ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է


ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է

 

Հեղինակ.

 

ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է
լուսանկարը Ֆոտոլուրի.

Հանրային խորհուրդն այսօր քննարկեց Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի օգտագործման հարցը` մտագոգություն հայտնելով մամուլում հրապարակված ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Ատրպատական նահանգի միջև արոտավայրերի տրամադրման մասին պայմանավորվածությունների վերաբերյալ:

Ինչպես իր զեկուցում նշեց ՀԽ անդամ, գյուղատնտեսության և բնապահպանական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, Հանրային խորհուրդը փաստել է, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բախշման վերաբերյալ 2012 թվականի հաշվետվության՝ արոտավայրերի մակերեսը կազմում է 1056,3 հազար հեկտար, որից հեռագնա՝ 687,3 հազար հեկտար մերձգուղական՝ 369,0 հազար հա:

«Այդ արոտավայրերի տարածքը Խորհդրային Հայաստանին հնարավորություն էին տալիս պահել 2,1 միլիոն ոչխար, ներկայիս 670 հազարի փոխարեն, ինչը խոսում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին», - ասաց զեկուցողը:

Նրա խոսքով, հեռագնա արոտավայրերն այսօր իսպառ չեն օգտագործվում, իսկ մնացածն էլ՝ մասնակի են օգտագործվում: Գրեթե եռապատիկ նվազել է խոշոր անասնապահությունը, թեև նկատելի է կաթնատվության որոշակի մեծացում: Ըստ զեկուցողի, պետք է արդյունավետ դարձնել Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համատեղ ծրագրերը, մասնավորապես տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների արդիականացման հարցում:

Յուրի Ջավադյանը շեշտեց, որ Իրանի քաղաքացիների կողմից Սյունիքի կամ ՀՀ որևէ այլ մարզերի որևէ արոտավայր օգտագործելու մասին ցանկացած պայմանավորվածություն իրավական ուժ ունենալ չի կարող: «Անընդունելի է նմանատիպ ծրագրերի իրականացումն՝ անկախ իրավական ձևակեևպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին», - ասաց նա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ լրատվամիջոցների արձագանքից հետո կամ պայմանավորվածությունները չեղյալ հայտարարվեցին, կամ նման փաստաթուղթ չի եղել: Նա ևս համաձայնվեց մտահոգության հետ, որ իրանացի հովիվների հետ կարող էին գալ նաև ազգությամբ ադրբեջանցիներ, և դա կբերեր ազգային մեծ վտանգ: Միաժամանակ՝ ըստ ՀԽ նախագահի՝ պետք չէ թերևս խոչընդոտ սարքել օտարերկրյա ներդնողների համար, և այդ հարցը պետք է նուրբ լուծում գտնի:

ՀԽ անդամ Արմեն Տեր Տաճատյանն իր հերթին նշեց, որ պետք է հստակեցվեն օտարերկրյա ներդրողների կողմից կառավարվող հողօգտագործման կանոնները, չափանիշները, ինչպես նաև, թե ինչպես պետք է փոխհատուցվի բնությանը հասցված վտանգը: Նա նաև հանդես եկավ հայ-իրանական նման համաձայնագիր ստորագրած մարդկանց պատասխանատվության ենթարկելու առաջարկությամբ:

ՀԽ անդամ Հայկ Սարգսհանն էլ՝ ի պատասխան Յուրի Ջավադյանի, նշեց, որ փոխհատուցման և օգտագործման մեխանիզմներն արդեն կան: Վազգեն Մանուկյանն էլ հստակեցրեց, որ դեմ է ոչ թե օտարերկրյա մենեջմենթով հողօգտագործմանը, այլ՝ հայաստանյան արոտավայրերի՝ զանգվածաբար օգտագործմանը օտարերկրացիների կողմից:

Նա կարծիք հայտնեց, որ պետք է մշակվեն նաև այլ ծրագրեր, որոնք կնպաստեն բոլոր արոտավայրերի ամբողջական օգտագործմանը:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ այստեղ կա որոշակի օրենսդրական բաց, ինչը պետք է լուծում գտնի: «Եթե լրատվամիջոցներն աղմուկը չբարձրացնեին, այդ հովիվները կգային Հայաստան», - ասաց նա:

«Ափսոս, որ օրենքում կան ճեղքեր, որոնք փորձում են օգտագործել: Պետք չէ, որ լինենք խիստ իրավաբաններ, բայց պետք է հստակեցնել մեր դիրքորոշումը», - ի պատասխան նշեց Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհուրդը, ըստ այդմ՝ որոշեց շարունակել հարցի քննարկումը և այնպիսի լուծում գտնել, որ հնարավորություն տրվի օտարերկրյա ներդրումներին, բայց ոչ՝ ուղղակի օգտագործմանը:

Panorama.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!