Չայրել, բայց կարդալ
Subscribe by RSS or Email


Չայրել, բայց կարդալ

 

Հեղինակ.

 

Չայրել, բայց կարդալ


Աքրամ Այլըսլիի «Քարե երազներ» ստեղծագործությունը, որը լույս տեսավ «Դրուժբա նարոդով» ամսագրում (2012, թիվ 12), մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում ու նրա սահմաններից դուրս, կարճ ժամանակում մի քանի հրատարակություն ունեցավ հայերեն։

Վեպի մասին արդեն ահագին գրվել է` Ադրբեջանում, Հայաստանում, Մոսկվայում։ Ես ուզում եմ մեկ-երկու հարցի մասին խոսել, որը շատերին են շփոթության մատնել։ «Քարե երազների» գլխավոր հերոսը` հայտնի ողբերգակ-դերասան, ով ծնունդով ագուլիսցի է (ադրբեջանական տարբերակով` Այլըս), ոչ միայն ցավ է ապրում հայերի կրած զրկանքների համար` սկսած անցյալ դարասկզբին թուրքերի իրականացրած էթնիկական զտումներից մինչև Բաքվի 1990 թվականի ջարդերը, այլև... խաչակնքվում է երազում ու սևեռուն գաղափար ունի տեսնել Էջմիածինը, որտեղ մտադիր է մկրտվել։ Ի՞նչ է սա նշանակում։ Որ Այլըսլին ոճրագործներին նույնացնում է մուսուլմանների, իսկ զոհերին` քրիստոնյաների հետ։ Որպես ադրբեջանցի` նա քավության է ձգտում զոհերի հավատն ընդունելով։ Ավելին,- ինքս չեմ հանդիպել, որ խոսվի այդ մասին,- բայց նա վեպը գրել է ռուսերեն, այսինքն` հրաժարվում է նաև մայրենի ադրբեջաներենից։ Բայց կա մի կարևոր հանգամանք ևս. «Քարե երազները» գրվել է 2006-2007-ին, առաջին անգամ տպագրվել` 2012-ին։ Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտից Ադրբեջան վերադարձնելուց, կոչումներ ու պարգևներ շնորհելուց, նրան համատարած ցնծությամբ ընդունելուց հետո` տեսնելով այդ «խելագար ռեակցիան և հայերի ու ադրբեջանցիների միջև բոլոր սահմաններն անցնող ատելության բորբոքումը», ինչպես ասում է գրողն ինքը։ Նա վեպում ևս չարագործությունը կապում է առողջ բանականությունից զրկված լինելու հետ. «Այլըսցի ամեն մի ընտանիքում... որը հայի տուն է խլել, հոգեկան հիվանդ կա»։

Արդյոք ադրբեջանական պաշտոնեությունն ու պլեբսը չպե՞տք է մոլեգնեին Այլըսլիի ուղերձներից։ Մոլեգնեին և, որպես ապացույց, որ մահացու մեղքով հպարտանալը հոգեգարության դրսևորում է, իշխող կուսակցության ղեկավար Գաջիևը պարգև պիտի խոստանար գրողի ականջը կտրելու համար, հավասակշռված քաղաքական ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեր, որ Գաջիևի վայրագ կոչը չի ազդի Ադրբեջանի միջազգային հեղինակության վրա, և Բաքվից մինչև Նախիջևան ու... Սումգայիթ վառեին Այլըսլիի գրքերը, որոնց թվում, ի դեպ, նույնիսկ չկար «Քարե երազները». այն, ըստ իմ տեղեկությունների, Ադրբեջանում գրքով չի էլ տպվել։

Վեպում տրվում է նաև հոգևոր առողջության կամ «մարդու» բնորոշումը։ Այլըսլիի հերոսը Բաքվում փորձել է իր համաքաղաքացիների ինքնադատաստանից փրկել մի հայի, բայց ինքն էլ է ծեծվել ու հայտնվել է հիվանդանոցում, անգիտակից վիճակում։ Բուժող բժիշկի կարծիքով, «այդպես կվարվեր յուրաքանչյուրը, ով իրեն մարդ է համարում։ Սակայն այդ քաղաքի բնակիչները, ասես խոսքները մեկ արած, ջանում էին հեռու մնալ այն բանից, ինչը կոչվում էր մարդկայնություն։ Թվում էր, նույնիսկ նրանց անշահավետ էր դարձել մարդկային դեմքը պահպանելը»։ Նույն չափանիշներից ելնելով` իրավապաշտպան Լեյլա Յունուսը, գրողին պախարակողների ադրբեջանական բանակին հակառակ, կարծում է, որ «Ռամիլ Սաֆարովից հետո հենց Աքրամ Այլըսլին է փրկում մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»։



