Կապանի Սյունիք համայնքում պահածոների գործարան է կառուցվում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի Սյունիք համայնքում պահածոների գործարան է կառուցվում


Կապանի Սյունիք համայնքում պահածոների գործարան է կառուցվում

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Կապանի Սյունիք համայնքում պահածոների գործարան է կառուցվում


Սյունիքի մարզում, հանրապետության գործադիր իշխանության աջակցությամբ, աննախադեպ ծրագիր է իրականացվում, 2015թ-ի մայիսից Սյունիք համայնքում կգործի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանը։ Հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի հիմնարկեքի արարողությունից հետո գործարարներն ու Սյունիքի մարզպետը հիմքի առաջին քարերն են դրել։ «Սյունիք ֆուդ»-ի հիմնումը ոչ միայն բանջարաբույծների համար է կարևոր, մթերքն իրացնելու հարցում. 100-ավոր գործազուրկ կապանցիներ և հատկապես կանայք աշխատատեղ կունենան՝ 100.000-ից ոչ պակաս աշխատավարձով։ Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոնական բանկի վարկային ծրագրով, որը սակայն կառավարության միջամտությամբ արտոնյալ պայմաններ կընձեռի։ Սուրիկ Խաչատրյանի խոսքով վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն տվել է համապատասխան հանձնարարականը գյուղնախարարին ու Կենտրոնական բանկին, և առաջիկայում վարկային ներդրումներով կիրականացվի նախաձեռնությունը։ Եվրոպական չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներով համալրված գործարանում մթերումն իրականացվելու է տարածաշրջանից, իսկ արտադրությունն իրացնելու հարցում մարզպետը խնդիրներ չի տեսնում։

«Արտադրանքն իրացնելու խնդիր այսօր չկա, մանավանդ, Մաքսային միության պայմանագրից հետո, Հայաստանի ամբողջ արտադրությունը, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքները Ռուսաստանի շուկայի համար 1% էլ չի կազմում, այսօր պիտի առիթից օգտվենք և փորձենք օգտագործել այդ հնարավորությունները և ինչ ունենք՝ արտահանենք Ռուսաստան»,- լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։

Կառուցվելիք գործարանի տնօրեն Արթուր Գևորգյանը նշեց, որ մինչև գարուն ձեռնարկությունն արդեն պատրաստ կլինի և մայիսից մրգի ու բանջարեղենի մթերում կկատարեն։ Արթուր Գևորգյանը ևս կարևորեց կանանց ներգրավվածությունը ծրագրում, շեշտելով, որ հանքարդյունաբերական քաղաքում աշխատատեղերն առավելապես եղել են տղամարդկանց համար։

Սյունեցի գործարար Սարմեն Սարգսյանն ասում է,որ այս նախագիծը սկսելուց առաջ բազում միջազգային սեմինարների է մասնակցել, վստահ է՝ ծրագիրը բավականին մեծ ներուժ ունի, և բոլոր հույսերն արդարացնելու է։

«Ընդհանրապես մեզ մոտ վարելահողերը ոչ օգտագործելի են դառնում, որովհետև մարդիկ չգիտեն իրենց բերքը որտեղ տանեն հանձնեն։ Իսկ պահածոների գործարան ստեղծելու նպատակն այն է, որ ազատագրված տարածքներում մարդիկ բավականին շատ լոլիկ-բանջարեղեն են մշակում, արդեն նախնական պայմանագրեր են կնքվել շատերի հետ, որ բերեն հանձնեն մեր մթերման գրասենյակին»,-ասում է գործարարը։

Ճարտարապետական նախագիծն արդեն պատրաստ է, մի քանի օրից արտերկրից ժամանած մասնագետների հետ սկվելու են կառուցապատման աշխատանքները։

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031