Նոր միջնորդությունների համար Դավիթ Վարդանյանի դատական նիստը կրկին հետաձգվեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր միջնորդությունների համար Դավիթ Վարդանյանի դատական նիստը կրկին հետաձգվեց


Նոր միջնորդությունների համար Դավիթ Վարդանյանի դատական նիստը կրկին հետաձգվեց

 

Հեղինակ.

 

Նոր միջնորդությունների համար Դավիթ Վարդանյանի դատական նիստը կրկին հետաձգվեց


Կայացավ Դավիթ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։ Նախորդ անգամ հետաձգվել էր դատապաշտպանի միջնորդության համաձայն, ըստ որի պետք է ներկա լինեն դատական բժիշկներն ու վկայություն տան։ Մարտի 28-ի նիստին Դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը վկայություն տվեց ։ Վերջինիս հետ փորձում էին պարզել, թե որքան ժամանակ կարող էր թմրանյութն աղիքներում մնալ։ Այդ հարցերի օգնությամբ դատապաշտպանը փորձում էր ապացուցել, որ թմրանյութն անբաստանյալը ավելի ուշ էր կուլ տվել, քան նշված էր բացատրությունում։

Ինչպես իր ցուցմունքում Դավիթն էր նշել, թմրանյութով մատնոցը կուլ էր տվել, երբ ճանապարհին հանկարծակի նկատել էր, որ իրենց տաքսի ավտոմեքենան երկու կողմից ոստիկաններով է շրջապատված։ Իսկ բացատրության մեջ նշված է, որ Դավիթ Վարդանյանը հանրապետության սահմանը հատելուց առաջ է կուլ տվել թմրամիջոցը։ Եվ քանի որ բացատրությունը նրա ձեռքով չի գրվել, այլ Ոստիկանության կապիտան Զորիկ Վարդանյանի, պաշտպանող կողմը միջնորդեց բացատրությունը հիմնական ապացույց չհամարել։

Դատապաշտպանի խոսքով, նշված բացատրությունը վերցվել է այն հանգամանքներում, երբ ապօրինաբար պաշտպանյալին 26 ժամ Ոստիկանությունում են պահել, որի ընթացքում նրան խաբել,սպառնալիքներ են տվել, զրկել են փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունից և վերջապես, ըստ փորձագետի եզրակացության, այդ ժամանակ նա եղել է թմրեցուցիչ նյութն օգտագործած վիճակում, ինչն էլ կասկածի տակ է դնում նրա հիշողության, երևույթներն ընկալելու, վերարտադրելու , իր գործողություններին հաշիվ տալու և ղեկավարելու ունակությունները։

«Նախկին վկան, կապիտան Զորիկ Վարդանյանը էդ ինչպես կարող էր բացատրության մեջ այս գործի մեխի՝ թմրանյութի մասին ոչինչ չարձանագրել։ Ինչի բացատրություն է վերցրել մի ամբողջ օր՝ երկու էջից, բայց որ դա է մեխը, դրա մասին բացատրության մեջ ընդհանրապես բան չկա գրած,որ Դավիթ Վարդանյանը հայտարարեց իր մոտ կա։ Եթե հայտարարած լիներ, բա ինչի՞ չես արձանագրել, բա ինչի՞ ես նրան 26 ժամ պահել անհիմն տեղը»։

Միջնորդությունն առարկվեց և չընդունվեց դատարանի կողմից, քանի որ ինչպես դատավոր Նապոլեոն Օհանյանը պահանջեց, դատապաշտպանը չկարողացավ հաստատել այն փաստը, որ որպես հիմնական ապացույց մեղադրող կողմը բացատրությունն է համարել։

«Ես ընթերցում եմ Ձեր նշածը. «Վարդանյանից վերցրած բացատրությունը որպես ապացույց օգտագործամ անթույլատրելիությունը ճանաչել»։ Որտե՞ղ է բացատրությունը ճանաչվել որպես ապացույց, ես այդ եմ ուզում իմանալ։ Որտե՞ղ է, որ պետք է քննիչը որոշում կայացներ բացատրությունը ճանաչել ապացույց և կցել գործին, կա այդպիսի բան և որտեղ է նշված։ Չկա։Ուրեմն Ձեր միջնորդությունն անհիմն է»,-շեշտեց դատավորը։

Պաշտպանողը նաև միջնորդել էր որպես վկաներ ցուցմունք տալու համար դատարան հրավիրել Դավիթ Վարդանյանին մաքսային զննում կատարած Մեղրու մաքսակետի մաքսավորներին։ Սակայն մեղադրող կողմը դատարանին ներկայացրել էր իր դիրքորոշումը, ըստ որի մաքսավորներին հրավիրելու կարիք չկա, քանի որ դա տակտիկական օպերացիա էր,որը ենթադրում էր բացահայտել թմրանյութերի իրացման խնդիրը ։ Դատարանը որոշեց, որ պաշտպանողի միջնորդությունը անհիմն է։ Սակայն այս անգամ դատական նիստը հետաձգվեց մեղադրող կողմի միջնորդությամբ, ըստ որի նոր միջնորդություններ ներկայացնելու համար ժամանակ է պետք։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 8-ին։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!