Հետաքրքիր պատկեր են ստեղծում նաև «Քարե երազների» հայաստանյան արձագանքները, որոնց մեծամասնությունը վկայում է մեր հանրության ատրոֆիայի մասին։ Օրինակ, Գրողների միության գրողները չլռեցին, համերաշխություն հայտնեցին Այլըսլիին։ Իհարկե, դա «Մարտի 1» չի, որ լռեին, նույնիսկ «Մաշտոցի պուրակ» չի. թիրախն Իլհամ Ալիևն էր, ադրբեջանցիները, որոնցից հուսալիորեն պաշտպանված են փակ սահմաններով։ Գուցե չշտապեին, եթե տեղյակ լինեին, որ խեղճ Այլըսլին 1991-ին դիմում գրել-դուրս է եկել ադրբեջանական Գրողների միությունից։ Թվում է, որ չափից դուրս ակնհայտ էր, որ հայերի պաշտպանությունն Այլիսլիին ամենաշատն է ձեռնտու ադրբեջանցի մոլեռանդ ազգայնականներին, որոնք վայնասուն են բարձրացրել, թե գրողը ջուր է լցնում «թշնամու» ջրաղացին, ուրեմն, Հայաստանի գրողների միություն կազմակերպությունն առավել ևս չպետք է շտապեր։ (Ինքս այդ միության անդամ չեմ, ուստի չէի կարող որևէ կերպ ազդել որոշումների վրա)։

Մեկ ուրիշ փաստ` վեպի մի քանի թարգմանությունն ու լույսընծայումը մի քանի ամսում խոսում է հայ ընթերցողների հետաքրքրությունների ու հրատարակչությունների սահմանափակության մասին։ Ամեն տարի բազմաթիվ հեղինակներ միջազգային համբավ են ձեռք բերում, բայց մեր ընթերցողը չի պահանջում նրանց գրքերը թարգմանել, հայ հրատարակիչներն էլ չեն շտապում առաջարկել (հազվադեպ բացառություններով)... եթե միայն ռուսական խիստ առևտրային շուկայի բեսթսելերների թվում չեն հայտնվում։ Սփյուռքն էլ նույն համերաշխությամբ կլանում է Ցեղասպանության մասին հերթական գիրքը, և խորն անտարբերությամբ է ընդունում այսօրվա, մեղմ ասած, բազմահոգ Հայաստանը պատկերող ստեղծագործությունները, որ ինչ-որ հրաշքով տպվում են օտար լեզուներով։

Մյուս արտառոց բանն ինձ համար կասկածանքի ալիքն էր մեր մեդիայում, թե արդյոք հայ գրողներն ընդունա՞կ են նույն սխրանքին, ինչ Այլըսլին։ Նախ պետք է հիշել ֆիզիկայի օրենքը` հակազդեցությունը միշտ պայմանավորված է հարվածի ուժով։ Այսինքն, եթե Հայաստանում ազգայնամոլության նույն աստիճանը լիներ, ինչ Ադրբեջանում, դա կարող էր առաջացնել Այլըսլիի մակարդակի պոռթկումներ։ Բայց։ Մի կողմից մեր վիճակն է որոշ չափով բարվոք, մյուս կողմից էլ պատմական ճակատագրի բերումով վերջին հարյուրամյակների մեր պայքարը եղել է ազգային-ազատագրական, մեր զինյալները եղել են ապստամբներ, վրիժառուներ, և հարգի չեն եղել ու հարգի չեն քնած մարդուն կացնահարողները... Այնուհանդերձ Երվանդ Օտյանը «Ընկեր Փանջունի» է գրել, Գուրգեն Մահարին` «Այրվող այգեստաններ», իսկ 1988-ի համազգային շարժումն էլ ընթացել է հին ու նոր կուռքերի ապաառասպելականացման ճանապարհով, ինչը կասեցվեց «Մեկ ազգ – մեկ մշակույթի» նման փուչ միջոցառումներով։ Ես կարող էի թվարկել նաև ժամանակակից հայ գրողների, ովքեր դեմ են գնացել քարացած ավանդույթներին, բայց խնդիրն այն է, թե էդ կասկածողները կարդու՞մ են նրանց գրքերը, կարդացե՞լ են նույն Օտյանի «Անիծյալ տարիներ» վեպը, որտեղ ցեղասպանության սարսափներին հակառակ գրողը իր հանդիպած բոլոր թուրքերին ընկալում է որպես մարդու և ոչ` թշնամի ցեղի հերթական ներկայացուցչի։ Վեպ, որ տպագրվել էր 20-ականներին որպես թերթոն ու... կորել «հայ ընթերցողի» համար, և Վիենայի Մխիթարյանների գրադարանից հայտնաբերվեց մի քանի տարի առաջ։ Լույս տեսավ 500 օրինակով։ Պակաս կարևոր չէ նաև, թե գրողներից խիզախություն պահանջողներից քանի՞սն են իրենց տեղում` որպես լրագրող, քաղաքական գործիչ, քաղաքացի, դեմ գնացել հոսանքին։

Գրողներին իրենց հեղինակած գրքերը վառելու պատիվ անում են բռնապետությունները։ Բայց Ռեյ Բրեդբերին ասում է. «Կան ավելի վատ հանցագործություններ, քան գրքեր վառելը։ Օրինակ` դրանք չկարդալը»։ Ես չեմ ասի`ավելի լավ կամ ավելի վատ. Իմ կարծիքով, Այլըսլիի վեպը «մարտահրավեր» է բոլոր մասնակիցներին այն ամբողջ մոգական շրջապտույտի, որը կոչվում է ազգային մշակույթ։

Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:

Վահրամ Մարտիրոսյան

http://ejournal.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!