Հայկական հարցը պետք է դուրս բերել ռուս-թուրքական դաշինքի ճիրաններից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայկական հարցը պետք է դուրս բերել ռուս-թուրքական դաշինքի ճիրաններից


Հայկական հարցը պետք է դուրս բերել ռուս-թուրքական դաշինքի ճիրաններից

 

Հեղինակ.

 

Հայկական հարցը պետք է դուրս բերել ռուս-թուրքական դաշինքի ճիրաններից


Հայկական հարցը վաղուց դարձել է տարբեր առաջատար պետությունների համար հարմար լծակ՝ Թուրքիայի հետ հարաբերություններում: Ընդհանրապես, տպավորություն է, որ Հայկական հարցից օգտվում են բոլորը, բացի Հայաստանից: Հայաստանն այս հարցում միջազգային ասպարեզում կարծես թե ունի ընդամենը «իրեղեն ապացույցի» դեր, եւ ոչ ավելին:
Իհարկե, նախեւառաջ դա գալիս է Հայաստանի պաշտոնական շրջանակների, քաղաքական դասի եւ սփյուռքի կազմակերպությունների որակներից ու պահվածքից, որը հանգում է գործընկերների քաղաքական նպատակներին դեմ չգնալուն, չցուցաբերելով որեւէ նախաձեռնություն, որը դուրս լիներ վերահսկողությունից:

Մյուս կողմից, արտաքին շահագրգիռ կողմերի նման պահվածքը նույնպես հասկանալի է, եւ անհնար է դա բացառելը: Հայաստանը չի կարող դեմ գնալ այդ տրամաբանությանը, բայց եւ պարտավոր է իր համար «զտել» արտաքին կողմերի քաղաքական նպատակները, որպեսզի ապագա զարգացումներում պատրաստ լինի ցանկացած շրջադարձի:

Այս առումով, շատ կարեւոր է ճշգրտել մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայկական հարցի վերաբերյալ: Հայաստանում, հասկանալի պատճառներով, կա մտայնություն, որ Թուրքիան եւ Արեւմուտքը հայերի դեմ են, եւ միայն Ռուսաստանի շնորհիվ է փրկվել Հայաստանի մի մասը: Սակայն, պատմական փաստերն ու տրամաբանությունը հուշում են հակառակը: Մասնավորապես, Ռուսաստանը չի փորձել կանխել հայերի տեղահանությունն ու ջարդերը, եւ ավելին, ինչ որ առումով օգնել է Թուրքիային՝ իրականացնելու այդ նպատակները:

Հետագայում, երբ Արեւմուտքը վերաձեւում էր Օսմանյան կայսրությունը, եւ Սեւրի պայմանագրով նախատեսված էր նաեւ Հայաստանի պետական կազմավորումը, Թուրքիային միայն Ռուսաստանի աջակցությամբ հաջողվեց կանխել դա: Ռուսաստանը Թուրքիայի կառավարությանն ու ուժասպառ բանակին օգնում էր զենքով, զինուժով եւ այլնով: Եւ 1921 թվականին Մոսկվայում կնքվեց միջազգային իրավունքի տեսակետից անօրինական ռուս-թուրքական պայմանագիրը, որով Ռուսաստանը ճանաչեց Թուրքիային, եւ որով Թուրքիային անցան հայկական տարածքները եւ ամրագրվեցին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայիս սահմանները:

Հայաստանը մինչ օրս այդ սահմանը չի ճանաչել: Սակայն, ի նշան բարեկամության՝ Ռուսաստանն ու Թուրքիան 2011 թ. Մոսկվայում վերահաստատեցին իրենց հավատարմությունն այդ պայմանագրին:
Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես սրվել ու կարգավորվել են հայերի ու հայաբնակ տարածքների հաշվին: Վերջին տարիներին էլ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցում է հայկական շահերի հաշվին, մասնավորապես փորձ արվեց Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին:
Որքան վատանում են Թուրքիայի ու Արեւմուտքի հարաբերությունները, այնքան ամրապնդվում են ռուս-թուրքական կապերը: Այդպես էր վերը նկարագրված ժամանակաշրջանում, այդպես է ներկայում, այդպես է լինելու նաեւ ապագայում, երբ դրվելու է Թուրքիայի մասնատման հարցը:
Միջազգային ասպարեզում հայկական պահանջատիրությունը չեզոքացնելու հարցում Անկարայի դաշնակիցը Մոսկվան է: Ռուսաստանն առայժմ կարողանում է չեզոքացնել հայկական հարցով բոլոր նախաձեռնությունները, այդ թվում նաեւ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը, օգտագործելով Հայաստանի իշխանության վրա իր լծակները եւ 5-րդ շարասյունը՝ հայկական ծագման ռուսամետ փորձագետներին ու Ռուսաստանի հայերի միությանը, որոնց խնդիրն ամեն գնով Ռուսաստանի շահերի լոբբինգն է, ի հաշիվ հայկական շահերի:

Սակայն, ժամանակները փոխվում են, Հայաստանում արդեն սկսում են ավելի առարկայական քննարկել իրական խնդիրները եւ մոտեցումները: Հայաստանի քաղաքական դասը պարտավոր է դուրս գալ պարտադրված կաղապարներից ու գործելակերպից, եւ Հայկական հարցը դարձնել սեփական զենքը, դուրս գալով «իրեղեն ապացույցի» եւ մուրճի ու սալի արանքում հայտնվելու «դերից»:

Թուրքիայի մասնատումը կարող է քաղաքական իրականություն դառնալ, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, հերթական անգամ փլատակների տակ չմնալու համար: Արեւմտյան Հայաստանում չդիմադրեցինք, որովհետեւ ինչ որ մեկը համոզել էր, թե Ռուսաստանը պաշտպանելու է հայերին: Ղարաբաղում դիմադրեցինք ու հաղթեցինք, որովհետեւ նման պատրանքներ չկային, առավել եւս, որ Ռուսաստանը կռվում էր հայերի դեմ, Ադրբեջանի կողմից:
Եւ մի բան էլ՝ ցարական լինի, կոմունիստական, դեմոկրատական, թե «ինքնիշխան դեմոկրատիայի», Ռուսաստանը նույն քաղաքականությունն է վարում, եւ դա բնական ու տրամաբանական է: Հայաստանի ու Ռուսաստանի շահերը տարածաշրջանում հակասում են միմյանց, սա պատմական օրինաչափություն է եւ անհնար է այլեւս անտեսել, հայ-ռուսական նոր հարաբերությունները կառուցելիս:

http://lragir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!