Ի հիշատակ զոհված ազատամարտիկ Գագիկ Ալավերդյանի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ի հիշատակ զոհված ազատամարտիկ Գագիկ Ալավերդյանի


Ի հիշատակ զոհված ազատամարտիկ Գագիկ Ալավերդյանի

 

Հեղինակ.

 

Ի հիշատակ զոհված ազատամարտիկ Գագիկ Ալավերդյանի


Արցախյան պատերազմը կապանցի շատ որդիների կյանք խլեց , խլեց, որ այսօրվա սերունդը մարդասիրության ու հայրենասիրության չափանիշներ ունենա ։ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում ավանդույթ են դարձրել դպրոցի շրջանավարտ զոհված ազատամարտիկների անուններով դասարաններ անվանակոչելը։

Այսօր Գագիկի հերթն էր։ 1992թ. Ապրիլի 25ին , մարտական 8 ընկերների հետ Սյունիք գյուղի սահմանին զրահամեքենայի մեջ անմահացավ Գագիկ Ալավերդյանը։ Պատերազմի առաջին զոեհերից էր։ 25 տարեկանը դեռ չբոլորած քաջ հայորդին այդպես էլ չամուսնացավ ու ժառանգներ չունեցավ, սակայն իրենով հպարտացող հետնորդներով է հարուստ։ Իր հարազատ կրթօջախի 2րդ «ա» դասարանն անվանակոչվեց ի հիշատակ տանկիստ-մեխանիկ Գագիկի,աշակերտի,որին դպրոցում սիրել են բոլորը։ Իսկ անունը կրող դասարանի սաները հպարտությամբ ծաղիկներ դնելով Գագիկի շիրմին, կարծես խոստացան արժանապատվությամբ կրել նրա հիշատակը վառ պահելու առաքելությունը։

Ի հիշատակ զոհված ազատամարտիկ Գագիկ Ալավերդյանի


Միջոցառմանը ներկա էին Գագիկի հարազատները, հայրը, քույրը, զարմիկները...Նրանցից ոմանք գուցե չեն էլ հասցրել տեսնել հորեղբայր կամ քեռի Գագիկին, բայց հոր խոսքով, Գագիկը հենց այդ զավակների ու նրանց սերնդակիցների ապահով կյանքի համար էր կռվի դաշտ ելել։

« Մի անգամ ես ու ինքը զրուցում էինք, ասաց,- Պապա, եթե ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ պաշտպանի մեր Սյունեին, մեր Սոնային, մեր Տիգրանին...դժվարանում եմ ավել բան ասել, սա նրա վերջին խոսքերն էին...»,-բառերը հույզերում խեղդելով պատմեց Գագիկի հայրը՝ Վոլոդյա Ալավերդյանը։

Կրթօջախի տնօրեն Մարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աշակերտներին՝ Գագիկ Ալավերդյանի կերպարը լիարժեք ներկայացնելու համար և միացավ նրանց արդեն իր սրտի խոսքով։

«Սիրելի Գագիկ, դու գեղեցիկ, լավ մարզված,առողջ ու կրթված երիտասարդ էիր, և եթե ապրեիր մեր ժամանակներում, կդառնայիր խաղաղ ժամանակների առաջամարտիկներից մեկը,դրանում չենք կասկածում, բայց սրբություն սրբոց ծննդավայրդ քո և քեզ նմանների կարիքն էր զգում, և դու առանց վարանելու զենքը վերցրած գնացիր ու նահատակվեցիր հանուն հայրենի հողի։ Ու քո զենքով նոր սահման քարտեզագրեցիր և ապացուցեցիր, որ հենց այդ պահին է սկսվում սխրանքը»։

Բոլոր հյուրերին ներկայացնելուց հետո տնօրենը կարդաց հրամանն, ըստ որի 2013թ. ապրիլի 25ից կրթօջախի 2ա դասարանն իր վրա է վերցրել զոհված ազատամարտիկ Գագիկ Ալավերդյանի հիշատակը վառ պահելու գործը։

Մ. Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!