռացնել" ցանկացողներին

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Հրաչ Ջաբրայանի պատասխանը իրեն Կապանից "հեռացնել" ցանկացողներին


Դանդի Փրեշս Մեթալս Կապան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հերթական եռամսյակային մամուլի ասուլիսին էր հրավիրել մարզկենտրոնի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ընկերության ղեկավարը նշեց, նախորդ տարին անբարենպաստ էր, այն վնասը, որով աշխատել է ձեռնարկությունը, ստիպել է շատ սոցիալական և ներդրումային ծրագրեր կասեցնել։

«2014-ը, ճիշտն ասած, բավականին ծանր էր մեզ համար: Տարին փակել ենք արտադրության հսկայական նվազեցումներով: Արտադրել ենք մոտավորապես 403 հազ տոննա հանքաքար, ի դեմս պլանի, որ 565 հազ. Էր, այսինքն էական տարբերություն կա այդտեղ: Պլանավորել էինք տարին փակել մոտավորապես 64մլն վաճառքով, բայց փակել ենք 38,9 մլն վաճառքով»,-ներկայացրել է բանախոսը։

Իսկ այն հարցին, թե Ֆինանսների նախարարության ակտից բացի, էլ ինչն է խոչընդոտել ձեռնարկության լիարժեք աշխատանքին, ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանել է. պատճառը նաև սխալ կազմակերպված նախապատրաստական աշխատանքներն են եղել, սակայն վերջինս վստահ է, որ իրենց մոտ աշխատող տեղացի մասնագետները լավագույնն են իրենց գործում, և պարզապես ժամանակ է պետք , որ ընկերությունը հունի մեջ ընկնի։

«Կուզենայի անդրադառնալ 4 տարի առաջ տված խոստումիս, որ կգա մի օր, երբ միայն հայերը կղեկավարեն այս հիմնարկությունը։ Երբ ես Կանադայից ժամանեցի այստեղ, մենք ունեինք 26 օտարերկրացի աշխատակից, իսկ եթե նայենք 2005-2006՝ ունեցել են մինչև 80 օտարերկրացիներ, այսօր, ներառյալ ինձ, մենք ունենք միայն 14 օտարերկրյա աշխատակիցներ, որոնցից միայն 3-ն են ղեկավարության կազմի մեջ ։ Ղեկավարության մնացած 15 անդամները կապանցի հայեր են»,-շեշտել է Ջաբրայանը։

Ինչ վերաբերում է Ֆինանսերի նախարարության ակտին, տնօրենն այն թյուրիմացություն է համարում, և թեև գործը շարունակում է դատական ընթացքի մեջ մնալ, այնուամենայնիվ, վճարել այդ տուգանքը իրենք չեն պատրաստվում։

Ձախողումների հետ մեկտեղ, այնուամենայնիվ կարողացել են ընկերության 477 աշխատակցի աշխատավարձերը 5-ից 30%-ով բարձրացնել։ Տնօրենը շեշտում է, որ մոտ 300 աշխատակցի պարզապես պահում են՝ հաշվի առնելով քաղաքի սոցիալական պայմանները։ 2014-ի արդյունքներն ամփոփելով,Հրաչ Ջաբրայանն ավելացնում է, թեև խոչընդոտներ էլի կան, բայց 2015-ը ձեռնարկությունում լավատեսորեն են սկսել։ Առաջին խոշոր միջոցառումը, որ կնախաձեռնեն. Նվիրված է լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին և անցկացվելու է ապրիլի 11-ին, իսկ արդեն ապրիլի 24-ին ընկերությունը 24 ժամ դադարեցնելու է արտադրությունը։

Ձեռնարկության տնօրենն անդրադարձավ նաև, ինչպես ինքը նշեց,երկու տհաճ թեմաների, որոնց մասին չէր խոսի, եթե խոսքը չվերաբերեր ձեռնարկության աշխատակիցներին, այն էլ երիտասարդ աղջիկներին։ Բանն այն է, որ «Սյունյաց Երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը հոդված է հրապարակել և կապանցիների անունից դիմել ձեռնարկության տնօրենների խորհրդի գլխավոր նախագահ Ջոնաթան Գուդմանին՝ Ջաբրայանին հեռացնելու հարցը օրակարգային համարելով։

«Նախ այդ հոդվածի հեղինակը պիտի ամաչի, որ Կապանի երիտասարդուհիների հասցեին այդպիսի ելույթներ է ունեցել։ Գիտեք, փաստացիորեն չի խոսվում, բայց ես ասեմ, որ ժամանակին, երբ Մաքսիմ Հակոբյանը փող էր տալիս «Սյունյաց երկրին», Մաքսիմ Հակոբյանի մասին լավ բաներ էին գրում, երբ դադարեց փող տալ՝ սկսեցին իր և Վահե Հակոբյանի դեմ վատ բաներ գրել։ Երբ Սուրիկ Խաչատրյանը փող էր տալիս, շատ լավ բաներ էին գրում, երբ չտվեց, սկսեցին վատ գրել, հիմա էլի Սուրիկ Խաչատրյանի կողքին երևումա էդ խմբագիրը։ Ժամանակին, երբ լավ ծրագրեր է ներկայացրել «Սյունյաց երկիր»-ը, ես էլ նրանց որոշ ծրագրեր հովանավորել եմ, և իրենք լավ բաներ են գրել իմ մասին, բայց տենց չի որ, ես կուզենայի որևէ մեկին փող տալ, որ իմ մասին լավ գրեր։ Ես ուզում եմ, որ լրատվամիջոցները գրեն այն ինչ կա, եթե վատ բան եմ արել՝ վատ, լավ բան՝ լավ։ Վերջերս մեզ դիմել էին փողի համար և ես մերժել եմ։ Իրականությունն այս է։ Բայց շատ կլինի, որ զգույշ լինեն, որ մեր քաղաքի երիտասարդ-երիտասարդուհիների մասին ի՞նչ կգրեն, մանավանդ, երբ իմ ձեռնարկությունում աշխատում են այս քաղաքի լավագույն երիտասարդուհիները»։

-Ֆրիդոմ Կապան մակագրությամբ նամակները երբեք Կանադա չեն հասնի, ես այս ձեռնարկությունից կհեռանամ միայն այն օրը, երբ ինքս կորոշեմ, բայց Կապանը չեմ լքի, -հավելել է տնօրենը։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!